ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տոներին սնվենք չափավոր
21:00 10.01.2019

Տոներին սնվենք չափավոր

Ամանորի տոնական օրերին, ընդհուպ մինչև հին նոր տարին, բնակչության շրջանում շատանում են բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերը: Բժիշկ Սամվել Մկրտումյանից փորձեցինք պարզել, թե այս օրերին ինչպես խուսափել նման դեպքերից:

«Նոր տարին մենք միշտ նշում ենք շատ ճոխ: Սեղաններին պարտադիր լինում են մի շարք ճարպաշատ ճաշատեսակներ: Պետք է փորձել օրգանիզմը նման շատ յուղայնություն պարունակող ճաշատեսակներով չծանրաբեռնել: Կարևոր գործոն է մթերքների պիտանիության ժամկետի մեջ լինելը։ Յուրաքանչյուր ապրանք գնելիս պարտադիր ստուգեք պահպանման ժամկետը: Մյուս կարևոր գործոնը արդեն պատրաստի սննդի պահպանումն է: Թե՛ հում և թե՛ պատրաստի սննդամթերքը պետք է պահել համապատասխան ջերմաստիճանային պայմաններում: Մենք պետք է հստակ իմանանք, որ պատրաստի սննդամթերքը առավել ևս ունի պահպանման ժամկետ: Ամենավտանգավորը աղցաններն են, որոնք ունեն 16 ժամ պահպանման ժամկետ, այն էլ՝ սառնարանում: Պետք է պատրաստենք այնքան, որքան ուտում ենք։ Կրեմային խմորեղենը ևս վտանգավոր է երկար պահպանել, որովհետև կրեմները շատ շուտ փչանալու հակում ունեն: Միշտ վերահսկել է պետք մսամթերքը, կաթնամթերքը և կրեմային խմորեղենը: Հետտոնական օրերին ավելի շատ պետք է նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերին», - ասում է բժիշկը:

Այս օրերին մեծանում է նաև խմիչքային թունավորումների հավանականությունը: «Պետք չէ խառնել միաժամանակ մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներ: Գնելիս էլ անպայման պետք է ուշադրություն դարձնել խմիչքի պիտակավորմանը՝ ակցիզավորմանը: Առանց համապատասխան ակցիզավորման խմիչք գնելը կարող է հանգեցնել թունավորման»:

Իսկ ինչպե՞ս նկատել թունավորման նախանշանները և ճիշտ ժամանակին միջոցառումներ ձեռնարկել:

«Սննդային թունավորման նախանշանները կարող են ի հայտ գալ անորակ սննդի օգտագործումից կես ժամ անց, բայց հաճախ առաջին նշանները հայտնվում են 4-6 ժամում, երբեմն նաև մեկ օր անց: Առաջին նշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն և փսխումներ: Ինչպես նաև ընդհանուր թուլություն, գլխապտույտ, մարմնի ջերմության բարձրացում և ցավեր ստամոքսի շրջանում: Առաջին կանխարգելիչ քայլը ստամոքսի լվացումն է: Դրա համար անհրաժեշտ է պատրաստել 8-10 լիտր քանակությամբ լուծույթ (այն պետք է լինի 35 - 37 °C): Պետք է խմել 2-6 բաժակ լուծույթ և արհեստական փսխման միջոցով մաքրել օրգանիզմը: Այս ամենից հետո ցանկալի է գոնե մի քանի օր օգտագործել միայն դիետիկ սնունդ (բանջարեղեն, բրինձ և մսաջուր)», - ասում է Սամվել Մկրտումյանը:

Ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն հաճախ պարտադիր է դառնում նման դեպքերում բժշկին դիմելը: Դրանք այն դեպքերն են, երբ, բացի վերևում նշված նախանշաններից, լինում է նաև ուժեղ գլխացավ, շատ բարձր ջերմություն, երբ թունավորման պատճառ կարող է լինել սունկը և երբ այս բոլոր նշանները շարունակում են պահպանվել մի քանի օրվա ընթացքում:

Թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը սնունդ պատրաստելիս հիգիենայի ապահովումն է, մթերքների ճիշտ պահպանումը և տարրական զգոնությունը:

Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունից տեղեկացանք, որ հունվարի 8-ի դրությամբ մարզկենտրոնում թունավորման դեպքերի վերաբերյալ կանչ չի գրանցվել։

Սոնա Օհանջանյան

21:00 10.01.2019

Ամենաշատ ընթերցվածները