ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարզպետի ուշադրության կենտրոնում գյուղերն են
15:00 11.01.2019

Մարզպետի ուշադրության կենտրոնում գյուղերն են

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անակնկալ այց կատարեց Կապան խոշորացված համայնքի Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքին Հանդ գյուղական բնակավայրեր: 
Այցելությունների ընթացքում մարզի ղեկավարը եղավ բնակավայրերի դպրոցներում՝ ծանոթանալով կրթօջախների շենքային պայմաններին ու խնդիրներին, ինչպես նաեւ զրուցեց իրեն հանդիպելու եկած բնակիչների, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, լսեց գյուղացիների բողոքներն ու բարձրացրած հարցերը: 
Մարզպետն այցի շրջանակներում ծանոթացավ նաեւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատանքներին. մասնավորապես Շիկահողում նա այցելեց պետարգելոցի նախկին վարչական շենքում գործող այցելուների կենտրոն, որտեղ զբոսաշրջիկների գիշերակացի համար պայմաններ են ստեղծվել: 
Ներքին Հանդում Հունան Պողոսյանը եղավ Սոսիների պուրակում, այստեղի տնկարանային տնտեսությունում, հետաքրքրվեց տարածաշրջանում զբոսաշրջության ներկա վիճակով եւ զարգացման հնարավորություններով: 
Ծավում հանդիպելով «Հայանտառի» Կապանի կառույցի ղեկավարությանը՝ մարզպետը զրույց ունեցավ տարածաշրջանի գյուղացիներին ամենաշատը հուզող խնդրի՝ վառելափայտի բաշխման գործընթացի մասին: 
Ծավում մարզի ղեկավարն այցելեց նաեւ այստեղ գործող լավաշի թխման արտադրամաս, որի շնորհիվ գյուղում 12 աշխատատեղ է ստեղծվել ու զրուցեց դրա հիմնադրի ու աշխատակիցների հետ:

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

15:00 11.01.2019