ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իսպանիայում հայկական մեծ հանցախումբ է բացահայտվել
19:00 11.01.2019

Իսպանիայում հայկական մեծ հանցախումբ է բացահայտվել

Իսպանիայի իրավապահ մարմինները հայտարարել են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ մեղադրվող հանցախմբի բացահայտման մասին։ Ինչպես գրում է BBC-ն, 15 մարդ ձերբակալվել է՝ հայկական հանցավոր խմբավորման հետ պայմանավորված խաղեր անցկացնելու համար։

Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ հանցակազմի հետ կապված է 83 մարդ, որոնցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ։ Նրանցից մեկն էլ, ըստ տեղեկությունների, նախորդ տարի մասնակցել է ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը։

Ձերբակալվածների մեջ է իսպանացի թենիսիստ, 36-ամյա Մարկ Ֆորնել Մեստրեսը։ Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է թենիսի ասպարեզում կոռուպցիայի դեմ պայքարող Tennis Integrity Unit-ի կասկածների պատճառով։

Եվրոպոլ գործակալությունը հայտնել է, որ Իսպանիայում իրականացվել են 11 տների խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել է 167 հազար եվրո կանխիկ գումար, հրազեն, ինչպես նաև գործի հետ կապված 50 էլեկտրոնային սարքեր, կրեդիտ քարտեր, 5 շքեղ մեքենա ու փաստաթղթեր։ 42 բանկային հաշիվներ սառեցվել են։

«Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին՝ երաշխավորելու նախապես պայմանավորված արդյունքները և օգտագործել հազարավոր մարդկանց ինքնությունը՝ խաղադրույքներ անելու համար։ Հայ անհատների հանցավոր խումբն օգտագործել է պրոֆեսիոնալ թենիսիստներին, որոնք հանդես են եկել որպես միջնորդ հանցախմբի ու մնացած հանցավոր խմբավորման միջև»,-հայտնել է Եվրոպոլը։

Նշվում է, որ 15 ձերբակալվածների մեջ են նաև կազմակերպության ղեկավարները, սակայն նրանցից ոչ մեկի անունը չի հաղորդվում։

Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ըստ իրենց տեղեկությունների, հանցախոuմբը գործել է 2017թ.-ի փետրվարից։

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 11.01.2019