ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գյուղը պահե՛ք, որ նա էլ ձեզ պահի
20:00 12.01.2019

Գյուղը պահե՛ք, որ նա էլ ձեզ պահի

«Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տալիս, մնում է հավատանք։ Եթե նրան չխանգարեն, 10 տարի հետո ԱՄՆ-ի նման երկիր կդառնանք։ Հուսով եմ՝ լավ երկիր ենք տեսնելու, եթե մենք չհասցնենք, գոնե երիտասարդները տեսնեն», - գյուղի՝ 1884թ․ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճանապարհին մեզ հանդիպած նորաշենիկցի Մելսիկ Ղազարյանն է ասում։ Իսկ մեր զրույցի պահին ուժեղ սուլող քամին հեռվից մեզ է հասցնում վերջին շրջանում ակտուալ դարձած «դուխով» երգի հնչյունները․․․

Ժամանակին անասնապահությամբ էր զբաղվում, բայց հիմա առողջական խնդիրների պատճառով չի կարողանում զբաղվել այդ գործով, ինչպես ինքն է ասում, ցուրտ ձմռանը վառարանի ջերմությունից ավելի հաճելի բան չկա։ Այս օրերին տանից դուրս գալու հիմնական և պարտադիր պատճառներից մեկն էլ հավերին կերակրելն է․․․

Մրջյունների՞, թե՞ թշնամու պատճառով

Կապանից 18 կմ հս-արլ՝ Աճանան գետի ձախ մասում է գտնվում Նորաշենիկ գյուղը, որը որոշ աղբյուրներում հայտնի է նաև Նորաշեն անունով։ «Գյուղը, ըստ Աղամիր Աղամիրյանի, կոչվել է Լանջլառ, բայց դրանից առաջ մեկ այլ անուն էլ է ունեցել՝ Աղբին։ Այստեղ խոյի պաշտամունք է եղել, վկայող արձանը պահվում է երկրագիտական թանգարանում։ Սա նշանակում է, որ անհիշելի ժամանակներից են այստեղ բնակություն հաստատել։ Գյուղի գերեզմանատան տարածքում՝ ներկայիս Նորաշենիկ գյուղից արլ է գտնվել Լանջլառը, որտեղ 1615 թ․ թվագրվող բազիլիկ ոճի եկեղեցու ավերակներ կան», - ասում է դպրոցի պատմության ուսուցիչ Ալբերտ Թումանյանը։ Այսօրվա Նորաշենիկի տարածքում հայերի վերաբնակեցման մասին վկայող երկու տարբերակ կա։ Ըստ առաջին վարկածի՝ հին գյուղի տարածքում այնքան էին բազմացել մրջյունները, որ այդտեղ անհնար էր դարձել ապրելը, և մարդիկ ստիպված փոխել են բնակության վայրը։ Ըստ երկրորդ տարբերակի՝ այդ ձորերում ապրող մուսուլմանական խաժամուժի հարձակման մասին տարածքի՝ դեմ դիմաց գտնվող գյուղերը իրար ազդանշան էին տալիս մշալա (ջահ) վառելով, իսկ Նորաշենիկը հեռու էր և չէր տեսնում դա՝ ամենից շատը տուժելով։ «Ըստ իմ ունեցած տվյալների՝ Դավիթ Բեկի՝ 1725թ․ Կապան մտնելուց հետո են մարդիկ հաստատվել ներկայիս Նորաշենիկի տարածքում՝ ստրատեգիական նկատառումից ելնելով», - վկայում է պատմության ուսուցիչը։

Պատմության ուշագրավ դեպքերը թողնելով մի կողմ՝ նշենք, որ այսօրվա Նորաշենիկը ծովի մակարդակից 1030-1050 մ բարձրության վրա է գտնվում։ Ընտրացուցակով հաշվառված է 93, իսկ ժամանակավոր՝ ևս 13 հոգի, բայց փաստացի բնակվում է 55-56 մարդ, հիմնականում՝ մեծահասակներ։

Մինչև Նոր տարվա կապակցությամբ անասունների մորթ իրականացնելը, խոշոր եղջերավոր անասունների թիվը գյուղում 85-86 էր,  որի զգալի մասը բաժին է ընկնում գյուղում ֆերմա ունեցող երկու ընտանիքի։ Մանր եղջերավոր անասուն չկա, որոշ ընտանիքներ զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։ Ինչպես գյուղի վարչական ղեկավար Ռոմա Ավանեսյանն է ասում, այլ աշխատատեղեր չկան։ Միջին գոտի է, նպաստավոր պայմաններ կան բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար։ Իսկ պատմամշակութային և տեսարժան վայրերի շնորհիվ կարելի է տուրիզմը զարգացնել։

Մեխանիզացիայի պարկ ունենալը նախևառաջ բիզնես է

«160 հա վարելահող ունեցող Նորաշենիկում 5-6 հա-ն է մշակվում, իսկ դրա «մեղավորության» 15-20 %-ն է բնակիչներինը, մնացածը կառավարությանն է։ Դիզվառելիքը թանկ է, սերմացուն՝ անորակ, մեխանիզացիա էլ չկա։ Ինքս սեփականաշնորհել եմ հողեր, բայց չեմ կարողանում վարել։ Այսպես որ շարունակվի, մի քանի տարի հետո այդ հողերը մշակելու ցանկություն ունենալու դեպքում բոլորովին այլ տեխնիկա հարկավոր կլինի, որը կկարողանա այդ տարածքները մաքրել ծառերից, արմատներից․․․։ Այդ պարկը ունենալը, նախևառաջ, բիզնես կարող է լինել մարդկանց համար, բայց չեմ հասկանում, թե ինչու մինչ այժմ չկա», - իր մտահոգությունը հայտնեց գյուղի օպերատոր Արայիկ Աղամիրյանը։ Նա նշեց նաև, որ համայնքների խոշորացումը բացասական է անդրադարձել ոչ միայն ֆինանսական, այլև շատ այլ հարցերում։ Մեկ տարուց ավելի է գործընթացը ավարտվել է, բայց մեկ կոպեկի աշխատանք գյուղում չի կատարվել։ Նախկինում գոնե գյուղական բյուջեի հաշվին ինչ-որ հարցեր լուծում էին։

Նախկին գյուղապետարանի շենքի տանիքը պետք է փոխվի, ոռոգման ցանցը վերանորոգվի, խմելու ջրի ներքին ցանց անցկացվի, դպրոցի շենքի վթարայնության պատճառները վերացվեն և, ամենակարևորը, ինչպես նշեցինք, մեխանիզացիայի պարկ հիմնվի։ Ինչպես գյուղացիներն են ասում, սեփականաշնորհումից հետո հստակ քաղաքականություն չմշակվեց մեխանիզացիայի օգտագործման վերաբերյալ։ Կեսկատակ-կեսլուրջ նույնիսկ ասում են՝ եթե առավոտյան ջերմ բարի լույս չտվեցիր մեխանիզատորին, կարող է արտդ չմտնի։ Վարչական ղեկավարի խոսքով՝ նորընտիր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հրահանգով համակարգում են համայնքի գյուղտեխնիկան, որից հետո պարզ կլինի, թե ինչ քաղաքականություն կարելի է մշակել այդ հարցը լուծելու համար։ «Գուցե մեկ միասնական պարկ ունենալու դեպքում պատասխանատու անձինք էլ կլինեն, ովքեր կվերահսկեն դրանց օգտագործման գործընթացը», - ասում է Ռ․Ավանեսյանը։

2006 կամ 2007թթ․ համագյուղացի մեծահարուստներից մեկը պատրաստ էր ներդնել ավելի քան 35 մլն դրամ, ինչի շնորհիվ ոչ միայն Նորաշենիկի, այլև տարածաշրջանի որոշ գյուղերի գազիֆիկացման հարցը կլուծվեր, սակայն այն ժամանակ «Հայռուսգազարդի» ղեկավարության հետ համաձայնության չգալու և կազմակերպական հարցերը չլուծելու հետևանքով այդպես էլ այդ գյուղերը գազ չունեցան։

Ղափանի առաջին մասնավոր դպրոցը Նորաշենիկում է եղել

Ինչպես վկայում է պատմաբան Գրիշա Սմբատյանը, նորաշենիկցի Սողոմոն Մելիք-Աղամիրյանը այստեղ բացեց մասնավոր դպրոց, որը Ղափանում գուցեև առաջինն էր։

1994թ․ վերաբացված դպրոցում 12 աշակերտից թիվը հասավ 47-ի, և այդ ակտիվությունը պահպանվեց մինչև 2010թ․։ Դպրոցի տնօրեն Դավիթ Թումանյանի խոսքով՝ ժամանակին արված կցակառույցի ոչ ճիշտ նախագծման կամ շինարարության հետևանքով այսօր ճաք է առաջացել, և 3 դասասենյակ չի օգտագործվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինչպես պատմության ուսուցիչն է ասում, դիմել են ամեն տեղ՝ բացի Պուտինից և Թրամփից։ Պատկան մարմինները տեղյակ են խնդրից, բայց լուծման համար քայլեր չեն արվում, նույնիսկ հաշվարկ չի արվել, թե ինչքան գումար է անհրաժեշտ դրա համար։

Դպրոցում այս ուստարում սովորում է 14 աշակերտ, որից 3-ը բնակվում է գյուղում, մյուսները քաղաքից են գալիս։ Ուսուցիչներին և աշակերտներին տեղափոխելու տրանսպորտի խնդիր էլ ունեն, բայց մարզպետարանի տրամադրած գումարի և ուսուցիչների ներդրման շնորհիվ հարցը կարգավորում են։

Առաջնայինը գյուղապահպանությունը պետք է լինի

Նորակազմ կառավարությունից բոլորի ակնկալիքներն էլ մեծ են, բայց, ինչպես վարչական ղեկավարն է ասում, տարեցտարի դատարկվող գյուղերը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում պիտի լինեն։ Թե արտոնյալ ու ցածր տոկոսադրույքով վարկեր կտրամադրեն գյուղացուն, թե աշխատատեղեր կստեղծեն այստեղ, չգիտի, բայց որ պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, փաստ է։ «Խորհրդային տարիներին գյուղերում գործարանների մասնաճյուղեր էին բացվում, որ գյուղացին և՛ իր հողը մշակի, և՛ աշխատի։ Այսօր դրանք չկան, և երիտասարդները ձգտում են կոմբինատներում աշխատել կամ մասնավոր ընկերություններում՝ լքելով գյուղը։ Ցավոք, գյուղում ամեն մեռնողից հետո կողպեք է դրվում դռանը», - ասում է Ռ․Ավանեսյանը։

Նորաշենիկցիներին միավորելու տարբերակ գտել են․ ամեն տարի հունվարի 3-ին, սեպտեմբերի վերջին  հավաքվում են, իրարից կարոտ առնում։ 10 տարի շարունակ Նորայր Հակոբյանին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար են անցկացրել։

Հայրենականում՝ 115, Արցախյան պատերազմում՝ 5 զոհ տված Նորաշենիկում կարմիր կտուրներով գեղեցիկ տները, իհարկե, աչք են շոյում, բայց օրեցօր փակվող դռների դեմը առնել է պետք։ Ինչպես Մելսիկ պապն է ասում․ «Ամենակարևորը խաղաղություն լինի մեր երկրում, հետո՝ տնտեսական աճ, ինչի շնորհիվ գուցե աշխատատեղեր կստեղծվեն նաև գյուղերում, երիտասարդները կաշխատեն, կամուսնանան․․․»։ Նա շեշտեց նաև, որ կառավարությունը պետք է այդ աշխատանքում ներառի ներդրողների, բարերարների, բայց չմոռացավ ամենից կարևոր խորհուրդը տալ․ «Ով աշխատում է, նա ապրում է»։

Արմինե Հարությունյան

 

20:00 12.01.2019

Ամենաշատ ընթերցվածները