ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վ․Շուկշին․ «Շշպռեց»
21:00 14.01.2019

Վ․Շուկշին․ «Շշպռեց»

Ինչին ձեռք էր տալիս Վասիլի Շուկշինը, արվեստի նյութ էր դառնում։ Տարբեր երևույթներ, տարբեր մարդիկ։ Նշանակություն չունի՝ փաստը մեծ էր, թե փոքր։ Արձակագիրը պարզապես լավ գիտեր՝ արվեստում կարևորը «ինչպեսն» է։ Թերևս ռուսական արձակի ավանդույթներն էին նրան այդպիսի վստահություն ներշնչել։ «Շշպռեց» պատմվածքի նյութը գյուղական կյանքից է։ Գավառական սնապարծությունը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում։ Գավառամիտ կարող է լինել ինչպես գյուղաբնակը, այնպես էլ քաղաքաբնակը։

Ամեն ինչ պարզ է ու առօրեական։ Պատմվածքի հենց սկզբում Շուկշինը նույնիսկ բացահայտում է իր վերաբերմունքը կերպարի հանդեպ։ Գլեբ Կապուստինը քառասուն տարեկան տղամարդ էր, «գյուղական ճոռոմաբան, կարդացած ու չարալեզու»։ Ապրում էր Նովայա գյուղում, որ անվանի շատ մարդիկ էր տվել․ «Մի գնդապետ, երկու օդաչու, բժիշկ, թղթակից․․․»։ Այս անվանիները գալիս էին գյուղ, երեկոյան գյուղացիները հավաքվում էին, լսում նրանց պատմությունները, երբեմն էլ իրենք էին իրենց մասին պատմում։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվում էր Գլեբ Կապուստինը և շշպռում հյուրին։ Մի գնդապետ չիմացավ, թե ով է 1812 թվականին հրամայել կրակ տալ Մոսկվան։ Նա հիշեց ինչ-որ կոմսի, բայց ազգանունը շփոթեց, Ռասպուտին կոչեց։ Գլեբը առյուծի պես նետվեց նրա վրա և շշպռեց․ «Գնդապետը շատ վշտացավ, բռունցքով գլխին էր խփում տարակուսած»։ Անվանի մարդկանց մայրերը չէին սիրում Գլեբին։

Հիմա էլ եկել է թեկնածու Կոնստանտին Ժուրավլյովը կնոջ ու դստեր հետ։ Գյուղը սպասում է հերթական շշպռոցին։ Գլեբը քայլում է բոլորից քիչ առաջ․ «Կողքից նայելիս կթվար, թե տղամարդիկ տանում են Գլեբին։ Այդպես տանում են փորձված կռփամարտիկին, երբ հայտնի է դառնում, որ հակառակորդ փողոցում շատ ուժեղ մեկն է հայտնվել»։

Զրույցի սկզբում սովորաբար Գլեբը լռում է։ Առայժմ տնտղում է հյուրին, ասես ցատկի է պատրաստվում։ Նախապատրաստական շրջանի մեջ մտնում է նաև քիչ-միչ հարցեր տալը։ Հյուրը տեղեկացնում է, որ ինքը բանասիրության թեկնածու է։ Գլեբին դա այնքան էլ չի հետաքրքրում կամ էլ պարզապես չի հասկանում, թե ինչ է բանասիրությունը, այլապես հյուրին նեղելու նպատակով այսպիսի հարց չէր տա․ «Դե, իսկ ի՞նչ կասեք առաջնայնության մասին»։ Երբ թեկնածուն փորձում է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, Գլեբը անվարան նետում է․ «Հոգու և նյութի առաջնայնության»։

Հետագա հարցերը նույն ոլորտից են․

« - Փիլիսոփայությունը հիմա ինչպե՞ս է բնորոշում անկշռայնության ըմբռնումը։

- Ինչպես միշտ բնորոշել է։ Ինչու՞՝ հիմա։

- Բայց երևույթը վերջերս է հայտնաբերվել, դրա համար էլ հարցնում եմ։ Ասենք, բնափիլիսոփայությունն այսպես կբնորոշի, ստրատեգիական փիլիսոփայությունը՝ բոլորովին ուրիշ կերպ․․․

- Ախր չկա այդպիսի փիլիսոփայություն՝ ստրատեգիական, - քմծիծաղով պատասխանեց թեկնածուն»։

Մինչ հյուրը փորձում է ճշտել զրույցի նյութը, Գլեբը հարձակման է անցնում շշմեցնող նոր հարցով․ փորձում է պարզել ընդդիմախոսի վերաբերմունքը շամանիզմի հանդեպ։ Որքանո՞վ են Երկիր մոլորակի բնակիչները պատրաստ Լուսնի վրա ապրող բանական արարածների հետ հանդիպմանը․ սա էլ զինանոցից հանած հերթական հարցն է, որով Գլեբը շարունակում է գրոհել։ Թեկնածուն նույն հարցը Գլեբին է ուղղում, և հնչում է գյուղի տղամարդկանց հիացմունքը շարժող պատասխանը․ «Մենք մտածողներ չենք, մեր աշխատավարձն ուրիշ է։ Բայց եթե Ձեզ հետաքրքրում է, կարող եմ տեղեկացնել, թե մենք՝ գավառացիներս, որ ուղղությամբ ենք մտածում։ Ընդունենք, թե Լուսնի մակերեսին բանական մի արարած բուսնեց․․․ Ի՞նչ կհրամայեիք անել։ Շան պես հաչե՞լ։ Ծուղրուղու՞ կանչել»։

Հաղթանակն արդեն ուրվագծվում է։ Գլեբը թեկնածուին և նրա կնոջը՝ նույնպես թեկնածու, սկսում է նույնիսկ խորհուրդներ տալ՝ թերթ կարդալ, համեստ լինել։ Իսկ երբ հյուրերը ուզում են իմանալ, թե որտեղ երևաց իրենց անհամեստությունը, Գլեբը հասցնում է վերջնական հարվածը․ «Կարելի է հարյուր անգամ տարբեր հոդվածներում գրել «ժողովուրդ» բառը, բայց դրանից գիտելիքներդ չեն ավելանա։ Այնպես որ, երբ գալիս եք ահա այդ ժողովրդի մոտ, մի քիչ ավելի ուշադի՛ր եղեք։ Եթե կուզեք իմանալ, ավելի նախապատրաստված։ Թե չէ շատ հեշտ կարելի է հիմար վիճակի մեջ ընկնել։ Ցանկանում եմ՝ հաճելի անցկացնեք ձեր արձակուրդը․․․ ժողովրդի մեջ»։

Գլեբը, ինչպես միշտ, հեռանում է հաղթական քմծիծաղով։ Իսկ տղամարդիկ արձանագրում են հերթական ջախջախիչ հաղթանակը․ «Շշպռեց․․․ Որտեղի՞ց դրան էդքանը»։ Նրանց ձայնի մեջ նույնիսկ կարեկցանք կար թեկնածու ամուսինների հանդեպ, բայց ավելի շատ հիացմունք էր հորդում դեպի Գլեբը։ Պատմվածքի վերջում կրկին ակնհայտ է դառնում հեղինակի վերաբերմունքը․ «Թեև, ճիշտն ասած, նրա հանդեպ սեր չկար։ Չէ՛, չկար։ Գլեբը դաժան էր, իսկ դաժանությունը ոչ ոք երբեք ոչ մի տեղ դեռ չի սիրել»։

Այնքան հավաստի ու ծանոթ իրավիճակ է, որ թվում է, թե հեղինակն էլ տուժած կլինի դրանից։ Եվ չնայած պատմվածքի սկզբում ու վերջում դրսևորած անթաքույց վերաբերմունքին՝ հեղինակը ընթերցողին, այնուամենայնիվ, մտորելու տեղ թողնում է։ Իրոք, որտեղի՞ց է սկիզբ առնում գավառամտությունը, որ հետո արդեն սահմաններ չի ճանաչում։

Արթուր Իսրայելյան    

 

21:00 14.01.2019