ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մի հոդվածի պատմություն, կամ՝ ինչ եղավ հետո, երբ...
19:00 31.01.2019

Մի հոդվածի պատմություն, կամ՝ ինչ եղավ հետո, երբ...

Հունվարի 21-ին sisian.info  կայքում հրապարակվել էր «Էսկոզին դեղանյութի առաջին խմբաքանակը գործողության մեջ» վերնագրով նյութը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, հատկապես, երբ այն հեռացվեց կայքից:  Ի դեպ նյութը վերականգնվել է և՝ առանց խմբագրման:

Էսկոզին արտադրանքի վերաբերյալ տրված նկարագիրը համարվեց ապատեղեկատվություն, ինչը բավականին զարմանալի էր, քանի որ, դեռևս ամիսներ առաջ, մեր կայքում հրապարակվել էր «Կապույտ կարիճի թույնը քաղցկեղի դեմ պայքարի միջոց» վերտառությամբ հոդվածը / տպագրվել է  նաև Զանգեզուր պրես թերթում/, թե՛ այս, և թե երկրորդ հոդվածներում Էսկոզինը ներկայացվել է միևնույն բնութագրով, որի համար հիմք են հանդիսացել ներքոնշյալ աղբյուրները. 

1. doctors.am կայքում 16/02/2018-ին հրապարակված «Էսկոզին (Escozine™). ուռուցքային հիվանդությունների բուժման այլընտրանքային եղանակ. ներկայացնում է պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը» վերնագրով հոդվածը: Ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի ներկայացմամբ Էսկոզինը դեղանյութ է, որն ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա: Ի դեպ, ելնելով բժշկի հենց  այս նկարագրից, «Էսկոզին դեղանյութի առաջին խմբաքանակը գործողության մեջ» հոդվածում օգտագործվել է վիճահարույց «հակաքաղցկեղային  էսկոզին դեղանյութ» արտահայտությունը: 

2. Победи Рак с Эскозином յութուբյան  ալիքի տեսանյութերը և հատկապես «Мнение практикующего онколога: Эскозин – лекарство от рака с большим будущим» վերնագրով հարցազրույցը ուռուցքաբան Գրիգոր Բադալյանի հետ:

3.HorizonArmenianTV յութուբյան ալիքի «Horizon Live with Dr. Arthur Mikaelian» վերնագրով հարցազրույցը՝ Էսկոզինի հեղինակ, մեդոլայֆ ընկերության հիմնադիր բժիշկ Արթուր Միքաելյանի հետ:

4. «Ծագումով հայեր» ֆեյսբուքյան էջում 2018 թվականի ապրիլի 18-ին  տեղադրված Արթուր Միքելյանի մասին պատմող տեսանյութը, որպես նախաբան էջում արված է հետևյալ գրառումը .«Բիո-նեյրոհոգեբան, բժշկակական գիտությունների դոկտոր, ամերիկաբնակ պրոֆեսոր Արթուր Միքայելյանի կողմից հայտնագործած «Էսկոզին» դեղամիջոցն իրական հեղաշրջում է դարի մեծագույն չարիք դարձած հիվադության՝ քաղցկեղի դեմ»:

Մեր շատ սիրելի ընթերցող, այս ամիսների ընթացքում ոչ ոք մտահոգություն չի հայտնել, որ էսկոզին արտադրանքի նկարագիրը սխալ ենք տվել կամ ապատեղեկատվություն ենք տարածել: Ընդունում ենք մեր այն սխալը, որ թյուրիմացաբար վերջին հոդվածում ևս չենք նշել  տեղեկատվության աղբյուրները: Մենք նպատակ չենք հետապնդել գովազդել Էսկոզինը կամ «Միքաելյան բարեգործական» ՀԿ-ի գործունեությունը,   այլ պարզապես, առանց շահադիտական նկատառումների, լուսաբանել ենք համայնքում կատարվող մի բարի գործ՝ փորձելով նաև մատչելի կերպով ներկայացնել էսկոզին արտադրանքի վերաբերյալ մասնագետների կողմից հնչած կարծիքներն ու նկարագրերը:

Հ.Գ ՄԵր նպատակն է ընթերցողին հասցնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն՝ պահպանելով լրագրողական էթիկայի կանոններն ու ամեն ինչում դրականն ու բարին տեսնելու սկզբունքը:

Ստորև ներկայացնում ենք նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Հարություն Հարությունյանի  07.09.2018 թվականի գրությունը՝ ուղղված «Միքաելյան բարեգործական» ՀԿ տնօրեն Տ. Միքաելյանին. «Հարգելի պարոն Միքաելյան, առողջապահության նախարարությունը չի առարկում «Միքաելյան բարեգործական» ՀԿ-ի կողմից «Էսկոզին» արտադրանքով բարեգործական ծրագրի իրականացմանը Սյունիքի մարզում, հաշվի առնելով, որ «Էսկոզին» արտադրանքի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արտադրանքը իրենից ներկայացնում է այլընտրանքային օժանդակող միջոց, որը նախատեսված է քիմիոթերապիա ստացող հիվանդների բուժման ժամանակ ի հայտ եկող հիմնական կողմնակի ազդեցությունները մեղմելու համար, որոնք են՝ ցավը, հոգնածությունը, ախորժակի կորուստը և քնի խանգարումը»:

Աղբյուրը՝ sisian.info

19:00 31.01.2019

Ամենաշատ ընթերցվածները