ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սկսենք խնդրի ձևակերպումից
21:00 31.01.2019

Սկսենք խնդրի ձևակերպումից

ՀՀ կառավարությունը նախատեսում է նախարարությունների թիվը (17) կրճատել հինգով, ինչը բովանդակային ու կադրային փոփոխություններ է ենթադրում: Արդյո՞ք դա ճիշտ կլինի հատկապես մշակույթի նախարարության դեպքում, և, ի վերջո, ինչի՞ կհանգեցնի:

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը նշում է․ առհասարակ օպտիմալացումը դրական գործընթաց է, բայց կարևոր է, որ դրան նախորդեն մասնագիտական ու փորձագիտական լուրջ քննարկումներ, պետք է հստակ ձևակերպվի խնդիրը. ի՞նչ ենք մենք ուզում պետական կառավարման համակարգից, ինչպիսի՞ ռազմավարական ոլորտներ ունենք, որոնցով պետք է զբաղվեն նախարարությունները, և արդյո՞ք այդ ռազմավարական ոլորտները կարելի է միավորել մեկ միավորի մեջ, ի վերջո, ռազմավարությունը ենթադրում է ոլորտային քաղաքականության իրականացում:

«Ցանկացած օպտիմալացման հիմքում պետք է դրվի գործառույթների համար օպտիմալ մարդկանց թվաքանակի և ֆինանսական օպտիմալ միջոցների ներգրավվածության սկզբունքը: Ապա դրանից ելնելով՝ նախ պետք է հստակեցնել գործառույթները, որից հետո միայն որոշել այդ գործառույթների իրականացման համար որքան աշխատակից է անհրաժեշտ: Գործընթացները, որոնք տեղի են ունենում, մասնագիտորեն հիմնավորված չեն», - նշում է Անտինյանը։

Փորձագետի խոսքով՝ ունենք հնագույն մշակույթ, և կարևոր են նյութական ու ոչ նյութական ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, արդյունավետ փոխհամագործակցությունը, հետևաբար միավորելով մշակույթի կառավարման ոլորտը մեկ այլ կառույցի հետ՝ կմեծանան անարդյունավետ աշխատանք ունենալու ռիսկերը։ «Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գործում է շուրջ երկուսուկես հազար պետական ոչ առևտրային կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի, դրանց միացնելով նաև մշակութային ոլորտը, որտեղ առկա գերատեսչությունները ևս շատ են ու ունեն խնդիրներ, կարծում եմ՝ բարդություններ կլինեն: Անհրաժեշտ է նախապես հետազոտություն իրականացնել»:

«Կառավարությունը նախ պետք է հստակեցնի, թե արդյո՞ք մեզ պետք է մշակույթ, եթե այո՛, ապա ինչպիսի՞, հետո արդեն կորոշեր՝ ինչ ձևով հանդես բերել», - նշում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը, ապա հավելում, որ որպես բեմադրիչ առաջնահերթ մտածում է բովանդակության մասին և միայն դրանից հետո ձև ընտրում․ «Մշակութային քաղաքականություն մեր երկրում որոշված չէ, ոչ ոք չգիտի այս ոլորտը ինչպիսի բովանդակություն ունի, ուստի օպտիմալացմանն այս պարագայում դրական կամ  բացասական որակում տալ հնարավոր չէ»:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Վայոց ձորի ու Սյունիքի տարածքային բաժնի պետ Վիգեն Ծատրյանն ասում է, որ դեռևս անորոշության մեջ են, ոչինչ հստակ չէ, դժվարանում է որակում տալ նախատեսվելիք փոփոխություններին: Նշեց նաև, որ օպտիմալացմանը դրական է վերաբերվում, պարզապես մեր երկրում մի բան ասում են, այլ բան անում:

Կառուցվածքային ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ նախ անհրաժեշտ է ճշտել ու հստակեցնել տվյալ ոլորտի դերն ու նշանակությունը երկրի կյանքում, ըստ այդմ էլ որոշել կարգավիճակ, այդպիսով կնվազեցնենք անարդյունավետ գործունեության ռիսկերը:

Անուշ Միրզոյան

21:00 31.01.2019

Ամենաշատ ընթերցվածները