ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էթիկայի նո՞րմ, թե՞ հերթական «պատուհաս»
18:00 01.02.2019

Էթիկայի նո՞րմ, թե՞ հերթական «պատուհաս»

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին հանրային քննարկման ներկայացվեց «Մանկավարժի վարքականոն» փաստաթուղթը, որը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2013թ կամ, ինչպես սիրում են հաճախ կրկնել ներկայիս իշխանությունները, նախորդ իշխանությունների օրոք։

Բազում քննադատությունների տեղիք տված փաստաթղթի հանրային քննարկման վերջնաժամկետը հունվարի 20-ն էր։ Շտապենք տեղեկացնել, որ այն իրավական փաստաթուղթ չէ, իսկ այն, ինչը որոշվում է բարոյական նորմերի միջոցով, ըստ իս, խիստ վիճահարույց է։

Միանգամից ասենք, որ Պետք է-ների շարանով փաստաթուղթը, եթե նույնիսկ դրվի շրջանառության մեջ, չի բարձրացնելու կամ բարելավելու ո՛չ ուսուցչի կարգավիճակը, ո՛չ էլ լուծելու է կրթական համակարգում կուտակված խնդիրները։

Ուսուցչի դերի բարձրացումը հասարակության մեջ ամենակարևորն է

Նախքան ուսուցչի վարքականոնին անցնելը հարկավոր է նախևառաջ մտածել այն քայլերի մասին, որոնց շնորհիվ հասարակության մեջ կբարձրանա ուսուցչի դերը։ Այսօր, ցավոք, մեր հասարակության մեջ, որն այնքան շատ է սիրում իրեն անվանել բարձրագույն արժեքներ հարգող հանրույթ, ներեցե՛ք համարձակությանս համար, ուսուցչի մասնագիտությունը թերևս ամենաանհարգիներից է։ Խոսքս հիմնավորեմ սեփական փորձով։ Տարիներ առաջ, երբ ընդունվում էի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, իմ շրջապատում գեթ մեկը չկար, որ դրական արձագանքեր մասնագիտական ընտրությանս։ Գրեթե բոլորը մեկ մարդու պես ինձ ասում էին՝ շատ-շատ դասատու դառնաս։ Հիմա հարց եմ տալիս՝ կարո՞ղ է մի հասարակություն առողջ համարվել, եթե այնտեղ սերունդներին կրթող անձի հանդեպ նման վերաբերմունք կա։ Երբ արդեն դպրոցում դասավանդում էի, ինձ ասում էին՝ մեղք ես, դուրս արի դպրոցից։ Արդյունքում՝ ինչ-որ տեղ նաև այդ անհարգալից վերաբերմունքի հետևանքով թողեցի այդ աշխատանքը։

Էլ չեմ ասում ծնողների ու երեխաների, նրանց հարևանների ու բարեկամների «քննադատությունները» ուսուցչի անձի, նրա մասնագիտական որակների, տարբեր առիթներով ասած որևէ խոսքի մասին։

Հիմա առանձնացնեմ այն քայլերը, որոնք, ըստ իս, պետք է առաջնահերթ կատարի կրթության և գիտության նախարարությունը։

Քայլ 1․ բարձրացնել ընդունելության միավորի շեմը

Այսպես թե այնպես այն մանկավարժը, ով ըստ արժանվույն կատարում է իր առաքելությունը, պահպանում է «Մանկավարժի վարքականոն» փաստաթղթի բոլոր դրույթները։ Խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք այսօր մեր հասարակության մեջ այնպիսի վերաբերմունք կա ուսուցչի հանդեպ, որ գիտելիքներով ու բարոյական արժեքներով հարուստ մարդը ձգտի մտնել դպրոց։ Նախ՝ գիտելիքների մասին։ Իմ խորին համոզմամբ՝ առաջին հերթին պետք է վերանայել մանկավարժական համալսարան ընդունվելու պայմանները։ Ընդունելության նվազագույն շեմը հաղթահարած դիմորդը իրավունք չունի սովորել մանկավարժական համալսարանում։ Ցավոք, բուհերի ինքնաֆինանսավորման հանգամանքից ելնելով՝ սեփական գոյությունը պահելու համար բարձրագույն ուսումնական հաստատությունները նվազագույն շեմը հաղթահարած դիմորդին ընդունում են, միայն թե վճար տա։

Բայց այս կետին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, ինչքան էլ գոյություն պահպանելը կարևոր լինի, սերունդներին կրթելու գործից այն առաջնային չի կարող լինել։ Կարծում եմ՝ նախարարությունը հատկապես մանկավարժական համալսարան ընդունվելու համար հատուկ հայեցակարգ պիտի մշակի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր մանկավարժական կրթություն ստացողների մեծ մասը ցածր միավորներով է ընդունվել։

Քայլ 2․ վերանայել աշխատավարձը

Երկրորդ կարևոր քայլը, որի մասին շատ են խոսում, ուսուցչի աշխատավարձի վերանայումն է։ Լիարժեք դասարաններ ունեցող դպրոցի՝ մեկ դրույքաչափով ապահովված մանկավարժը ստանում է մինչև 100-110 հազար դրամ աշխատավարձ։ Միանգամից շտապեմ ասել, որ ավագ դպրոցների ստեղծման հետևանքով հիմնական դպրոցների շատ ուսուցիչների դասաժամերը, ինչպես, օրինակ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից, զգալի կրճատվեցին։ Էլ չեմ ասում աշակերտների թվով և դասարանների քանակով ոչ լիարժեք գյուղական փոքր դպրոցների մանկավարժների աշխատավարձի մասին, որը կարող է լինել մինչև 40-50 հազար դրամ։ Ընդ որում ստացած գումարի կեսը կամ դրանից մի քիչ պակաս նա տալիս է տրանսպորտին, քանի որ գյուղ տանող կանոնավոր երթուղի շատ տեղերում չկա, և ստիպված տաքսի ծառայությունից են օգտվում։

Հիմա այս խղճուկ աշխատավարձի պայմաններում ճի՞շտ է արդյոք պատշաճ տեսք ունենալու էթիկայի նորմի կետը։ Ուսուցիչը կարո՞ղ է ստացած գրոշներով պատշաճ հագուստ գնել, երբ, օրինակ, Կապանում մեկ պիջակը կարող է արժենալ մինչև 15-20 հազար դրամ, չենք խոսում կոշիկի մասին, որ 10-20 հազար դրամ է, իսկ ձմռան սեզոնին հասնում է մինչև 40-50 հազարի, տաբատի կամ շրջազգեստի մասին, որ նույնպես նշված գների սահմանում է։ Չմոռանանք նշել, որ պատշաճ տեսքի մաս է կազմում նաև մազերի հարդարումը, շաբաթական 1-2 անգամ մազերը հարդարելը կարող է արժենալ մինչև 3000 դրամ։

Կոռուպցիայի մասին էլ խոսք կա այնտեղ, ներեցե՛ք, իհարկե, խնդրում եմ, լուսավորե՛ք ինձ՝ այդ ո՞ր մասնագիտության դեպքում կարելի է կաշառք վերցնել։ Կրկնուսուցման մասին բազմիցս է խոսվել, ասեմ, չկարծեք, թե ուսուցչի համար հաճելի է կրկնուսուցմամբ զբաղվելը, կարիքն է ստիպում։ Եթե դուք նրան վարձատրեք 300-400 հազար դրամ, նրա մտքով անգամ չի անցնի դրանով զբաղվել՝ վատնելով թանկ ժամանակը, քայքայելով առողջությունը։

Պարոնա՛յք ԿԳ պատասխանատուներ, քանի դեռ ուսուցչի աշխատավարձը չեք բարձրացրել, նման պահանջներ մի՛ դրեք նրանց առաջ։

Խորհրդային տարիներին, որոնք շատերը երանությամբ են հիշում, բուհ ընդունվելը պատվաբեր էր, մանկավարժի մասնագիտությունը՝ հարգված էր, և նա բարձր աշխատավարձ էր ստանում, հարգանք ու պատիվ էր վայելում։

Քայլ 3․ թեթևացնել ուսուցչի օրը

Ինքնակատարելագործմամբ զբաղվելու նորմին համապատասխանելու համար ուսուցչին պետք է ազատել ավելորդ թղթավարությունից։ Մի կողմ թողնենք դպրոցական ծրագրերի գերբեռնվածությունը, քանի որ դա այս հոդվածի թեման չէ, և ներկայացնենք ուսուցչի մեկ օրը։

Ժամը 8-ից սկսվում է նրա աշխատանքային օրը՝ առավոտյան կարճ մանկավարժական խորհրդակցություն, այնուհետև 45 րոպե տևողությամբ 3-6 դասաժամ։ Ընդ որում այդ դասաժամերը միշտ չէ, որ ըստ պլանավորածի են անցնում, սեփական փորձից ելնելով՝ գրված պլանի միայն 30 տոկոսն ես կարողանում իրագործել տվյալ դասաժամին։ Այնուհետև մատյանի լրացում, dasaran.am-ում նույնի կրկնություն, առանձին թղթերում գրավոր աշխատանքների միավորների փոխանցում, գրավոր աշխատանքի ստուգում և հաջորդի համար նոր թեստի կազմում, դասղեկական մատյանում աշխատանք, օրվա պլանի, զանազան արձանագրությունների կազմում, միջոցառումների կազմակերպում, դասղեկական աշխատանք և այլն։ Այս ամենից հետո էլ ե՞րբ կարող է ուսուցիչը հասցնել զբաղվել ինքնակրթությամբ։

Էթիկայի նորմերի պահպանումը ստուգող հանձնախմբերի մասին

Յուրաքանչյուր դպրոցում պետք է ստեղծվի հանձնախումբ կոլեգաների վարքականոնին «հետևելու» համար։ Միայն մի կետ առանձնացնեմ․ հանձնախումբը պետք է բաղկացած լինի 7-10 հոգուց՝ կախված ուսուցիչների քանակից․ պարոն նախարարը տեղյա՞կ է, որ դպրոցներ կան, որոնց ուսուցչական կազմը 8 հոգուց կարող է չանցնել։

Իհարկե, փաստաթղթի կետերից յուրաքանչյուրի մասին կարելի է երկար խոսել, բայց մեր նպատակն է ոչ թե քննադատել, այլ ցույց տալ այն առաջնահերթ կետերը, որոնց ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն։

Բայց վերջում չեմ կարող, այնուամենայնիվ, մի եզրահանգում չանել․ երբ այս փաստաթուղը շրջանառության մեջ դրվեց, տարբեր այլ մասնագիտությունների մարդիկ կարծես ավելի շատ վրդովվեցին, քան ուսուցիչները։ Հարգելինե՛րս, դուք մի մեծ բանակ եք և միանալով՝ ավելի լավ տեր կկանգնեք ձեր իրավունքներին, այդպես հլու-հնազանդ աշխատելով՝ դժվար թե ձեր կարգավիճակում մոտ ապագայում դրական փոփոխություն լինի։ Իսկ երկրի ղեկավարությանը հիշեցնենք ճապոնական հայտնի օրինակը․ «Ուսուցչին տվել են կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն»։

Իսկ մեր օրերում, եթե հարցում անցկացնենք ուսուցիչների շրջանում, նրանց զգալի մասը կասի, որ չի սիրում իր աշխատանքը։ Համենայն դեպս ինձ ծանոթ ուսուցիչների մեծ մասի խոսքով՝ այլ աշխատանք չկա, ստիպված են այս գործով զբաղվում, իսկ քանի որ նրանց գերակշիռ մասը կանայք են, պարզապես հարմար աշխատանք է իրենց համար։ Եթե նվիրում ու սեր չկա աշխատանքում, ապա դրա տապալման հավանականությունը մեծ է։

Արմինե Հարությունյան

18:00 01.02.2019