ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դպրոցը նորոգման կարիք ունի
14:00 02.02.2019

Դպրոցը նորոգման կարիք ունի

Մարզկենտրոն Կապանում երկու ավագ դպրոց  է գործում՝ թիվ 2 և թիվ 9։ Թիվ 2-ը 2011 թվականին փլվեց ու նույն տեղում զրոյից նորը կառուցվեց՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։  Թիվ 9 դպրոցի փոքր մասնաշենքը 1953 թվականին է շահագործման հանձնվել, հետո կառուցվել ներկայիս գլխավոր մասնաշենքը։ Մոտ 10 տարի առաջ փոխվել են միայն հիմնական մասնաշենքի պատուհանները, տանիքը, որոշակի ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել։ Առաջին հայացքից նորոգ ու կանգուն երևացող դպրոցի իսկական պատկերը ներսից է տեսանելի։

Կրթօջախը անմխիթար վիճակում է: Ո՞վ չի ցանկանա գեղեցիկ, նորոգված  դասասենյակում պարապմունքներ անցկացնել։ 12-րդ դասարանի աշակերտուհի  Ռոզա Ամիրջանյանը 3 տարի առաջ դպրոցի ընտրություն կատարելիս նախապատվություն է տվել կրթության որակին, ուսուցչական կազմին ու չի փոշմանել, բայց ասում է՝ ավագ դպրոցը իր կարգավիճակին պետք է համապատասխանի թե՛ կահավորմամբ, թե՛ տեխնիկական հագեցվածությամբ։

Եթե դասասենյակները քիչ թե շատ բարվոք են ժամանակ առ ժամանակ կատարվող որոշակի կոսմետիկ նորոգումների ու ուսուցիչների խնամքի շնորհիվ, ապա խարխուլ վիճակ է տիրում դպրոցի մարզադահլիճում։ Ձմռան այս օրերին ջերմաստիճանը 4-5 աստիճանից չի բարձրանում, թեպետ ջեռուցման մարտկոցները միացված են։ Դահլիճի պատերը բորբոսով են պատած, փայտե հատակը տեղ-տեղ քանդվում է, կարկատանները արդեն չեն փրկում, նույն վիճակում է նաև  տանիքը։ Ֆիզիկական կուլտուրայի դասատու Արմեն Ղուկասյանը ասում է, որ աշակերտը մրսում է, չեն ստիպում այստեղ մարզվել, մյուսներն էլ մարզվելիս տաքանում են։ Երբեմն էլ աղջիկները դասը անցկացնում են ոչ թե դահլիճում, այլ հարակից միջանցքում, բետոնի վրա, այնտեղ գոնե համեմատաբար տաք է։

Ի դեպ, կրթօջախի մարզադահլիճը տասը տարի է՝ նաև քննական կենտրոն է։ Այստեղ են անցկացվում միասնական ավարտական քննությունները։ Դպրոցի 3 մասնաշենքից 2-ն է շահագործվում։ Տնօրեն Արուս Միրզոյանը նշում է՝ ձեռքները ծալած չեն նստում։ Օրինակ՝ նախկին շրջանավարտների օգնությամբ 2 դասասենյակ են նորոգել, մեկ դասասենյակ էլ ուսուցիչներից մեկի որդին նորոգեց, վերջերս էլ դիմել էին Կապանի լեռնահարստացման կոմբինատին և նախկինում փակի տակ գտնվող  արհեստանոցը այժմ նորոգում են դասասենյակ դարձնելու նպատակով։  Տնօրենի խոսքով՝ պայմանների բարելավման համար շարունակելու են նախաձեռնություններով հանդես գալ։ Առաջիկայում մտադիր են դիմել նաև կառավարությանը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը․ նվազագույն ակնկալիքը գոնե մարզադահլիճի նորոգումն է։

184 աշակերտ ավագ դպրոցում հոսքային ուսուցում է ստանում։ Կենսաբանության ուսուցչուհի Նունե Ջավադյանը պատմում է, որ հին է դպրոցի շենքը, նույնքան էլ հին են քիմիական նյութերը, դրան գումարած՝ չունեն կահավորված լաբորատորիաներ։ Ստիպված են լինում այս կամ այն փորձը համակարգչով ցուցադրել, իսկ ավելի նպատակահարմար կլիներ, որ աշակերտը իր ձեռքով կատարեր ու գործնականում տեսներ ստացվող արդյունքը։

Նելլի Միրզախանյան

14:00 02.02.2019

Ամենաշատ ընթերցվածները