ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ՀԵՊ-ը պարտադի՞ր է դպրոցներում
13:00 03.02.2019

ՀԵՊ-ը պարտադի՞ր է դպրոցներում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրած համաձայնագրով 2003-ից դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկան դարձավ պարտադիր: Պարզելու համար որքանով է աշակերտներին պետք առարկան, եղանք Կապանի թվով 2 ավագ դպրոցում:

11-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Բակունցը ութերորդ դասարանից սկսած մասնակցել է Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադային ու հասել անգամ հանրապետական փուլ, սակայն ժամանակի ընթացքում հասկացավ, որ ոչինչ չի հիշում, միայն որոշակի բաներ են մնացել ուղեղի մեջ, ասում է՝ պետք է դասագրքերում առկա թեմաները վերանայվեն: «Պետք է առանձնացնեն առարկայի գլխավոր ու երկրորդական մտքերը: Մեզ առավել շատ հետաքրքրում են տոների հետ կապված թեմաները, թե այս կամ այն տոնը որտեղից է առաջացել, ինչ ասելիք ունի, բայց ստիպված պիտի իմանանք, օրինակ, որ Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսը այս կամ այն գործն է արել, ժողով հրավիրել, կանոններ ընդունել: 10-րդ դասարանից սկսած, կարծում եմ, պարտադիր չէ առարկայի ուսուցումը, հատկապես, երբ շատ բաներ պատմությունից ու հասարակագիտությունից ուսումնասիրում ենք»:

10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գրիգորյանը չհամաձայնեց Մոնիկայի հետ՝ ասելով, որ պատմական ու եկեղեցական  թեմաները տարբեր են, հետևաբար եկեղեցու պատմությունը պարտադիր է: Այդ կարծիքին է նաև Լիլիթ Բակունցը, ու պատճառաբանում է․ քանի որ յուրաքանչյուր հայ իր կրոնի մասին որոշակի գիտելիքներ պետք է ունենա, ուստի պետք է պարզապես դասապրոցեսը մի փոքր այլ ձևով կազմակերպվի: «Նախընտրելի է, որ բանավեճեր ու քննարկումներ լինեն թեմաների վերաբերյալ, քան պարտադրված գանք, դաս պատմենք ու գնահատական ստանանք»:

Իսկ ահա Ավիս Դանիելյանն ու Արմեն Բալասանյանն այդքան են հակված չեն, որ առարկան դասավանդվի, Ավիսն ասում է, որ հաճույքով չի գալիս այդ առարկայի դասերին, այլ պարտադրված, ընկերը՝ Արմենը, նշում է, որ ցանկալի կլինի ըստ ցանկության լինի, ում հետաքրքրում են եկեղեցու պատմությանը վերաբերող թեմաները, նրանք էլ ներկա լինեն: Սրան կողմ է նաև աշակերտուհի Աննա Անդրեասյանը:  

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ռիմա Մարգարյանն անկեղծ ասաց, որ հաճույքով չի դասավանդում առարկան և կարծում է, որ այն ավելորդություն է դպրոցում: «Մեզ վերապատրաստման էին տանում ճամբար, որտեղ դասընթացը կազմակերպում էր քահանան, ես նրան հարյուրավոր հարցեր ունեի, իսկ երբ չէր կարողանում պատասխանել՝ ասում էր, որ Աստծո ճանապարհներն անքննելի են, հանում ենք այդ հարցը, մինչդեռ ինձ հետաքրքրում էին: Հավատալու համար նախ հասկանալ է պետք»:

ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Պարգև Բարսեղյանն իր խոսքում ընդգծում է՝ առարկան պարտադիր է օրենքով, միաժամանակ այդ նույն օրենքը յուրաքանչյուրին ազատ դավանանքի իրավունք է տալիս, այստեղ խնդիրն այլ է: «Հայոց եկեղեցու պատմություն առարկան ի սկզբանե դպրոց է մտել որպես Հայոց պատմություն առարկայի մի մաս: Դա իրենից ենթադրում է կրոնի քարոզչության բացառություն։ Այն պետք է դասավանդվի որպես պատմական առարկա»:

Մեր տեղեկություններով կրթության և գիտության նախարարությունը քննարկում է առարկայի պարտադիր լինել-չլինելու հարցը դպրոցներում: Այս կոնտեքստում մի բան հստակ է՝ կրոնի ուսուցումը պետք է իրականացվի ճշգրիտ ու բարձրորակ կրթության հիման վրա, դասավանդվի այնպիսի միջավայրում, որտեղ հաշվի են նստում մարդու իրավունքների և ժողովրդավարական այլ արժեքների հետ:

Անուշ Միրզոյան

13:00 03.02.2019

Ամենաշատ ընթերցվածները