ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․Կամյու․ «Ժանտախտը»
18:00 03.02.2019

Ա․Կամյու․ «Ժանտախտը»

Մեկը մյուսից գրեթե չտարբերվող սովորական օրերը մարդու մասին հաճախ լիարժեք պատկերացում կազմելու հնարավորություն չեն տալիս։ Մինչդեռ գրականագիտության մեջ վաղուց հայտնի սահմանային կոչվող իրավիճակները՝ լարվածությամբ ու անսպասելի շրջադարձերով, ստիպում են բոլորովին ուրիշ հայացքով նայել նույն այդ մարդուն, ով ոչ միայն կողքինների, այլև ինքն իր համար է բացահայտում սեփական էությունն ու հնարավորությունները։ Հենց այդպիսի սահմանային իրավիճակում է պատկերում իր հերոսներին 20-րդ դարի ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկը՝ Ալբեր Կամյուն, «Ժանտախտը» վեպում։

Ֆրանսիական Օրան քաղաքի բնակիչները շատ են աշխատում։ Նրանք հիմնականում հետաքրքրվում են առևտրով և, ինչպես իրենք են ասում, զբաղված են «օգուտ քաղելով»։ Առավոտից երեկո աշխատում են, իսկ հետո «չգիտեն՝ ինչպես վատնել ապրելու համար մնացած ժամանակը՝ թղթախաղո՞վ, սրճարանու՞մ, թե՞ շատախոսությամբ»։ Դեպքերը շարադրողը՝ ժամանակագիրը, նկատում է, որ Օրանը շատ բաներով առանձնապես չի տարբերվում մյուս քաղաքներից։

Ահա այս գավառական քաղաքում բժիշկ Բեռնար Ռիեն մի օր՝ տնից դուրս գալիս, սատկած առնետ է տեսնում և նշանակություն չտալով՝ ոտքով մի կողմ հրում։ Սակայն օրեր անց առնետները շատանում են։ Երկար շարքերով դուրս են գալիս խորշերից, նկուղներից, շտեմարաններից ու կոյուղիներից և սատկում մարդկանց աչքի առջև։ Շուտով հերթը հասնում է բնակիչներին, ովքեր ուռուցքներ են ստանում և մահանում։ Քաղաքը խուճապի է  մատնվում, արմատական միջոցառումներ պահանջում իշխանությունից։ Պահանջում են, բայց աղետը համարում են վատ երազ։ Սակայն այդ վատ երազը չի անցնում, անցնում են մարդիկ։ Ժամանակագիրը այս առումով յուրօրինակ դիտարկում է անում․ «Մեր համաքաղաքացիներն ավելի մեղավոր չէին, քան մյուսները, սակայն նրանք մոռացել էին ավելի համեստ լինել․ ահա բոլորը։ Նրանք կարծում էին, թե իրենց համար դեռևս ամեն ինչ հնարավոր է, այսինքն՝ կարծես աղետներն իրենց անհարիր էին համարում»։ Այդ պատճառով էլ շարունակում էին գործարքներ կնքել, նախապատրաստվել ճանապարհորդությունների և ամեն ինչի մասին սեփական կարծիք ունենալ։ Ժամանակագիրը շարունակում է իր դիտարկումներով բացահայտել համաքաղաքացիների հոգեբանությունը․ «Ինչպե՞ս կարող էին նրանք մտածել աղետի մասին, որ ջնջում է ապագան, տեղափոխություններն ու վեճերը։ Նրանք իրենց ազատ էին կարծում, մինչդեռ ոչ ոք չի կարող ազատ լինել, քանի դեռ աղետները գոյություն կունենան»։

Ի վերջո, բժիշկները խորհրդակցում են և պատասխանատվություն ստանձնելով՝ քաղաքում համաճարակ հայտարարում։ Համաքաղաքացիներից յուրաքանչյուրը սկսում է հասկանալ, որ իր զգացումների մեջ մենակ է լինելու։ Կամաց-կամաց համաճարակը շատ բան է փոխում․ «Ժանտախտի արևը խամրեցնում է բոլոր գույները և փախցնում ամեն ուրախություն»։ Փակվում են քաղաքի դարպասները։ Արգելվում են գնացքների մեկնումն ու ժամանումը։ Մահը, որ չի խնայում ո՛չ փոքրին, ո՛չ մեծին, ամենուր ներկա է։ Նաև՝ քաղաքի պարիսպների մոտ։ Փախուստի փորձ անողների մեջ էր նաև լրագրող Ռամբերը, ով ունի իր արդարացումը․ ինքը օտարական է և ցանկանում է միանալ հեռվում մնացած սիրած էակին։ Բայց երբ գալիս է վճռական պահը, նա հրաժարվում է փախուստի մտադրությունից՝ գիտակցելով, որ «ամոթ է բոլորովին մենակ երջանիկ լինելը»։ Գիտակցում է և միանում ժանտախտի դեմ պայքարող սանիտարական ջոկատներին։

Հենց այդ ջոկատները օգնեցին Օրանի բնակիչներին՝ հասկանալու․ քանի հիվանդությունը կա, պետք է պայքարել նրա դեմ, իսկ դա ոչ թե մի քանիսի, այլ բոլորի պարտականությունն է։ Բժիշկ Ռիեն նույնիսկ կարծում է, որ իրենց արածի մեջ հերոսություն չկա․ «Խոսքը ազնվության մասին է։ Սա մի խոսք է, որ կարող է ծիծաղելի թվալ, բայց ժանտախտի դեմ պայքարելու միակ ձևը պարկեշտությունն է»։ Իսկ լրագրող Ռամբերի հարցին, թե ինչ է պարկեշտությունը, նա այսպիսի պատասխան է տալիս․ «Ընդհանրապես չգիտեմ, թե ինչ է, բայց իմ պարագային գիտեմ, որ դա կազմված է իմ արհեստը կիրառելուց»։

Հիվանդությունը մոլեգնում է՝ ծածկելով ամեն ինչ․ «Այլևս չկային անհատ ճակատագրեր, այլ կար կոլեկտիվ մի պատմություն, որ ժանտախտն էր, և զգացումներ կային, որ բոլորն էին բաժանում։ Այդ զգացումներից ամենամեծը բաժանման և աքսորի զգացողությունն էր․․․»։

Բաժանման և աքսորի դատապարտվածները, սակայն, չէին դադարեցնում հիվանդության դեմ պայքարը։ Նրանք փորձարկում են նաև ծեր պրոֆեսորի պատրաստած հակաժանտախտային շիճուկը։ Իսկ ժամանակագիրը այդ օրերի պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար շարունակում է երբեմն-երբեմն դիմել համաքաղաքացիներից մեկի՝ Տարրուի ծոցատետրերին՝ այնտեղից քաղելով յուրօրինակ ու անսպասելի մտքեր․ «Ամեն մարդ իր մեջ ժանտախտ ունի, որովհետև ոչ ոք, աշխարհում ոչ ոք չկա, որ նրանով վարակված չլինի։ Եվ պետք է անդադար ինքն իրեն հսկել, որ չվարակվես ցրվածության որևէ պահի, մի ուրիշի դեմքին չշնչես և վտանգը նրա վզին չփաթաթես»։

Ի վերջո գալիս է պահը, երբ ժանտախտը հեռանում է քաղաքից։ Գնացքները վերադառնում են։ Բաժանվածները միանում են։ Վեպի վերջում բժիշկ Ռիեն խոստովանում է, որ հենց ինքն է ժամանակագրության հեղինակը։ Նա քայլում է փողոցներում, լսում քաղաքից բարձրացող թեթևացման աղմուկները՝ գիտակցելով, որ այդ թեթևացումը միշտ վտանգված է։ Ժանտախտը երբեք չի մահանում, ոչ էլ անհետանում է, պարզապես տասնյակ տարիներ քնում է որևէ տեղ՝ հեռու կամ մոտիկ․ «․․․Եվ երբ օրը գա մարդկանց դժբախտություն բերելու կամ դաստիարակելու համար, ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»։

Պարզ է, որ Կամյուն, ինչպես վայել է հավերժական զրուցակիցներին, ասում է ավելին, քան ասում է։ Ժանտախտը՝ գունաթափ, դարչնագույն կամ կարմիր, սոսկ աղետ կամ պատերազմ չէ։ Նաև այնպիսի գաղափար է, որից նույնպես կարող են ուռուցքներ առաջանալ մարդու ներսում։

Արթուր Իսրայելյան     

18:00 03.02.2019