ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խուսափենք եղանակակախված հիվանդությունների սրացումից
19:00 03.02.2019

Խուսափենք եղանակակախված հիվանդությունների սրացումից

Այս տարվա ձմեռը ակնհայտորեն բոլորիս ավելի շատ գարուն է հիշեցնում։ Շատերի համար հնարավոր է տաք ձմեռը ունի իր դրական կողմերը, բայց այս երևույթը մի շարք խնդիրներ է առաջացնում այն մարդկանց համար, ովքեր ունեն ինչպես սրտանոթային, այնպես էլ աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի, թոքային և այլ քրոնիկ հիվանդություններ։ Հիմնականում այս հիվանդությունները սրվում են գարնանը, բայց սրման պատճառ կարող են հանդիսանալ նաև եղանակային նման տատանումները։

Դեռ ավելին՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է․ «Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք»։ Այսինքն՝ նման հիվանդությունների սրության հավանականությունը ավելի է մեծանում։

Եղանակային տատանումներից հիմնականում տառապում են սթրեսին հակված մարդիկ և նրանք, ովքեր ունեն գրասենյակային նստակյաց աշխատանք, բարձր ռիսկային գոտում են նաև պասիվ ֆիզիկական կյանքով ապրողները, ովքեր սնվում են յուղոտ և ծանր ուտեստներով և օրվա մեջ օգտագործում են շատ սուրճ։ Բայց բոլորից շատ եղանակային տատանումները ազդում են 50 տարեկանից բարձր մարդկանց վրա։

Թե ինչ անել եղանակի կտրուկ փոփոխությունների ժամանակ խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ հարցրինք բժշկուհի Արմինե Մարգարյանից։

«Բոլորին հայտնի է, որ եղանակային տատանումները ազդում են մարդու առողջության վրա։ Գարնանը և աշնանը, երբ եղանակային կտրուկ փոփոխություններ են նկատվում, ակտիվանում են սրտանոթային, այդ թվում՝ հիպերտոնիկ հիվանդությունները: Սակայն քանի որ վերջերս ողջ մոլորակի վրա եղանակի բավականին կտրուկ տատանումներ են լինում, սրտաբանները աշխարհում հիպերտոնիկ հիվանդությունների և դրանց սրացման կտրուկ աճ են նկատում։  Եղանակը, գեոմագնիսական դաշտի կտրուկ փոփոխությունները, մթնոլորոտային ճնշման կտրուկ տատանումները լուրջ ազդեցություն են ունենում հատկապես այդ հիվանդությունն ունեցող մարդկանց վրա։ Սա պայմանավորված է նրանով, որ եղանակային փոփոխությունների ժամանակ մթնոլորտային ճնշումը բարձրանում է, և օդում թթվածնի պարունակությունը զգալիորեն ավելանում է, ինչը հանգեցնում է նման ռեակցիաների։ Եղանակակախված հիվանդներն այս օրերին պետք է սահմանափակեն ֆիզիկական ակտիվությունը, աշխատեն խուսափել լրացուցիչ ֆիզիկական եւ էմոցիոնալ լարվածությունից, ինչպես նաև հաճախ զբոսնեն մաքուր օդում։ Անպայման պետք է օգտագործեն բժշկի նշանակած դեղերը, որոնք նախատեսված են սրացումների դեպքում։ Կարելի է նաև նյարդային համակարգը հանգստացնող խոտաբույսեր օգտագործել», - ասում է բժշկուհին՝ հավելելով, որ զարկերային ճնշման բարձրացումը, որը հիպերտոնիայի հիմնական ախտանիշն է, նկատվում է նաև միանգամայն առողջ մարդկանց մոտ ֆիզիկական և էմոցիոնալ գերլարվածության ժամանակ:

Սոնա Օհանջանյան

19:00 03.02.2019

Ամենաշատ ընթերցվածները