ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կեղծ օրակարգ
19:00 04.02.2019

Կեղծ օրակարգ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել նոր օրհներգի տարբերակը: Թողնենք մի կողմ մշակութային ճաշակի և նպատակահարմարության հարցը և փորձենք հասկանալ այս առաջարկի տրամաբանությունը քաղաքական գործընթացների պարադիգմայի միջոցով:

Դեկտեմբերի 9-ին ընտրված պատգամավորները մինչ այսօր պաշտոններ էին կիսում, պարգևավճարներ բաժանում, իսկ մենք՝ միամիտ քաղաքացիներս, օր օրի սպասում ենք, թե մեզ համար մի լավ օրինագիծ պետք է ընդունվի: Օրինակ, կապանցի Էրիկ Սողոմոնյանը իր երեք սենյականոց բնակարանը կորցրել է ընդամենը 490 000 դրամի դիմաց: Նա միայնակ խնամում է երեք երեխա և հիվանդ մայրիկին: Թողնենք մի կողմ Էրիկի իրավական և տնտեսական գիտելիքների պակասը, որոնց պատճառով նա զրկվեց բնակարանից, և խոսենք նրա մասին, թե արդյոք անչափահաս երեխաները պետք է հայտնվեն փողոցում, եթե իրենց բնակարանի փաստացի սեփականատերերը վարկեր են վերցրել և չեն վերադարձրել: Կարծում եմ, որ պետությունը ամենայն լրջությամբ պետք է զբաղվի անչափահասների իրավունքների պաշտպանությամբ նախևառաջ օրենսդրական տիրույթում:

Բայց այսօրվա նորաթուխ պատգամավորներից մեկը ստորադասում է այսպիսի խնդիրը օրհներգին, քանի որ հավանաբար կարծում է՝ Սողոմոնյանի անչափահաս երեխաները և մայրը կերգեն փողոցում հայտնվելուն պես: Չէ՞ որ Արամ Խաչատրյանի գրած հիմնի վեհ երաժշտությունը նպատակ է ունեցել օգնել սոցիալապես անապահով մարդկանց, իսկ նախորդ ռեժիմները խոչընդոտել են այս գործընթացին:

Քաղաքական կարանտինը վերջացել է, հարգելի՛ պաշտոնյաներ, հանրօգուտ գո՛րծ արեք, աղաչում ենք: Ձևական փոփոխությունները, որոնք ուղղակիորեն չեն ազդելու քաղաքացիների կյանքի վրա, կարելի է թողնել հաջորդ իշխանությանը: Վերջիվերջո մի բան պետք է թողնել անելու գալիք սերունդներին, հո պարապ չե՞ն մնա: Չէ՞:

«Զանգեզուր պրես»

 

 

19:00 04.02.2019