ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզը պատրաստվում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին
14:00 05.02.2019

Սյունիքի մարզը պատրաստվում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ Սյունիքում տվյալ ոլորտում առկա վիճակը, նախապատրաստական գործընթացները, եղած խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Մինչ առաջիկա աշխատանքների մասին խոսելը, մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն ընդհանուր թվերով հաշվետվություն ներկայացրեց այս բնագավառում մարզի 2018 թվականի ցուցանիշների վերաբերյալ:

Այնուհետեւ քննարկվեցին համայնքներում սերմացուի, պարարտանյութերի ձեռքբերման, ոռոգման ջրի մատակարարման հետ կապված հարցեր, խոսվեց ներկայումս մտահոգիչ՝ կաթի մթերման ու պանրի իրացման դժվարությունների մասին:

Մարզի գլխավոր անասնաբույժը ներկայացրեց անասնագլխաքանակի պատկերն ու համայնքներում անասնաբուժական ծառայությունների ներկայիս ոչ բավարար վիճակը:

Մի շարք հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց համայնքների ղեկավարներին ու մարզպետարանի համապատասխան մասնագետներին, որոշ խնդիրներ առավել խոր վերլուծության եւ վերադաս մարմինների հետ քննարկելու, լուծման տարբերակների առաջարկներ ներկայացնելու կարիք ունեն:

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

14:00 05.02.2019