ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գևորգ Փարսյան․ «Առանց դոնորների հնարավոր չէ առարկայական հարցեր լուծել»
18:00 05.02.2019

Գևորգ Փարսյան․ «Առանց դոնորների հնարավոր չէ առարկայական հարցեր լուծել»

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի պաշտոնավարումը ստանձնելուց հետո արդեն անցել է 100 օր։ Ընդունված կարգի համաձայն՝ նա ամփոփեց այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները։ Ինչպես ինքն է ասում, «աշխատանքի բերում է պատասխանատվության զգացումը», նշանակալի աշխատանքներ իրականացվել են, որոշները ընթացքի մեջ են, իսկ մի մասի համար էլ լուծման ուղիներ են փնտրում։

Կատարվածի և կատարվելիքի, համայնքապետի աշխատանքի ծանրության, Կապան խոշորացված համայնքի առաջ ծառացած մի քանի խնդիրների մասին էլ զրուցեցինք Գևորգ Փարսյանի հետ։

- Պարո՛ն Փարսյան, պաշտոնավարման 100-օրյա ժամկետը համառոտ ամփոփեք։

- Այս 100 օրվա ընթացքում, իմ չափորոշիչներով, մեծ աշխատանք ենք իրականացրել համայնքային բոլոր ոլորտներում, բայց հիմնական ուշադրությունը սևեռել ենք կոմունալ տնտեսության, մշակույթի զարգացման, ինչպես նաև ՆՈՒՀ-երում առկա որոշ խնդիրների վրա։

- Ինչու՞ հատկապես այդ ուղղությունները առանձնացրիք․ չէ՞ որ համայնքում բազում այլ առաջնային խնդիրներ ևս կան։

- Խնդիրները հատկապես կոմունալ ծառայության ոլորտում շատ էին, այստեղից մեծ ֆինանսական միջոցներ էին ծախսվում վարձակալած տեխնիկա-մեքենասարքավորումների համար։ Կապանի կոմունալ ծառայության համար նվիրատուների և այլ միջոցներով ձեռք է բերվել 3 «ԶԻԼ» և 1 «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, ինչի շնորհիվ տարեկան տնտեսվում է 13 մլն-ից ավելի գումար։ Սրա շնորհիվ այս ծառայության աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 20%-ով, ինչը լրացուցիչ խթան է այստեղ աշխատելու շահագրգռվածություն առաջացնելու համար։ Այսօր վստահ կարող եմ ասել, որ կոմունալ բոլոր ծառայությունները լիարժեք իրականացվում են։ Շատ գոհ եմ կատարվող աշխատանքներից, ինչի վկայությունը համայնքի 100 օր առաջվա ու այսօրվա վիճակի համեմատությունն է մաքրության տեսակետից։

Մշակութային կյանքի զարգացումը կարևորում եմ, քանի որ այն տվյալ համայնքի այցեքարտն է միշտ եղել ու կա։ Այդ իսկ պատճառով մշակույթի կենտրոն աշխատանքի ենք ընդունել ևս 35 հոգու, որի նպատակն է զարգացնել մշակութային կյանքը տարբեր ճյուղերով։ Շտապեմ ասել, որ Կապանը կունենա ժողգործիքների անսամբլ։ Վերջին շրջանում կազմակերպված միջոցառումները ևս խոսում են այս ոլորտի դրական առաջընթացի մասին։

Աշխատանքներ են իրականացվել նաև քաղաքաշինության, կրթության, սպորտի, ֆինանսական և մի շարք այլ ոլորտներում։ Եթե ամփոփեմ, համայնքի ղեկավարի աշխատանքը, իմ գնահատմամբ, ճիշտ ռելսերի վրա է դրված։

- Ինչպիսի՞ն էին համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ սպասելիքները և իրականությունն այսօր։

- Ինչ պատկերացնում էի, դա էլ կա, միայն ու միայն ծանրաբեռնված աշխատանք։ Երբ ինձ հարցնում են՝ ինչպես են աշխատանքները, ասում եմ՝ շատ են (խմբ․՝ ժպտում է)։ Օրական 12 և ավելի ժամ անց եմ կացնում աշխատանքային եռուզեռի մեջ, ինչում, իհարկե, մեծ է նաև համայնքապետարանի աշխատակազմի, իմ ընկերների, ընտանիքի դերակատարությունը։ Առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել։ Պետք է գիտակցես աշխատանքիդ լրջությունը, հետո ստանձնես այն։

- Այս ընթացքում հասցրե՞լ եք առնչվել ՏԻՄ օրենքի բացերի հետ։

- Միայն կարող եմ ասել, որ ցանկալի կլիներ, որ այն կառույցների վրա, որոնք գործում են համայնքի տարածքում, որևէ կերպ համայնքապետարանը կամ համայնքի ղեկավարը ազդեցություն ունենան։ Խոսքը վերաբերում է դպրոցներին, բժշկական կենտրոնին, ուժային կառույցներին և այլն։ Կարծում եմ՝ այդ դեպքում մեր համագործակությունը, համատեղ աշխատանքը առավել արդյունավետ կլինեն։

- Վերջերս խոսակցություններ են շրջանառվում մարզպետարանների աշխատակիցների կրճատման, երբեմն նույնիսկ՝ կառույցի վերացման մասին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։

- Դրանց վերացմանը միանշանակ կողմնակից չեմ, որովհետև այն յուրատեսակ խողովակ է համայնքապետարանի և համապատասխան գերատեսչությունների միջև։ Այսօրվա դրությամբ չի եղել  իմ կողմից բարձրացված մի հարց, որ այդ կառույցը շրջանցի։ Բացի դրանից՝ քաղաքացիների տարաբնույթ հարցերի պատասխանը մարզպետարանը ավելի հստակ կարող է տալ, քանի որ տարածաշրջանում կառավարության մի մասն է։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, դա բոլորովին այլ խնդիր է և ավելի վերին օղակների լուծելու հարց։

- Կապանը մեծ համայնք է՝ քաղաքային և գյուղական բնակավայրերում կուտակված բազում խնդիրներով։ Ինչպե՞ս եք համակարգում աշխատանքները, որպեսզի չտուժի նաև հեռավոր գյուղում ապրող բնակիչը։

- Նախ ասեմ, որ դեռ նախընտրական քարոզչության ընթացքում հասցրել եմ շրջել այդ բնակավայրերով ու քաղաքի թաղամասերով, հասկանալ առկա խնդիրների էությունը։ Բացի դրանից՝ իմ տեղակալներից մեկը ամենօրյա շրջայցեր է կատարում գյուղերում, տեղում հանդիպում վարչական ղեկավարներին ու գյուղացիներին։ Մի խոսքով՝ ոչ թե մասնակիորեն, այլ ամբողջովին տիրապետում եմ համայնքում առկա խնդիրներին և վստահորեն կարող եմ ասել, որ առ այսօր այն հարցերին, որոնց պետք է անմիջական լուծում տրվեր, տրվել է։

- Գաղտնի չէ, որ համայնքային բյուջեն հիմնականում բավականացնում է, կոպիտ ասած, աշխատավարձերին։ Ինչպե՞ս եք որոշում խնդիրների առաջնահերթությունները և եղած միջոցները համատեղում դրանց լուծման հետ։

- Եկեք անկեղծ լինենք, այդ սուղ միջոցներով ռեալ, առարկայական քայլեր չես կարող կատարել։ Եթե ասենք, որ դրանով կարող ենք լուծել այսպես ասած պատուհաս դարձած խնդիրները, սխալ կլինի։ Մանր-մունր հարցեր գուցե լուծենք, բայց մեծ հարցերի լուծումը պատկերացնում եմ միայն դոնոր կազմակերպությունների և կառավարության սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Օրինակ՝ 2019թ․ համար առաջնահերթությունը տվել ենք բազմաբնակարան շենքերի տանիքների և վերելակների նորոգմանը, քանի որ քաղաքացիների դիմումների զգալի մասը դրան է վերաբերում։ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 42 վերելակ և 22 տանիք կնորոգվի, բայց դա, մեղմ ասած, հարցի լուծում չէ, քանի որ համայնքում հիմնանորոգման կարիք ունեցող տանիքների թիվը 120-ի է հասնում։ Սրանց համար նույնպես պետք է դիմենք կառավարության սուբվենցիոն ծրագրերին, տարածաշրջանի խոշոր կազմակերպություններին, ինչպես, ասենք, «Զանգեզուրի ՊՄԿ», «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ներին և այլն։ Այլ տարբերակ, գոնե այս պահին, չեմ տեսնում։

- Հաշվետու այս ժամանակահատվածում առանձնացրեք մեկ-երկու կարևոր նախաձեռնություն, որոնք ի կատար են ածվել։

- Թերևս ամենամեծ աշխատանքը, որ կատարեցինք, Աղվանի տանող ճանապարհի մոտ 22կմ հատվածի անցանելի դարձնելն էր։ Այն իսկապես արդեն անանցանելի էր դարձել, ջրահեռացման, խճապատման, հարթեցման կատարված աշխատանքների շնորհիվ ճանապարհը դեռ մի քանի տարի կծառայի։ Հաջորդը ՆՈՒՀ-երին սպանդանոցային ծագման տավարի մսով մատակարարելու կարևոր հարցն էր։ Արդեն մի քանի ամիս է՝ մեր երեխաները տավարի միս չէին ուտում մանկապարտեզում։ Մեզ հաջողվեց գտնել մատակարար, ով պատրաստ է հաստատություններին տրամադրել օրենքով նախատեսված, չափանիշներին համապատասխան տավարի միս։ Առանձնացնեմ նաև Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի ջեռուցման հարցի լուծումը․ լոկալ համակարգում կատարված աշխատանքների շնորհիվ հաստատությունը տարիներ անց  նորմալ ջեռուցվում է արդեն։

- Իսկ ի՞նչ կասեք այն խնդիրների մասին, որոնց լուծումը գոնե առաջիկայում չեք տեսնում։

- Ժառանգություն ստացած լուրջ խնդիրներից է ցեմենտի աղացման արտադրամասի ճակատագիրը և համայնքային տրանսպորտի՝ ամսական 3-3,5 մլն դրամ սուբսիդավորումը։ Այս երկրորդը տնտեսագիտական ոչ մի կանոնի մեջ չի մտնում, ինչպես կարելի է սուբսիդավորել արդեն իսկ կայացած կազմակերպությանը, այն էլ համայնքապետարանի սուղ միջոցներից։ Սուբսիդավորել կարելի է մի կառույց, որը նոր է սկսում բիզնես ոլորտում քայլեր անել։ Կաղնուտ տանող ճանապարհի վատթար վիճակն էլ է մտահոգիչ, որի համար նույնպես զգալի միջոցներ են անհրաժեշտ։ Բայց ասեմ, որ երևի թե հաջորդ նշանակալից գործս դրա վիճակի բարելավումը կլինի։

- Գիտենք, որ Կապանը հանրապետությունում աղքատության բարձր ցուցանիշ ունեցողներից է, իսկ դրա նվազեցման համար պետք է աշխատատեղեր ստեղծվեն։ Գործնական առաջարկներ եղե՞լ են այս ժամանակահատվածում։

- Ո՛չ, այս պահին բիզնես ծրագրերի իրականացման համար կոնկրետ առաջարկներ չկան։ Բայց կուզենայի մի կետի վրա էլ մարդկանց ուշադրությունը սևեռել։ Աշխատանքի տեղավորման հարցերով ինձ դիմում են տարբեր տարիքային խմբի մարդիկ՝ նշելով նաև, թե որտեղ են ուզում աշխատել՝ Զանգեզուրի ՊՄԿ-ում միայն, հակառակ դեպքում չեն համաձայնում իմ՝ այլ աշխատանքի անցնելու առաջարկին։ Միջնորդում եմ տեղավորվելու աշխատանքի ինչքան որ ստացվում է, իհարկե, ոչ ԶՊՄԿ-ում։ Արդեն մարդու դեմքից գուշակում եմ՝ ԶՊՄԿ-ում է ուզում աշխատել, թե՝ այլ տեղ։

- Քաղաքական խառը ժամանակներում ստանձնեցիք պաշտոնը, փոշմանե՞լ եք։

- Իհարկե ոչ։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, գիտակցելով եմ գնացել դրան․ հնարավոր ամեն ինչ անել ի շահ համայնքի, հօգուտ քաղաքացու։ 

Զրույցը վարեց Արմինե Հարությունյանը

18:00 05.02.2019

Ամենաշատ ընթերցվածները