ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փրկարարներն ամփոփեցին 2018-ին կատարածը
20:00 05.02.2019

Փրկարարներն ամփոփեցին 2018-ին կատարածը

Սյունիքի մարզպետարանի դահլիճում մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց անցած տարում կատարած աշխատանքը: Ներկա էին փրկարարներ, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ: Զեկուցումով հանդես եկավ Սյունիքի մարզային փրկարարական վարչության  պետ փրկարարական ծառայության գնդապետ Բագրատ Զաքարյանը:

Զեկուցողը  նշեց, որ  մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական և վարչության աշխատանքային պլաններով նախատեսված միջոցառումները, տրված հանձնարարականներն իրականացվել են ամբողջությամբ: Վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17382 հեռախոսազանգ, որոնք հիմնականում եղել են ճանաչողական ու տեղեկատվական բնույթի, զանգերից 793-ին արձագանքել են, 147-ը փոխանցվել է այլ ծառայությունների: Վարչության պետն այնուհետև անդրադարձավ արտակարգ դեպք-պատահարներին. «2018-ին մարզի տարածքում հաշվառվել է 793 արտակարգ դեպք-պատահար (2017թ.` 775), որոնց հետևանքով զոհվել է 39 (2017թ.՝ 26), տուժել՝ 193 (2017թ.՝ 229) մարդ: 2017թ. համեմատությամբ հաշվառված դեպքերն ավելացել են 18-ով կամ 2,32%-ով, զոհերի թիվը նույնպես ավելացել է 13-ով կամ 50%-ով, իսկ տուժածներինը՝ նվազել 40-ով կամ 17,46%-ով»: Բագրատ Զաքարյանի խոսքով զոհերի թվի ավելացումը պայմանավորված է բարձր արագությամբ երթևեկելով, ճանապարհների ոչ այնքան բարվոք վիճակով։ Ներկայացվեցին հրդեհների վիճակագրական տվյալներ: «Հրդեհների թիվը մարզում ավելացել է 83-ով, զոհեր չեն եղել, վիրավորվել է 6 (2017թ.՝ 5) մարդ: Հրդեհների զգալի մասը՝ 380-ը, առաջացել է անտառային և այլ բուսածածկ տարածքներում (2017թ.՝ 280): Բնակելի շինություններում առաջացել է 21 հրդեհ (2017թ.` 10)»։

Այնուհետև վարչության պետը ներկայացրեց քարաթափման, վարարումների, ձյան մեջ արգելափակումների, հորդառատ անձրևների ու կարկուտի, ուժեղ քամիների, փլուզումների, սողանքների և այլ տարերային աղետների թվերը՝ համեմատության մեջ դնելով նախորդող տարվա թվերի հետ։

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային ու Կապանի լեռնահարստացման կոմբինատներում և Կապանի թիվ 9 ավագ դպրոցում:

Զոհերի թվի ավելացումը խիստ մտահոգեց մարզպետ Հունան Պողոսյանին, ով առաջարկեց արդյունավետ համագործակցել պատկան մարմինների հետ. «Ցանկացած մեկ զոհ բոլորիս համար պետք է լուրջ քննարկման առիթ լինի, - ասաց նա, - պետք է հետևողական լինենք ճանապարհատրանսպորտային նշանների արդյունավետ տեղադրման, հսկողության ուժեղացման գործում»:

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության  տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը իր ելույթում նշեց, որ 2019-ին փրկարարական ծառայության տեխնիկան ամբողջությամբ  կփոխվի. «Ռուսականի փոխարեն կլինի ճապոնական արտադրության տեխնիկա, դրանք փետրվարի 13-ին  արդեն մեզ մոտ կլինեն»:

Առավել աչքի ընկած փրկարարները շնորհակալագրերի  ու թանկարժեք նվերների արժանացան գումարի, համակարգչի և այլ նվերների տեսքով։ Դրանցից մեկի անհրաժեշտությունը ծառայությունում վաղուց էր զգացվում․անօդաչու թռչող սարքը հանձնեց «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը, ով նշեց, որ դա «ԶՊՄԿ» ՓԲԸ խորհրդի անդամ Վահե Հակոբյանի նվերն է, նա ծանոթ է ոչ միայն մարզի կյանքին, այլև արտակարգ իրավիճակների բնագավառին և կարծում է, որ սարքի առկայությունը կօգնի առավել արդյունավետ լուծել ծագող խնդիրները:

2019թ․ ծրագրով նախատեսվում է փրկարարների վերապատրաստում երկրի ներսում և դրսում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության  տարածքում:

Անուշ Միրզոյան

 

20:00 05.02.2019