ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պետությունը ո՞վ է
21:00 05.02.2019

Պետությունը ո՞վ է

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է պետությունը և ինչպես պետք է գործի: Լսել ենք, չէ՞, «պետական մարդ էր», «պետական մտածողություն է պետք ունենալ, որպեսզի երկիրը զարգանա» արտահայտությունները: 2019թ. փետրվարի 2-ին Ազգային ժողովում լրագրողների աչքից հեռու կայացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և կառավարության որոշ անդամների փակ քննարկումը: Հանդիպումից հետո որոշ պատգամավորներ լրագրողներին իրարամերժ տեղեկատվություն տվեցին, իսկ որոշները ուղղակի արհամարհեցին և շտապ լքեցին շենքը: Եվ մինչ լրագրողները գանգատվում են, որ սա տեղեկատվության ազատության ոտնահարում էր, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը գանգատվում է, որ «Իմ քայլը» իրավունք չունի պետականության խորհրդանիշ ԱԺ շենքը իր անձնական գրասենյակի վերածելու, մենք, մեր թերթի ավանդույթների համաձայն, ավելի խորքային վտանգների մասին կխոսենք, որոնք դեռ չեն քննարկվում, մինչդեռ դրանք շատ ավելի կարևոր են, քան վերոնշյալները:

Ի՞ՆՉ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Իշխանությունների տարանջատման սկզբունքը ժողովրդավարական պետության մեջ պետական իշխանության բանական կազմակերպումն է, որի առկայության պարագայում իրականացվում են պետության բարձրագույն մարմինների փոխադարձ վերահսկողությունը և փոխգործակցությունը հակակշիռների և զսպումների համակարգի միջոցով։ Այս սկզբունքի էությունն այն է, որ միասնական պետական իշխանությունը բաժանվում է երեք հարաբերականորեն անկախ ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական։ Սրան էլ համապատասխան ստեղծվում են պետության բարձրագույն մարմինները, որոնք փոխներգործում են հակակշիռների և զսպումների մեխանիզմի հիման վրա` միմյանց նկատմամբ իրականացնելով մշտապես գործող հսկողություն։ Իշխանության յուրաքանչյուր ճյուղ, բացի ընդհանուր շահերից, ունի նաև իր, որպես որոշակի համակարգ, յուրահատուկ օբյեկտիվ շահերը։ Բացի դրանից, գոյություն ունեն նաև օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պաշտոնատար անձանց սուբյեկտիվ, խմբակային և անհատական շահեր, որոնք նույնպես էականորեն ազդում են այդ ճյուղերի գործառնության վրա։ Հենց այդ շահերի ազդեցությամբ է հիմնականում բացատրվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև հավասարակշռությունն ապահովելու, նրանց միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմ կիրառելու անհրաժեշտությունը։

Հիմա փորձենք ավելի հանրամատչելի բացատրել, թե ինչու է կարևոր ունենալ փաստացի իշխանությունների տարանջատման սկզբունքը: «Պետությունը ես եմ», - ասում էր Լյուդովիկոս 14-րդը: (Ի դեպ, պատմականորեն ուղղակի ապացույցներ չկան, որ նա սա ասել է, բայց այս արտահայտությունը օգտագործում են առ այսօր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պետությունը իշխանությունից չեն տարբերում): Նիկոլ Փաշինյանը և թիմը, Սերժ Սարգսյանը և թիմը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ու այսպես մինչև Բագրատունիներ և այլն, ոչ ոք, լսո՞ւմ եք, ոչ ոք պետություն չի եղել, նրանք եղել են իշխանություն:

 

Որպես կանոն, իշխանությունների տարանջատման սկզբունքն առավել հետևողական է կիրառվում ժողովրդավարական իրավական պետություններում, մինչդեռ ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների համար ավելի բնութագրական է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների սերտ միասնությունը, որի ծայրահեղ դրսևորումը բոլոր երեք իշխանությունների կենտրոնացումն է մեկ մարմնում։

Ոչ հեռավոր անցյալում

Ոչ հեռավոր անցյալում՝ մինչև 2018-ի հեղափոխությունը, մենք իշխանությունների տարանջատում չունեինք: Կառավարությունը կամ գործադիրը Ազգային ժողով էր բերում օրենսդրական նախագծեր, կոճակասեղմիչ պատգամավորները կամ օրենսդիրը հաստատում էին այդ ամենը մեծամասնությամբ, և կյանքը հրաշալի էր միայն իշխանավորների համար, քանզի ամբողջ աշխարհի համար մենք՝ որպես դեմոկրատական երկիր, ունեինք իշխանության երեք թև, բայց դրանք գրպանային էին տվյալ ժամանակաշրջանի նախագահի համար: Դատական համակարգը էլ ավելի տխուր վիճակում էր: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Արդարադատության խորհրդի անունից որոշում էր՝ երբ և որտեղ պետք է նշանակվեր այս կամ այն դատավորը, այնուհետև տանում էր մեկ ընտրված թեկնածուի անունը նախագահին, ով ձևավորում էր այդ Արդարադատության խորհրդի կազմը, իսկ նա ստորագրում էր հրամանը: Կռահե՛ք, թե ում ձեռքի տակ էր այդ դատավորի ճակատագիրը: Ահա այսպես էլ ապրում էինք մեկ անձի շուրջ սերտաճած իշխանության երեք թևերով: Ընդդիմության երբեմնի պոռթկումները իշխանության թևերի սերտաճման վերաբերյալ առանձնակի փոփոխությունների չէին հանգեցնում:

Հեղափոխությունից հետո

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ամենակարևոր հարցը, որը իրենց տալիս են կրթված, պետականությունից հասկացող մարդիկ, այն է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կկարողանա ապահովել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Այսինքն՝ հնարավոր կլինի՞ մի իրավիճակ, երբ կառավարությունը, օրինակ, կբերի հարկային օրենսգրքի նոր փաթեթ, իսկ պատգամավորները ոչ թե հլու-հնազանդ կոճակ կսեղմեն, այլ կվերլուծեն, կմատնանշեն բացթողումները և հետ կուղարկեն կիսաեփ օրինագծի փաթեթը, միաժամանակ կստուգեն դրա սահմանադրականությունը և օրինականությունը դատական իշխանության հետ միասին: Գործադիր, օրենսդիր իշխանությունների փետրվարի 2-ի հանդիպումը Ազգային ժողովում փակ դռների հետևում ոչ մի աղերս չունի իշխանությունների տարանջատման սկզբունքի հետ: Սա առաջին ազդակն է առ այն, որ նորընտիր իշխանության երկու թևերն առանձնապես չեն մտածում պետության զարգացման գրագետ ճանապարհի շուրջ: Նրանք չեն հասկանում, որ պատահական չէ, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը իրավական պետության բաղկացուցիչ մասն է։ Եթե հասկանային, այսպիսի անխոհեմ քայլի չէին դիմի:

Որպես վերջաբան

Հիմա ո՞վ է մեր պետությունը: Նիկոլ Փաշինյա՞նը, ով Ազգային ժողովի դահլիճում փակ հանդիպում է անցկացնում իշխանության երկու սերտաճած թևերի հետ, թե՞ քաղաքացիները, որոնք արդեն փաստացի չեն վերահսկում իշխանություններին: Այս իրավիճակում մեր պետականությունը զարմացած նայում է այս անհասկանալի իրադարձությունների զարգացմանը և երազում, որ մի օր Հայաստանի Հանրապետությունը լինելու է բոլորինը, իշխանության տարբեր թևերի և առանձին մարդկանց կողմից լինելու է փոխզսպված և չի ասոցացվելու որևիցե իշխանավոր անձի հետ:

Արման Սուլեյմանյան


21:00 05.02.2019

Ամենաշատ ընթերցվածները