ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դայակների վերապատրաստում պետության հաշվին
17:00 07.02.2019

Դայակների վերապատրաստում պետության հաշվին

Գայանեն, Ելենան, Նաիրան, Սուսաննան, Հերմինեն և Անահիտը փետրվարի մեկին հաջողությամբ հանձնեցին քննությունը և ստացան դայակի վկայական։ Փաստաթուղթը կհավաստի, որ վերջիններս մասնակցել են Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի իրականացրած դայակների վերապատրաստման երկամսյա դասընթացին, ձեռք բերել երեխայի խնամքի կազմակերպումից մինչև առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններ։

Հաշվի առնելով, որ դայակների պահանջարկը գնալով աճում է, տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով, որոշեցին 6 գործազուրկ կանանց մասնագիտական ուսուցումը կազմակերպել հենց այդ ուղղությամբ՝ նախապատվությունը տալով «Դայակների ուսուցում» ծրագրին։ «Աշխատաշուկայում գործազուրկներին մրցունակ դարձնելու նպատակով տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Նպատակը մեկն է՝ դայակների հարցում մայրերի ընտրության հնարավորությունը մեծացնել, որպեսզի նրանք հարևանին, տատիկին կամ ընկերուհուն չընտրեն որպես դայակ, այլ ավելի պատրաստված մեկին։ Անցած տարվա սեպտեմբերից մինչ այժմ «Դայակ պետության հաշվին» ծրագրով կապանցի 9 մայրիկ, ովքեր մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում էին գտնվում, հնարավորություն են ստացել վերադառնալ աշխատանքի։ Ի դեպ, պայմանագիրը կնքվում է ծնողի ու դայակի միջև։ Պետությունը վճարում է դայակի աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը», - տեղեկացրեց Ա․Հակոբյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը շատ է, իսկ կենտրոնում նախապատվությունը տալիս են ավելի վաղ դիմում ներկայացնողներին։

«Դասընթացը սկսվել է դեկտեմբերի 2-ից, հաճախել ենք շաբաթական 5 օր՝ հագեցած գրաֆիկով, և այդ ընթացքում ուսումնասիրել դայակի մասնագիտությանը առնչվող յուրաքանչյուր դետալ և սովորել երեխայի խնամքի համար անհրաժեշտ առաջնային պահանջները։ Մասնագիտությամբ հոգեբան լինելս ավելի է օգնում հեշտությամբ յուրացնել մատուցվող գիտելիքները և ձեռք բերել հմտություններ ու կարողություններ», - նշում է դասընթացի մասնակից Անահիտ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ինքը, նույնպես ծնող լինելով, միանշանակ իր երեխայի խնամքը կվստահի ավելի փորձառու մասնագետին, դե իսկ այս գործում երեխայի հանդեպ սերն ու քնքշանքը, ըստ նրա, պարտադիր նախապայմաններ են։

Ով է վերապատրաստում

Կապանի պետական բժշկական քոլեջում են անցկացվում դասընթացները, վերապատրաստողներն էլ քոլեջի դասախոսներն են։ Մասնագիտական ուսուցման ծրագիրը քոլեջն է մշակել, պետությունը՝ հովանավորում, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է։ Այն համարվում է լրացուցիչ կրթական ծրագիր և անցել է մի քանի փուլով։ Նախ իրականացնելու համար երաշխավորություն  ստանալու նպատակով ներկայացվել է կրթության և գիտության նախարարություն, ապա մասնագիտական ուսուցման ազգային հիմնադրամի կողմից փորձաքննվել է։

Այսպիսով՝ մինչև 2021 թվականը քոլեջը իրավունք է ստացել իրականացնելու լրացուցիչ կրթական ծրագիր «Դայակ» մասնագիտությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթին քոլեջը ներկայացրել է հայտը և հաղթող ճանաչվել։ «Տրամադրվող վկայականը ունի ճանաչում, այնտեղ կան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, զբաղվածության կենտրոնի և բժշկական քոլեջի կնիքները», - վստահեցնում է քոլեջի տնօրեն Արաքսյա Սարգսյանը։

Վերջում նշենք, որ Կապանի տարածքային զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների գերակշռող մասը կին է՝ 1155-ից 828-ը։

Նելլի Միրզախանյան

17:00 07.02.2019

Ամենաշատ ընթերցվածները