ԱՎԵԼԻՆ

Հասարակական

4 տարվա ազատազրկման դատապարտված բժիշկներից 2-ն արդարացվել են
20:00 07.02.2019

4 տարվա ազատազրկման դատապարտված բժիշկներից 2-ն արդարացվել են

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 4-ական տարով դատապարտել էր չորս բժշկի անազատության, սակայն «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ նրանց ազատել էր պատժից:

Խոսքը ՀՀ ՊՆ զորամասում որպես գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Կարեն Ջուլհակյանի, ՊԲ հավաքակետում որպես բուժկետի պետ-բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանի, զորամասում որպես բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցի, թերապեւտիկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Չախոյանի տասներկու հատորանոց քրեական գործի մասին է: Վերաքննիչ քրեական դատարանը Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան եւ Ռ. Բարսեղյան կազմով երկու օր առաջ արդարացրել է Արկադի Չախոյանին, ում պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Գեղամ Հակոբյանը եւ Մհեր Դավիդյանցին, ում պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը: Ինչո՞ւ բողոքով դիմեցիք, չէ՞ որ համաներումը Ձեր պաշտպանյալի նկատմամբ տարածվել էր, «Առավոտի» հարցին փաստաբան Գեղամ Հակոբյանը պատասխանեց. «Քանի որ միանշանակ էր Արկադի Չախոյանի մեղքի բացակայությունը»։

Ըստ գործի նյութերի, Վարուժան Մանասյանը ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետի 2012 թվականի նոյեմբերի 13-ի կարգադրության հիման վրա ՊԲ հավաքակետի պետի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանով գործուղվել է ՀՀ ՊՆ հավաքակայան` որպես 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՊԲ N զորամաս զորակոչվող նորակոչիկներին ՊԲ հավաքակետ ուղեկցող շարասյան ավագ. «Գործուղումից առաջ Վարուժան Մանասյանը ՊԲ հավաքակետի պետի կողմից հրահանգավորվել է` ճանապարհին, ուղեկցման ժամանակ, նորակոչիկներից որեւէ մեկի կողմից առողջական գանգատներ ունենալու դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հիվանդին շտապ հոսպիտալիզացնելու համար, դադարեցնելով հետագա տեղափոխումը»: 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 22-23-ի սահմաններում, հավաքակայանից դեպի հավաքակետ տեղափոխման ժամանակ, Եղեգնաձոր քաղաք չհասած, նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը սրտխառնոց է ունեցել: Այդ պատճառով ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը եւ Ն. Սահակյանը փսխել է: Վարուժան Մանասյանը շարքային Վահագն Պողոսյանի միջոցով տեղեկանում է նորակոչիկի հետ կատարվածի մասին, եւ ըստ մեղադրանքի, «պարտավոր լինելով Ն. Սահակյանի առողջական վիճակը պարզելու համար նրան բուժզննության ենթարկելու, վերջինիս հետագա տեղափոխումը դադարեցնելու եւ շտապ հոսպիտալիզացնելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելով, չի զննել Նորայր Սահակյանին, չի դադարեցրել վերջինիս հետագա տեղափոխումը»: Նորակոչիկը բարձր ջերմությունով տեղափոխվել է ՊԲ հավաքակետ, որտեղից 2012 թվականի դեկտեմբերի 22-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Իվանյանի զինհոսպիտալ:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 08:30-ին, Իվանյանի զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է Նորայր Սահակյանի կենսաբանական մահը: Ի դեպ, առաջին ատյանի դատարանն արձանագրել էր, որ Կարեն Ջուլհակյանի, Մհեր Դավիդյանցի եւ Արկադի Չախոյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը շուրջ յոթ ամիս հետաձգվել է ամբաստանյալ Վարուժան Մանասյանի բացակայության պատճառով: Արկադի Չախոյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք էր տվել, որ 2011 թվականին դեկտեմբերի 24-ին պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Իվանյանի զինվորական հոսպիտալի թերապեւտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով ավագ լեյտենանտ, զորացրվել է 2013 թվականի դեկտեմբերի 27-ին: 2012թ. դեկտեմբերի 22-ին Իվանյանի զինհոսպիտալում նշանակվել էր որպես հերթապահ բժիշկ: Այդ օրը, ժամը 14:00-ի սահմաններում, ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցը նրան է ներկայացրել Նորայր Սահակյանին: Նորակոչիկի ջերմությունն այդ ժամանակ եղել է 39,6: Ըստ ցուցմունքի, ինքը եւ Մ.Դավիդյանցը միասին կատարել են ընդհանուր զննում, նշանակվել է բուժում, լրացվել հիվանդության պատմությունը, որից հետո հիվանդները, մեկ այլ նորակոչիկ էլ, սանիտարական մեքենայով տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունք: Երբ տուն է գնացել, զանգել է հերթապահ բուժքրոջը եւ լրացուցիչ, բանավոր կերպով ասել բուժման հերթականությունը, թե ինչպես պետք է կատարվի, ինչպես նաեւ սահմանվի դինամիկ հսկողություն զարկերակային ճնշման եւ ջերմության նկատմամբ, եւ ցանկացած գանգատի, անհանգստացնող վիճակի դեպքում տեղյակ պահի իրեն կամ Ա. Սայիյանին: Երբ ժամը 18:30-ի սահմաններում գնացել է հիվանդների վիճակով հետաքրքրվելու, այդ ժամանակ Ն. Սահակյանը հանգիստ քնած է եղել, նրան զննելու կարիք չի առաջացել:

«Ընթրիքից հետո տեղեկացել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են ընթրիքին, որից հետո կատարվել է դեղահաբերի բաժանում եւ կրկնակի ջերմաչափումներ: Այդ ժամանակ բարձր ջերմող եւ անհանգիստ հիվանդներ չեն եղել: Ժամը 22:00-ին սահմանված կարգով կա համայցի ժամ, ինքն ու Ա. Սայիյանը կատարել են երեկոյան համայց, այդ ժամանակ ծանր կամ միջին ծանրության հիվանդներ չեն եղել, բոլոր հիվանդների վիճակը եղել է բավարար, կոնկրետ Ն.Սահակյանինը եւ Դ. Ղարագյոզյանինը ընթացել է դրական դինամիկայով: Արդեն ժամը 00:30-ի սահմաններում Ա. Սայիյանն իրեն տեղեկացրել է, որ ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդներից մեկն իրեն լավ չի զգում, եւ որ ինքը գնում է նրա մոտ: Ինքն առաջարկել է գնալ, սակայն Ա. Սայիյան ասել է, որ եթե անհրաժեշտ լինի` կկանչի: Մոտ կես ժամ անց ինքը զանգահարել է Ա.Սայիյանին եւ կրկին առաջարկել գնալ, Սայիյանն ասել է, որ քիչ անց ինքը հիվանդին կբարձրացնի վերակենդանացման բաժանմունք: Ժամը 01:00-ի սահմաններում հիվանդը սանիտարական մեքենայով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այդ մասին արդեն զեկուցվել էր զորամասի հրամանատարին, ինչպես նաեւ մեքենա էր ուղարկվել մյուս մասնագետների եւ անհրաժեշտ սարքավորումների հետեւից:

Վերակենդանացման բաժանմունքում Նորայր Սահակյանի վիճակը վատացել է, կատարվել է ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառական ապարատին, որից հետո նոր եկել են մասնագետները, կատարվել է զննում, խորհրդակցություններ: Առավոտյան ժամը 08:00-ին գրանցվել է կենսաբանական մահ»,- ասել էր բժիշկ Չախոյանը: Ըստ բժշկի, հիվանդի ախտորոշման պայմաններում անհապաղ ռենտգեն հետազոտության կարիք չի եղել, իսկ պլանային հետազոտության համար հիվանդը պետք է տեղափոխվեր Ստեփանակերտի հոսպիտալ, որը նրա բարձր` 39.6 աստիճան ջերմության պայմաններում նպատակահարմար չէր: Իսկ ժամը 22:00-ի դրությամբ հիվանդի մոտ որեւէ խնդիր չի եղել, այդ պատճառով նրա վիճակը չէր կարող գնահատվել ծանր: Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրը, որպես վկա, հայտնել էր. «Նորայրը մանկական տարիքում ստացել է բոլոր պատվաստումները եւ ոչ մի խնդիր չի ունեցել, ընդհանրապես առողջությունից չի բողոքել: 12 տարեկանից մինչեւ 2012 թվականը զբաղվել է բռնցքամարտով եւ անցկացված բժշկական ստուգումների ժամանակ որեւէ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: 21.12.2012թ., ժամը 09:30-ին, Նորայրի կողմից բանակ զորակոչվելու օրը ինքը որդու հետ միասին գնացել է Էրեբունու զինկոմիսարիատ, որտեղ Նորայրը կրկին բժշկական հետազոտման է ենթարկվել եւ տեղափոխվել հավաքակայան, իսկ ինքը գնացել է տուն: Իր կողմից տանը գտնվելու ժամանակ Նորայրը հավաքակայանից 3 անգամ` մոտավորապես ժամը 15:00-ին, ժամը 17:00-ին եւ ժամը 21:22-ի սահմաններում տարբեր բջջային հեռախոսահամարներով զանգահարել է իրեն եւ ասել, որ իրեն լավ է զգում, իսկ վերջին զանգի ժամանակ ասել է, որ ավտոբուսով անցել են Արտաշատը եւ գնում են Ղարաբաղ:

22.12.2012թ. ժամը 08:00-ի սահմաններում Նորայրը կրկին զանգահարել է իրեն եւ ասել, որ գտնվում են ք. Սիսիանում կամ ք. Գորիսում, որ ճանապարհին մի քիչ պրոբլեմ է եղել ու քիչ հետո կհասնեն Ղարաբաղ: Նույն օրը, ժամը 13:30-ից 14:00-ի սահմաններում, իր եղբայր Եղիշ Սահակյանից իմացել է, որ Նորայրը ջերմություն ունենալու պատճառով տեղափոխվել է Խոջալուի զինհոսպիտալ: Իրենք այդ մասին տեղեկանալով՝ շատ չեն անհանգստացել, քանի որ հասկացել են, որ դա կապված է պատվաստումների հետ: Նույն օրը, ժամը 18:00-ին ինքը հեռախոսով խոսել է Նորայրի հետ, որն իրեն ասել է, որ ջերմությունն է բարձրացել, քույրը ջերմիջեցնող է ներարկել եւ 1-2 օրից կտեղափոխվի զորամաս: Ժամը 21:22-ի սահմաններում ինքը կրկին հեռախոսով խոսել է Նորայրի հետ, որը խուսափել է երկար խոսելուց եւ ասել է, թե` «վաղը կզանգեմ, կխոսանք», իսկ երբ կինն է խոսել որդու հետ, ասել է, որ Նորայրի ձայնը դուրը չի եկել: Հաջորդ օրը՝ ժամը 08:30-ին, եղբորից տեղեկացել է, որ Նորայրն առավոտյան զինհոսպիտալում մահացել է»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ 


20:00 07.02.2019

Ամենաշատ ընթերցվածները