ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բուսակերություն․ առողջությու՞ն, թե՞ թրենդ
21:00 09.02.2019

Բուսակերություն․ առողջությու՞ն, թե՞ թրենդ

«Ինձ առաջարկել են կյանք այն պայմանով, որ ես պետք է ուտեմ բիֆշտեքս։ Բայց ավելի լավ է մահ, քան կանիբալիզմ», - սա Բեռնարդ Շոուի հայտնի արտահայտությունն է, երբ նա հիվանդ էր, և բժիշկները նրան ասացին, որ երբեք չի լավանա, եթե անհապաղ չսկսի միս ուտել։ Նա պատասխանեց այդ արտահայտությամբ։ Իհարկե, նրա ասածը չափից դուրս ծայրահեղական է, բայց այսօր էլ շատ շատերը մտածում են հենց այդպես։

Ի՞նչ է բուսակերությունը

Բուսակեր համարվում են այն մարդիկ, ովքեր հրաժարվում են կենդանական ծագման սննդից։ Շատերը այս որոշումը կայացնում են գիտակցված, մի մասը կրոնի համար, մի մասը որևէ առողջական խնդրից ելնելով, իսկ մի մյուս մասն էլ ուղղակի թրենդային լինելու համար։ Եթե նախկինում մոդան իր մեջ ներառում էր զգեստները, մազերի ձևը, մարդու ոճը, ապա այսօր սնվելու ձևը նույնպես կարող է լինել մոդայիկ։ Անկախ նրանից, թե ինչ մոտիվներով են մարդիկ անցնում այս սննդակարգին, պետք է հստակ հասկանալ, որ ամեն օրգանիզմ չէ, որ ընդունում է բուսակերությունը։

Կան դասական բուսակերներ, ովքեր մասամբ են հրաժարվում կենդանական ծագման սննդից, այսինքն՝ երբեմն կարող են օգտագործել ձուկ, ձու կամ կաթնամթերք։ Իսկ կոնկրետ բուսակերները առհասարակ օգտագործում են միայն բուսական ծագման սնունդ։

Բուսակերության հետ կապված տարբեր մասնագետներ ունեն տարբեր կարծիք, մի մասը ասում է, որ այն վնասում է օրգանիզմին, իսկ մյուս մասը պնդում է հակառակը։

Անկախ բուսակերության տեսակից՝ բոլորն էլ սննդակարգում շատ են օգտագործում հում բանջարեղեն և մրգեր։ Այդ պատճառով նման սննդակարգը հակացուցված է մի շարք խրոնիկ հիվանդությունների դեպքում՝ գաստրիտ, աղեստամոքսային տրակտ, պանկրեատիտ և այլն։ Առողջ մարդկանց մեջ հում բանջարեղենը առաջացնում է փքվածություն, իսկ վերոնշյալ հիվանդություններ ունեցողների մոտ սկսում են բարդույթներ։ Բուսակերությունը հատկապես հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն քարեր երիկամներում և լեղապարկում։

Բուսակերությունը հակացուցված է երեխաներին

Հաճախ ծնողները, լինելով բուսակեր, իրենց երեխաներին էլ սովորեցնում են այս սննդակարգին և զրկում միս ուտելուց։ Բայց, եթե նման սնունդը օրգանիզմի համար բնական  պահանջ չէ, այդ դեպքում երեխան մշտապես ունենում է քաղցի զգացողություն։ Իսկ նման դեպքում երեխան կսկսի իր քաղցը հագեցնել չափից դուրս շատ քաղցրի օգտագործմամբ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել շաքարային դիաբետի կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների։ Պետք է թույլ տալ, որ երեխաները, դառնալով մեծահասակ, իրենք ընտրեն, թե ինչ սննդակարգի են ցանկանում հետևել։

Ինչպես որոշել

Եթե, այնուամենայնիվ, դուք որոշել եք դառնալ բուսակեր, պետք է դա անել աստիճանաբար։ Հակառակ դեպքում օրգանիզմը այդ երևույթը ընդունում է ինչպես սթրես։ Պետք է հաշվի առնել օրգանիզմի ազդանշանները և հասկանալ․ արդյո՞ք ձեր օրգանիզմին դա անհրաժեշտ է, թե՞ ձեր ընտրությունը հիմնված է ուղղակի համոզմունքների վրա։ Լավ կլինի չհրաժարվել կաթից և կաթնամթերքից, այսինքն՝ սննդակարգից հիմնովին չհանել կենդանական ծագման սնունդը։ Եթե մեկ ամսվա ընթացքում ձեր ինքնազգացողությունը լավ է լինում, ցավեր չեք ունենում, քաղցի զգացողություն չեք ունենում, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը լավ է ընդունում բուսակերությունը։

Եթե արդեն երկար ժամանակ է, ինչ անցել եք բուսակերության և ունեք վերոնշյալ խնդիրները, բայց չեք պատրաստվում հրաժարվել ձեր համոզմունքներից և բուսակերությունից, խորհուրդ է տրվում այցելել բժշկի, ով կնշանակի ձեզ համապատասխան վիտամինային խումբ, որը օգտագործում են ողջ տարվա կտրվածքով։

Այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ ցանկացած սննդակարգ, ներառյալ նաև բուսակերությունը, պետք է լինի բազմազան և հավասարակշռված։ Միայն այդ դեպքում դա օգուտ կտա օրգանիզմին, այլ ոչ թե հակառակը։

Սոնա Օհանջանյան

 

21:00 09.02.2019

Ամենաշատ ընթերցվածները