ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․Չեխով․ «Հիվանդասենյակ № 6»
17:00 10.02.2019

Ա․Չեխով․ «Հիվանդասենյակ № 6»

Նա, ով քսան տարի կոչված էր բուժելու հոգեկան հիվանդներին, մի օր ինքն է հայտնվում նրանց կողքին։ Ովքե՞ր են խելագարները։ Նրա՞նք, որ բռնի պահվում են հիվանդասենյակում, թե՞ նրանք, որ ազատ շրջում են՝ իրենց իրավունք վերապահելով որոշել ուրիշների ճակատագիրը։ «Հիվանդասենյակ № 6» պատմվածքով ընթերցողին զրույցի է հրավիրում Անտոն Չեխովը։

Հիվանդասենյակում հինգն են։ Նրանցից միայն մեկն է ազնվական դասից՝ մոտ երեսունհինգ տարեկան Իվան Դմիտրիչ Գրոմովը։ Նախկին դատական պրիստավն ու նահանգական քարտուղարը տառապում է հալածավախությամբ․ «Երբ նա խոսում է, դուք նրա մեջ տեսնում եք խելագարին և մարդուն»։ Իսկ նա խոսում է ստորության ու անարդարության, ապագայի հիանալի կյանքի ու պատուհանների վանդակների մասին, որոնք ամեն րոպե հիշեցնում են բռնացողների բթամտությունն ու դաժանությունը․ «Ինչի մասին էլ որ խոսեիր նրա հետ, նա բոլորը կհանգեցներ մի բանի․ քաղաքում մարդ խեղդվում է, և կյանքը ձանձրալի է, հասարակությունը բարձր շահագրգռություններ չունի, վարում է անփայլ, անիմաստ կյանք՝ այդ կյանքը բազմազան դարձնելով բռնությամբ, կոպիտ անբարոյականությամբ ու կեղծավորությամբ, սրիկաները կուշտ են ու լավ հագնված, իսկ ազնիվ մարդիկ փշուրներով են ապրում»։

Հիվանդանոցում գարշահոտությունն ու ծեծը անպակաս են։ Ծեր պաշտոնաթող զինվոր Նիկիտան կարգ ու կանոնը պահելու հստակ ձև ունի․ «Նա խփում է դեմքի, կրծքի, մեջքի, ինչ տեղի որ պատահի, և հավատացած է, որ առանց այդ ծեծի այստեղ կարգապահություն չի լինի»։

Հիվանդանոցի բժիշկը Անդրեյ Եֆիմիչ Ռագինն է։ Սկզբում նա բարեխղճորեն այցելում էր հիվանդանոց, ուշադիր լսում բոլորի գանգատները, հատկապես ճիշտ էր ախտորոշում կանանց ու մանկական հիվանդությունները։ Բայց հետո սկսեց հազվադեպ երևալ։ Երբեմնի կրոնասեր ու իրեն հոգևոր կյանքի պատրաստող Ռագինին սկսել էր տանջել այն միտքը, թե ինչու մարդն անմահ չէ։ «Ի՞նչ միտք ունի խանգարել մարդկանց մեռնելու, եթե մահը յուրաքանչյուրի նորմալ ու օրինական վախճանն է»։ Օրն անցկացնում էր ընթերցանությամբ և կես ժամը մեկ մի բաժակ օղի խմելով։ Իսկ երեկոյան գալիս էր փոստի ծեր պետը՝ Միխայիլ Ավերյանիչը, որի հետ գարեջուր էր խմում և գանգատվում, թե ինչու քաղաքում չկան խելացի ու հետաքրքրական զրույց անել կարողացող մարդիկ։

Մի օր ծեր բժիշկը զրույցի է բռնվում Գրոմովի հետ։ Նրա այցելությունները կրկին հաճախակի են դառնում։ Գրոմովը ձգտում է ամեն գնով դուրս գալ հիվանդասենյակից, իսկ Ռագինը փորձում է հանգստացնել նրան՝ ասելով․ «Տաք, հարմարավետ առանձնասենյակի և այս հիվանդասենյակի միջև ոչ մի տարբերություն չկա․․․ Մարդու հանգստությունն ու բավականությունը ոչ թե իրենից դուրս է, այլ իր մեջ»։ Բայց Գրոմովը նրան առարկում է․ «Գնացե՛ք այդ փիլիսոփայությունը քարոզեք Հունաստանում, որտեղ տաք է և նարնջի հոտ է բուրում, իսկ այստեղ այդ մեր կլիմային հարմար չէ»։

Ռագինի հանգստացնող մտքերն այն մասին, որ երջանիկ կարելի է լինել նաև ճաղերի այն կողմում, փշրվում են այն ժամանակ, երբ ինքն էլ է ընկնում № 6 հիվանդասենյակ։ Ընկնում է երիտասարդ բժիշկ Խոբոտովի խորամանկության պատճառով, ով աչք էր դրել նրա տեղին։ Իսկ մինչ այդ քաղաքում ու հիվանդանոցում շատացել էին շշուկներն այն մասին, թե օրերով Գրոմովի հետ զրուցող ծեր բժիշկը խելագարվել է։

Փոստի պետ Իվան Ավերյանիչը, շարունակ ներկայանալով որպես անկեղծ բարեկամ, Ռագինին համոզում է իր հետ ճանապարհորդության մեկնել։ Ամբողջ ճանապարհին նա շաղակրատում էր, քրքջում և ուղևորներին խոսելու հերթ չէր տալիս։ Ռագինը ակնհայտորեն ձանձրանում է և խորհում․ «Մեր երկուսից ո՞վ է խելագարը, - մտածում էր նա վրդովված, - արդյո՞ք ես, որ աշխատում եմ ուղևորներին ոչնչով չանհանգստացնել, թե՞ այս եսամոլը, որ կարծում է, թե ինքն այստեղ բոլորից խելոք ու հետաքրքիր մարդն է, և այդ պատճառով ոչ ոքի հանգիստ չի տալիս»։ Իսկ Վարշավայում անվերջ զվարճություններ փնտրող փոստի պետը հինգ հարյուր ռուբլի է տանուլ տալիս, պարտք վերցնում Ռագինից և այդպես էլ չի վերադարձնում։

Հետագայում էլ, երբ Ռագինին արդեն ազատել էին աշխատանքից, փոստի պետը չէր դադարեցնում տանջել իր խորհուրդներով և հիվանդանոցում պառկելու հորդորներով։ Ռագինը մի օր նրան ուշագրավ խոստովանություն է անում․ «Իմ հիվանդությունը միայն այն է, որ քսան տարվա ընթացքում ամբողջ քաղաքում ես միայն մի խելոք մարդ գտա, այն էլ խելագար է»։

Մինչդեռ ամեն ինչ վաղուց արդեն վճռված էր։ № 6 հիվանդասենյակում հայտնվելուց հետո է միայն Ռագինը հասկանում հիվանդների վիճակը, զգում նրանց տառապանքն ու տանջվում․ «Նա ցավ չէր զգացել, գաղափար չուներ դրա մասին, նշանակում է մեղավոր չէ, բայց խիղճը, որ նույնքան կամակոր է ու կոպիտ, ինչպես Նիկիտան, սարսռեցրեց նրա մարմինը՝ ծոծրակից մինչև կրունկները»։

Չեխովը որքան անկողմնակալ, նույնքան անողոք է․ ինչպե՞ս կարելի է համակերպվել իրականության դաժանությանը և ապրել շուրջը ոչինչ չփոխելու համոզմունքով։ Հենց այս փիլիսոփայությունն է ծեր բժշկին տանում դեպի վերջին հանգրվան ու ցավալի վախճան։

Արթուր Իսրայելյան

 

17:00 10.02.2019

Ամենաշատ ընթերցվածները