ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դիտակետում քնելու հարցի շուրջ վեճի ժամանակ «նվաստացած» զինվորը կրակել է ծառայակցի գլխին. Նոր մանրամասներ
17:00 11.02.2019

Դիտակետում քնելու հարցի շուրջ վեճի ժամանակ «նվաստացած» զինվորը կրակել է ծառայակցի գլխին. Նոր մանրամասներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ ավարտվել է Արա Ն.-ի գործի քննությունը:

1998 թվականին ծնված Արա Ն.-ն դեպքի պահին պարտադիր ժամկետային զինծառայող էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ծառայակից զինվորի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-105 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արա Ն.-ն 2016 թվականի նոյեմբերի 11-ից 25-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ՝ որպես դիտորդ: Նոյեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ն անց 40-ի սահմաններում նա իր հետ նույն հերթափոխում որպես դիտորդ կարգված շարքային Ազնավուր Բ.-ի կողմից դիտակետում քնելու հարցի շուրջ պարզաբանում է կատարել, որի ընթացքում Ազնավուրի կողմից Արա Ն.-ի հասցեին ծանր վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցվել:

Ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Արա Ն.-ն ծառայակցի կողմից հասցված ծանր վիրավորանքից իրեն ստորացված է զգացել, հայտնվել է հուզական լարվածության, շփոթվածության, սթրեսի վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության ու հոգեկան գործունեության վրա՝ դեպքի պահին նա գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Ազնավուր Բ.-ից վրեժխնդիր լինելու, նրան կյանքից զրկելու նպատակով, ըստ մեղադրանքի, Արա Ն.-ն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դիտակետի մուտքի մոտ լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը և մեկ կրակոց է արձակել դիտակետի ներսում նստած Ազնավուր Բ.-ի գլխի ուղղությամբ՝ նրան պատճառելով գլխի գագաթաճակատային հատվածի՝ գանգոսկրի վնասումով միջանցիկ հրազենային, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Ազնավուր Բ.-ին տեղափոխել են հոսպիտալ, նրա կյանքը փրկվել է: Իսկ Արա Ն.-ին մեղադրանք է առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանության փորձ կատարելու համար:

Դատարանը հայտնաբերել է Արա Ն.-ի քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ Համաներման ակտի համապատասխան դրույթների կիրառմամբ նրա քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր:

Դատարանն արձանագրել է, որ մեղսագրված արարքի համար որպես պատիժ՝ նախատեսված է առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում:

Արա Ն.-ի նկատմամբ վերջին տասը տարիների ընթացքում նախկին Համաներման այլ ակտեր չեն կիրառվել:

Դատարանը հաշվի է առել, որ Արա Ն.-ն խնդրել է Համաներման ակտի կիրառմամբ դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատարանը որոշել է՝ Համաներման ակտի համապատասխան դրույթների կիրառմամբ Արա Ն.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-105 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել:

Աղբյուր՝ 1in.am

17:00 11.02.2019