ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում զբոսաշրջային կենտրոն կստեղծվի. Լեռնիկ Հովհաննիսյան
15:00 13.02.2019

Արցախում զբոսաշրջային կենտրոն կստեղծվի. Լեռնիկ Հովհաննիսյան

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2019 թվականի հունվար ամսվա տվյալներով մոտ 710 զբոսաշրջիկ է այցելելԱրցախ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 676-ի համեմատ:
 
«2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը հիմնականում մարքեթինգային քաղաքականության իրականացմանն էր ուղղված: Մայրաքաղաքում և Շուշիում գործող չորս տեղեկատվական կենտրոնները շարունակել են անվճար սպասարկել Արցախ այցելած զբոսաշրջիկներին` վերջիններիս հավաստի և անվճար տեղեկություններ տրամադրելով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտի և Շուշիի տեղեկատվական կենտրոններ են այցելել ավելի քան 800 զբոսաշրջիկներ 52 երկրներից: Տարվա ընթացքում` հաշվառվելեն ևս 18 նորաբաց հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկայումս Արցախի տարածքում գործում է 64 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1532 մահճակալով»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ 2019 թվականին շարունակելու են ընդլայնել Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման աշխարհագրությունը:
 
«2019 թվականին կգործարկվի artsakh.travel և karabakh.travel դոմեյններով վերաբրենդավորված զբոսաշրջային պաշտոնական կայքը: Մարքեթինգային ծրագրերի իրականացման շրջանակներում կկազմակերպվի թվային մարքեթինգային արշավ՝ մեծ թվով օգտատերերի ընդգրկմամբ: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումը հնարավորություն է ստեղծել միացնելու Արցախի և Հայաստանի զբոսաշրջային երթուղիները Արցախի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում Երևան-Գորիս-Ստեփանակերտ-Մարտակերտ-Վարդենիս օղակաձև զբոսաշրջային երթուղու զարգացման համար:
Մեթոդական և ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Հադրութի շրջանի Տող գյուղում «Արցախյան գինու» վեցերորդ փառատոնի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ փառատոնների ու միջոցառումների կազմակերպմանը: Կստեղծվի Զբոսաշրջիկների աջակցության կենտրոնը՝ Արցախ այցելած զբոսաշրջիկներին համապարփակ տեղեկատվություն և օժանդակություն ցուցաբերելու նպատակով»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:
 
Աղբյուր՝ Արցախպրես
15:00 13.02.2019

Ամենաշատ ընթերցվածները