ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ԲՀԿ-ն քննադատեց
17:00 13.02.2019

ԲՀԿ-ն քննադատեց

Ազգային ժողովում մեկնարկել են կառավարության ծրագրի քննարկումները: Շուտով կհասկանանք, թե ինչպես է քվեարկելու ԱԺ-ն և արդյո՞ք այն հակակշիռ է գործադիր իշխանությանը, թե՝ ոչ: Սակայն կա մի հետաքրքիր իրադարձություն, որին ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Գագիկ Ծառուկյանը քննադատեց Ազգային ժողով բերված կառավարության ծրագիրը՝ նշելով. «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»: Հիշեցնեմ, որ քննադատվող ծրագրի վերջաբանում Վարչապետը այն անվանել է տնտեսական հեղափոխության ծրագիր:

Ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն, կարևոր չէ, միևնույն է, մեծամասնությունը մենք տվել ենք «Իմ Քայլը» խմբակցությանը: Սակայն կարևոր է այսպիսի լարված մթնոլորտում չմոռանալ ոչ վաղ անցյալում տեղի ունեցածը: 2007թ. Նիկոլ Փաշինյանը առաջնորդում էր «Իմպիչմենտ» շարժումը, որի կարգախոսներից էր. «Ոչ Սերժանտացմանը, Ոչ Ռոբոտացմանը, Ոչ Դոդացմանը»: 11 տարի անց կրկին ԲՀԿ առաջնորդը հայտնվում է Ազգային ժողովում: Նրա գործարար լինելու, բիզնես շահեր ունենալու հանգամանքները անտեսվում են, որովհետև քաղաքականության մեջ չկան հավերժ ընկերներ, և չկան հավերժ թշնամիներ:

Այդպես էր նպատակահարմար պատմության այս փուլում: Սակայն Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը ինձ ակամայից հիշեցնում է մեկ այլ ասույթ: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Եվ չի բացառվում, որ այս խմորը դեռ ջուր քաշի: Պատճառը մեկն է և ակնհայտ, Հայաստանի ոչ մի իշխանություն հավուր պատշաճի գնահատական չի տվել նախորդ իշխանությանը, իսկ երբ սահմանները գծված չեն, կարելի է սպասել ամեն ինչ, ինչ մտքներովդ անցնի: Եվ ուրեմն կեցցե քաղաքական անորոշությունը, որը մեզ վաղն է սպասվում:

«Զանգեզուր պրես»

 

17:00 13.02.2019

Ամենաշատ ընթերցվածները