ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օրենքն իմացողին է օգնում
18:00 13.02.2019

Օրենքն իմացողին է օգնում

Ստորև կծանոթանաք մի ընտանիքի պատմության հետ, որտեղ տեղի ունեցած ողբերգությունն օրենքի չիմացության պատճառով է, իմացությունը օգնում է պաշտպանվել, իսկ չիմացությունը ուր ասես կտանի․․․

Նախաբանի փոխարեն

Օրեր առաջ մեր խմբագրություն ներկայացավ Կապանի Հալիձոր թաղամասի 13 շենքի 34 բնակարանի բնակիչ Էրիկ Սողոմոնյանը, ում կինը մահացած է։ Նա ունի երեք երեխա, մեծ տղան շուտով պիտի բանակ զորակոչվի, միջնեկ որդին առողջական խնդիրներ ունի (սիրտը վիրահատել են), իսկ ամենափոքրը՝ աղջիկը, մայրական կողմի տատի հետ է ապրում: Ինքն ու ավագ որդին օրավարձով են աշխատում: 42-ամյա տղամարդը ներկայացրեց մի պատմություն, ինչի պատճառով ընտանիքով անելանելի վիճակում են հայտնվել: 

«Մայրս՝ Թամարա Աղաթելյանը, զորամասում էր աշխատում, 2015թ. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից 700 հազար դրամի չափով սպառողական վարկ է վերցրել» , - պատմեց նա։ - Ժամանակի ընթացքում առողջական վիճակը վատթարացել է, սակայն վարկի մասին մեզ ոչինչ չի ասել: Մեր անվճարունակության պատճառով բանկը դիմել է դատարան, ինչից հետո հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունքը բնակարանը աճուրդի է հանել: Սկզբում վեց միլիոն է գնահատվել, այնուհետև աստիճանաբար իջել ու դարձել է 490 հազար դրամ: Եվ միայն մեկ ամիս առաջ, երբ տան էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի վերանայման խնդիր կար, էլեկտրիկը պահանջեց տան փաստաթղթերը։ Չգտնելով դրանք՝ գնացի կադաստր, որտեղ էլ  իմացա, որ տունը վերոնշյալ գումարով վաճառվել է, իսկ տան սեփականատերը Դավիթ Արզումանյանն է: Աճուրդի գործընթացի մասին մեզ ոչ ոք տեղյակ չի պահել: Քույրս կապվել է Դավիթի հետ, խնդրել, որ 490 հազար դրամից մի բան էլ ավելի կտանք, բայց նա պնդեց, որ վեց հազար դոլարից պակաս չի տա», - պատմում է Էրիկ Սողոմոնյանը:

«ՎՏԲ»-ն սլաքներն ուղղում է դեպի ԴԱՀԿ

Փորձեցինք պարզել տվյալ պատմության իսկությունը և գնացինք հետքերով: Ե՞րբ է բանկը վերոնշյալ գործով դատարան դիմել, տվյալ վարկառուի պարտքից որքա՞ն է մարվել, այս հարցերով գրավոր դիմեցինք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին, որին վերջինս պատասխանեց. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ 2014թ. Թամարա Աղաթելյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վերցրել է 770.000 ՀՀ դրամի վարկ՝ առանց գրավի: Վարկառուն չի կատարել բանկի հանդեպ իր վարկային պարտավորություններն առաջին իսկ օրվանից, ինչի արդյունքում բանկը 2015թ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր շահերը պաշտպանելու նպատակով հայց է ներկայացրել դատարան: Նշենք, որ բանկը Թամարա Աղաթելյանի հետ բանակցություններ է վարել հաշտության պայմանագիր կնքելու նպատակով, սակայն այն հաճախորդի կողմից այդպես էլ չի կնքվել: 2016թ. դատարանի վճռի հիման վրա՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված կատարողական թերթն ուղարկվել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Գումարի հետագա բռնագանձումը (այդ թվում՝ արգելադրված գույքերը աճուրդի դնելը և աճուրդով գույքի գինը իջեցնելը և վերջնական վաճառքը) իրականացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և նշված գործընթացների իրականացմանը բանկը որևէ մասնակցություն չունի»:

ԴԱՀԿ-ն օրենքի լեզվով է խոսում

Տվյալ գործի վարույթի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Էրիկ Գրիգորյանը նշում է՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տրված կատարողական թերթիկը, ըստ որի պետք է Թամարա Աղաթելյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել մեկ  միլիոն 96 հազար 146 դրամ: Բանկից կատարողական թերթը ստանալուց հետո հարուցվել է կատարողական վարույթ, կատարողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է միանձնյա սեփականության իրավունքով պատկանող բնակարան, բռնագանձման ենթակա այլ գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, հետևաբար գործը հասել է աճուրդի: «Բնակարանն աճուրդի է հանվել չորս միլիոն 425 հազար դրամով, ամեն տասը օրը մեկ տասը տոկոսի չափով նվազել է: Բավականին նվազելուց հետո ես ինձ մոտ եմ հրավիրել տիկին Թամարային և խնդրել ներկայանալ որդու՝ էրիկ Սողոմոնյանի հետ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեմ հարցի լրջությունը: Նրանք ներկայացել են: Ինչպես նաև կայացված որոշումը հետադարձ ծանուցումով  ուղարկվել է Թամարա Աղաթելյանին»: Արդարադատության կապիտանը հավելում է՝ մեկնարկային գնի նվազեցումից հետո առաջացել են սնանկության հիմքեր, կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցվել է, դատարան չեն դիմել, աճուրդի գործընթացը վերսկսվել է, ինչի որոշումը կրկին հանձնվել է տիկին Թամարային:

Իսկ օրենքը հետադարձ ուժ չունի

Ըստ օրենքի՝ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարի չափից, բռնագանձման ենթակա չէ: Բայց սա վերաբերում է 2017թ. մարտի 1-ից հետո հարուցված կատարողական վարույթներին, իսկ այս կատարողական վարույթը հարուցվել է 2016 թվականի ապրիլի 11-ին, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի և չի կարող ազդել տվյալ գործի վրա:

Օրենքո՞վ, թե՞ խղճով. այս է խնդիրը

Գնորդ Դավիթ Արզումանյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, քանի որ օրենքն է խոսում այստեղ, այնուհանդերձ պարզելու համար արդյո՞ք պատրաստ է հայտարարի գալ այս ընտանիքի հետ, զանգահարեցինք վերջինիս, հարցազրույց տալ չցանկացավ, ավելին՝ խոսքի կեսից հեռախոսը անջատեց: Այստեղ կարևոր մի նրբություն կա. Դավիթը փաստաբան է, այսինքն կոչված է Էրիկ Սողոմանյանի նման օրենքին ոչ այնքան լավ տիրապետող մարդկանց շահեր պաշտպանել, մինչդեռ այս պարագայում տեղի ունեցավ հակառակը... Օրենքին հաշիվ պետք է տալ. բայց ոչ կուրորեն, որ խիղճդ կորցնես. չէ՞ որ նժարին մարդկային ճակատագրեր են:

Անուշ Միրզոյան

 


18:00 13.02.2019

Ամենաշատ ընթերցվածները