ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հակառակորդի նպատակը հայկական պետականության ոչնչացումն է
15:00 14.02.2019

Հակառակորդի նպատակը հայկական պետականության ոչնչացումն է

Այն, ինչ պաշտոնական Բաքուն, Իլհամ Ալիևը բարձրաձայնում են, մեզ համար նորություն չեն: Իհարկե նրանց այդ հայտարարությունները անհեթեթություն են, բայց նորություն չեն: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները:

«Այն, որ պաշտոնական Երևանին ուղղված  նրանց մեղադրանքները, դրանց ձևը, անհեթեթություն են և ծիծաղելի են, դա փաստ է, սակայն դրանք մեզ համար անակնկալ չեն: Այդ ամենը Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն է, որը լուրջ չէ»,- ասաց Բաբայանը, նշելով, որ հակառակորդը միշտ էլ հանդես է եկել հայատյացության դիրքերից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Real TV-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ:

«Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»,-հայտարարել է Ալիևը:

Այս առնչությամբ Դավիթ Բաբայանը նշեց, որ նրանք եթե մի փոքր անգամ առավելություն ունենային, վաղուց կդիմեին ռազմական քայլի և կիրականացնեին իրենց այդ ծրագիրը:

«Սա նրանց հերթական ռազմատենչ հռետորաբանությունն է: Եթե նրանք ռազմի դաշտում առավելություն ունենային, վաղուց հարցը կկարգավորվեր իրենց ուզածով: Նրանք երբևէ չեն թաքցրել, որ իրենց բուն նպատակը Արցախի պետականության և Հայաստանի պետականության ոչնչացումն է: 2016 թվականի ապրիլին նրանք առավելություն էին զգացել իրենց ուժերի նկատմամբ և փորձեցին, սակայն արդյունքը տեսանք բոլորս, թե ինչ  եղավ»,- ասաց Բաբայանը, նշելով, որ Ադրբեջանը չունի առավելություն նաև բանակցային սեղանի շուրջ, որովհետև եթե լիներ, կրկին հարցը կլուծվեր իրենց ուզածով:

«Մենք նման հայտարարություններին միշտ պետք է լուրջ վերաբերվենք, որովհետև հակառակորդը ցույց է տալիս իր իրական նպատակը՝ հայկական պետականությունը ոչնչացնելը, Արցախը, Գորիսը, Սևանը, Նախիջևանի հետ սահման ունենալը, նրանց նպատակները հստակ են»,- նշեց Բաբայանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ նման հայտարարությունները մեզ ևս մեկ անգամ ստիպում են լինել է՛լ ավելի զգոն, է՛լ ավելի ուժեղ և է՛լ ավելի միասնական:

«Բանակը պետք է պահենք մարտունակ, պետք է լինենք է՛լ ավելի համախմբված և, որ ամենակարևորն է, վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն»,- եզրափակեց Բաբայանը:

Հարություն Մկրտչյան

Աղբյուր՝ araratnews.am

15:00 14.02.2019

Ամենաշատ ընթերցվածները