ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սյունիքի մարզպետարանն այս պահից գերադասել է աշխատել այս կարգավիճակով. պարզաբանում
21:00 13.02.2019

Սյունիքի մարզպետարանն այս պահից գերադասել է աշխատել այս կարգավիճակով. պարզաբանում

Սյունիքի երկու փոխմարզպետի՝ Հերմինե Համբարձումյանի և Գոռ Թադևոսյանի կրճատումը պայմանավորված է մարզպետարանում մեկնարկած օպտիմալացման գործընթացով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը՝ նշելով, որ այս պահին փոխմարզպետի պաշտոնում աշխատում է միայն Նարեկ Բաբայանը։

«Մարզպետարաններում օպտիմալացում է ընթանում, նախատեսվում է ունենալ փոխմարզպետի ընդամենը մեկ հաստիք։ Քանի որ շատ մոտ ապագայում և կառուցվածքային փոփոխություններ, և օպտիմալացում է սպասվում, Սյունիքի մարզպետարանն այս պահից գերադասել է աշխատել այդ կարգավիճակով, ունենալ մեկ փոխմարզպետ», - ասաց նա։

Հարցին՝ կոնկրետ ե՞րբ պետք է սպասել մարզպետարանի աշխատակազմի կրճատումներին և որքան է լինելու աշխատանքից ազատվածների թիվը, Արմինե Ավագյանը նշեց, որ այդ մասով որևէ տեղեկություն չունի։

Ըստ նրա՝ այս պահին մարզպետարանների ապագա կառուցվածքի շուրջ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանների միջև քննարկումներ են ընթանում։

Սյունիքի մարզպետի խորհրդականը միաժամանակ տեղեկացրեց, որ բացի երկու փոխմարզպետից, այս պահի դրությամբ իրենց մոտ կրճատված այլ անձինք չկան։ 

Հիշեցնենք, որ Սյունքի փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանն ու Գոռ Թադևոսյանը վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էին փետրվարի 12-ին։ 

21:00 13.02.2019

Ամենաշատ ընթերցվածները