ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հին կանգառները նոր տեսքով
17:00 14.02.2019

Հին կանգառները նոր տեսքով

Կապանի Ձորք թաղամասի վառ գույներով կանգառը, քաղաքացիների խոսքով, ինքնաբերաբար տրամադրություն է բարձրացնում՝ առաջին իսկ հայացքից ուշադրություն գրավելով և անտարբեր չթողնելով անցորդներին։ Ասում են՝ ավտոբուսին սպասելը և՛ հաճելի է դարձել, և՛ անվտանգ։

Կանգառները քաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մասն են։ Տարիներ շարունակ չնորոգվելով`  որոշ թաղամասերում դրանք վերածվել են աղբանոցների, որոշ դեպքերում փայտե նստատեղերը ջարդված են կամ բացակայում են (հավանաբար որպես վառելափայտ են օգտագործվել), և, վերջապես, կանգառները, որպես անձրևից ու ձյունից պաշտպանող կառույց, չէին ծառայում իրենց նպատակին․ ծածկը խարխուլ էր։

Իսկ այս  կամ այն ծառայությունը մատուցող անձինք ու ընկերություններ գովազդի հեշտ տարբերակ էին գտել՝ կանգառները վերածելով հայտարարություններ փակցնելու հարմարավետ վայրերի՝ առանց մտածելու, որ իրենց գույնզգույն թղթերը պարզապես փնթի տեսք են հաղորդում քաղաքին։

2018 թվականի դեկտեմբերից Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն սկսել է բարեկարգել քաղաքի անմխիթար կանգառները։ Աշխղեկ Անդրեյ Մարտիրոսյանի խոսքով՝ դրանք ճարտարապետական հետաքրքիր կառուցվածք ունեն, հիմնական կմախքը չի փոխվի, կնորացվեն փայտային մասերը, մետաղական կոնստրուկցիաները կեռակցվեն, հատակները կսալիկապատվեն։  Կանգառներից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, նախատեսվել են նաև  թեքահարթակներ, որպեսզի նրանց տեղաշարժը մատչելի լինի։

Հունան Ավետիսյան փողոցի կանգառներից մեկի բարեկարգման աշխատանքներում ներգրավված Լիպարիտ Գրիգորյանը բնակիչների ձեռքով «խնամքով» փակցված հայտարարություններն էր մաքրում։ «Չարչարվում եմ, չի պոկվում, չի մաքրվում, բարդ բան չկա, պարզապես մեր գործն է երկարում։ Տեսեք՝ մի քանի անգամ ջուր եմ անում, որ հիմքից պոկեմ։ Քաղաքի տեսքը պիտի պահպանվի, միայն մեզ համար չէ, զբոսաշրջիկներ են գալիս-գնում մեր Կապան, պիտի գեղեցիկ լինի քաղաքը», - ասում է։

Ընդհանուր առմամբ քաղաքի տարբեր թաղամասերում 15 կանգառ կնորոգվի, որոշ հատվածներում նորը կտեղադրվի։ Ինչ վերաբերում է կանգառների պահպանությանը, Անդրեյ Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսում են միայն հայտարարությունների փակցման համար առանձնացված վահանակներ տեղադրել։

Վերջում հավելենք, որ այս օրերին նոր թափով է սկսվել քաղաքի կանգառների վերականգնման ծրագրի իրագործումը։ Երեք աշխատանքային խումբ միանգամից գործի է անցել։ Քաղաքի բարեկարգման «Նորոգշինի» նախաձեռնությանը միացել են նաև այլ անհատ ձեռնարկատերեր ու ընկերություններ՝ օժանդակելով որոշ շինարարական նյութերով։

Նելլի Միրզախանյան

 

 

 

17:00 14.02.2019

Ամենաշատ ընթերցվածները