ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ամենամեծ գնահատականը զինվորներիս հարգանքն է»
18:00 15.02.2019

«Ամենամեծ գնահատականը զինվորներիս հարգանքն է»

Մարտական ուղի

Աշոտ Սերյոժայի Հովհաննիսյանը 1990-1992 թվականներին Կապանի երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Կապանի սահմանամերձ գյուղերի՝ Դավիթբեկի, Եղվարդի, Սյունիքի, Ճակատենի, Ներքին Հանդի ինքնապաշտպանությանը: Մասնակցել է Սեիդլար բնակավայրի ազատագրմանը: 1994 թվականի հունվարի 31-ին իր գլխավորած շարժուն խմբի հետ ոչնչացրել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:

 1993 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  ծառայության է անցել Կապանի 97-րդ ամհբր-ի դեսանտագրոհային գումարտակում, որպես կրակային դասակի հրամանատար, հետո տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս, նշանակվել է  մարտկոցի հրամանատար,  առանձին  տեխնիկական մարտկոցի հսկման բաժանմունքի պետ, գնդի ինժեներական ծառայության պետ, զենիթահրթիռային մարտկոցի հրամանատար, ՀՕՊ-ի պետ: 2007 թվականին ՀՀ ՊՆ հրամանով անցել է կենսաթոշակի: Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» «Երկրապահ» մեդալներով և կրծքանշաններով: Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին:

Ծառայել է կամավոր

«Հայրենիքին ծառայելու ու սեփական հողդ պաշտպանելու համար դաստիարակություն և քարոզներ հարկավոր չեն, դրանք քո մեջ պետք է լինեն, որ պարտավոր ես ծառայել մինչև մահ,  յուրաքանչյուր պահ պատրաստ լինելով՝ քո ուժերը ծառայեցնելու այդ սուրբ գործին», - ասում է արցախյան ազատամարտի մասնակից, պաշտպանության բանակի նախկին սպա Աշոտ Հովհաննիսյանը:  Ծանոթանալով նրա կենսագրությանն ու մարտական ուղուն,  ամբողջովին հասկանում ես, որ հայրենասիրության մասին գեղեցիկ բառեր երբեք չօգտագործող ազատամարտիկը այն առաջամարտիկների շարքերում է եղել, ովքեր, չսպասելով որևէ հրամանի, անմիջապես կամավոր հայտնվել են պատերազմի ամենաթեժ կետերում:

Ներքինհանդեցի Աշոտը ընտանիքի հետ Կապանում էր բնակվում, սովորական աշխատավորի կյանքով ապրում՝ մեծացնելով 2 զավակ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը փոխեց նրա կյանքի ուղին: Կապանի սարքաշինական գործարանի գործիքաշինական տեղամասում վարպետ էր աշխատում, երբ լսեց, որ Սպիտակում աղետից տուժածներին օգնություն է հարկավոր։ Թողեց աշխատանքն ու կամավոր մեկնեց աղետի գոտի: Որոշ ժամանակ անց Սպիտակից Կապան է վերադառնում, որտեղ արդեն այլ իրականություն էր։ Սահմաններից հասնող լուրերն այնքան էլ հուսադրող չէին: Աշոտը  կրկին թողնում է աշխատանքը, կամավորագրվում ինքնապաշտպանական ջոկատին ու մեկնում հայրենի Հանդ՝ 2 տարի համագյուղացիների հետ պաշտպանելով գյուղը թշնամու հարձակումներից: Այնուհետև անդամագրվում է երկրապահ կամավորականների ջոկատին ու մասնակցում տարածաշրջանի ինքնապաշտպանական մի շարք մարտերի: Հաշվի առնելով նրա գիտելիքներն ու պատրաստվածությունը, ավագ լեյտենանտ Աշոտ Հովհաննիսյանին, ով այդ կոչումը  ստացել էր Բաքվում՝ զինվորական  կուրսեր անցնելու ժամանակ, 1992 թվականին հրամանագրում են նորաստեղծ հայկական բանակի սպաների կազմում:

Ավագ լեյտենանտի խումբը թշնամու ինքնաթիռ խոցեց

«Երբ արդեն մարտական գործողությունները սկսել էին լայն թափ ստանալ, ընկերներս, որոնց հետ միասին  գյուղում  խրամատ էինք պահում,  բոլորը մեկնել էին Հորադիզ, իսկ ես, արդեն որպես հաստիքային զինվորական, պետք է զորամասում մնայի՝ պաշտպանելու Կապանը: Հրամանատարությանը տեղեկացրեցի, որ  ես  ևս պետք է գնամ սահման, և մի քանի զինվորի հետ, որոնց հետ արդեն նախնական դասեր անցել էինք, մեկնեցինք Հորադիզ», - հիշում է ազատամարտի մասնակիցը:

Պատերազմ գնալու մասին նա ընտանիքին ու հարազատներին ոչինչ չէր ասել՝ կնոջը տեղեկացրել էր, որ Երևան է մեկնում: 2 օր անց ռադիոն հայտարարում է. «Ավագ լեյտենանտ Հովհաննիսյանի հրամանատարության ստորաբաժանումը թշնամու ինքնաթիռ է խոցել»:

Կինը հիշում է՝ ինչքան շնորհավորանքներ էր ստանում, իսկ ինքը բոլորին համոզում էր, թե ամուսինը սահմանում չէ։ Հետո սկսեցին ընտանիքի սպասումներով լի օրերը՝ յուրաքանչյուր օր սահմանից վատ լուրեր լսելու վախը սրտներում:

Աղջիկը՝ Աննան, 12 տարեկան էր, հիշում է՝ դպրոցում ու քաղաքում բոլորը ինչպիսի հպարտությամբ էին խոսում իր հոր մասին:

«Այդ տարիներին ամենասարսափելին սպասումն էր, հպարտ էինք, որ մեր հայրիկը հայրենիքն է պաշտպանում, ինձ ու իմ հասակակիցներին, բայց այդ տարիների հուշերում, որոնք  մեր մանկությունն էր,  գերիշխեց պատերազմը, իսկ  հետո սկսեցինք հարմարվել, որ հայրիկի համար նախ հայրենիքն է, հետո՝ ընտանիքը: Այսօր էլ թոռների մեջ է սերմանում սերն ու պարտականությունները հայրենիքի նկատմամբ», - ասում է աղջիկը՝ Աննա Հովհաննիսյանը:

Մարտական ընկերոջ՝ Լյովա Հովակիմյանի խոսքով՝ Աշոտի խիզախ ու հայրենիքին այդքան նվիրվելու հատկությունը վարակիչ էր նաև շրջապատի համար:

«Այն հրամանատարներից էր, ով պատերազմի ընթացքում մարդկային կորուստներ չունեցավ։ Համարձակ էր, ուներ հաշվարկի ու ճիշտ կողմնորոշվելու ունակություն, որը այդ տարիներին մեզ մեծ նպաստ բերեց», - նշում է մարտական ընկերը:

Զինվորներիս զավակներիս պես սիրեցի

Ասում է՝ զինադադարից հետո ուզում էր թողնել ծառայությունը, վերադառնալ նախկին աշխատանքին, սակայն հայրենիքին ծառայելը կրկին հաղթեց և մինչև կենսաթոշակի անցնելը բանակում էր: Հարյուրավոր զինվորներ է դաստիարակել ու կյանք ճանապարհել, բոլորին սիրել իր զավակների պես: Երեխաները տարիներ հետո խոստովանում են. իր զինվորների կյանքով ավելի շատ էր ապրում, քան իրենցով։ Զարմացավ, երբ լսեց, որ որդին արդեն դպրոցն է ավարտել: Երեխաներին դաստիարակելու պարտականությունը ազատամարտիկը կնոջն էր վստահել, իսկ ինքը զբաղվում էր իր մյուս զավակների՝ զինվորների ծառայությունով:

«Դժվար էր բոլորի հոգեբանությամբ ապրել: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց, և երբ տարիներ հետո տեսնում ես զինվորիդ հարգանքը քո նկատմամբ, հասկանում ես՝ իզուր չեն տարիներդ անցել, հոր պես ուրախացել եմ նրանց հաջողություններով, հպարտացել օրինակելի ծառայությամբ, խիստ եղել՝ յուրաքանչյուր վրիպման դեպքում: Այսօր թե՛ 1992-ի և թե՛ 2007 թվականի զինվորներիցս նույն հարգանքն եմ ստանում, դրանից ավելի ինձ այլևս հարկավոր չէ», -  ասում է նախկին սպան:

Հրամանատարի մասին նախկին զինծառայող Երանոս Ադամյանը մեծ սիրով է պատմում, նշում, որ երախտապարտ է ճակատագրից՝ նրա զինվորը լինելու համար:

«Պատերազմի ծանր տարիներին դարձանք մեր բանակի առաջին զինվորները։ Ոչինչ չէինք հասկանում, անտեղյակ զինվորական կյանքից, բայց պետք է ծառայեինք: Մեզ այդ տարիներին ուժ ու խիզախություն, երբեք չընկճվելու կամք հրամանատարը սովորեցրեց, որը նաև ծառայությունից հետո անհրաժեշտ եղավ՝ մեր կյանքի յուրաքանչյուր քայլափոխի», - նշում է Երանոս Ադամյանը:

Ազատամարտի մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո ընտանեկան բիզնեսով է զբաղվում, ասում է, որ զինվորական կյանքն ու ծառայությունն ամեն օր է կարոտում, մինչ օրս կապված է զորամասի հետ․ այսօր էլ անհրաժեշտության դեպքում աջակցում է իր գիտելիքներով:

Արփինե Հարությունյան

18:00 15.02.2019

Ամենաշատ ընթերցվածները