ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Երբ խաղում են արձանները»
18:00 16.02.2019

«Երբ խաղում են արձանները»

Բոլորիս համար սովորական դարձած անշարժ արձանները՝ ինչ-որ մեկի երևակայության շնորհիվ, կարող են ոչ միայն շարժվել, այլև սպորտով զբաղվել:

24-ամյա գրաֆիկական դիզայներ Հարություն Այնտապյանը գտել է Հայաստանում և դրանից դուրս գտնվող հայտնի արձաններին կյանք տալու յուրօրինակ տարբերակ, երբ արձանները սպորտով են զբաղվում:

Հարությունը մասնագիտությամբ պատմաբան է, բայց իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել, քանի որ իրեն միշտ գրավել է արվեստի աշխարհը և բացահայտելով դիզայների մասնագիտությունը՝ ինքնակրթության շնորհիվ այժմ զբաղվում է սիրելի մասնագիտությամբ:

«Դեռ փոքր տարիքից սիրում էի նկարել: Սկզբնական շրջանում դա անում էի ընկերներիս և ծանոթներիս համար, սակայն քիչ-քիչ սկսեցի ավելի խորը ուսումնասիրել դիզայն մասնագիտությունը և հասկացա, որ կան բազմաթիվ մտքեր, որոնք պետք է կյանքի կոչվեն», - պատմում է Հարությունը:

Հարությունը ազատ ժամանակ սիրում է նաև սպորտով զբաղվել, ինչն էլ առիթ է դարձել, որ նա միավորի պատմությունն ու սպորտը: «Ինքս սպորտի մեծ սիրահար եմ: Եթե ժամանակը հերիքում է, գնում եմ ֆուտբոլի: Այդ իսկ պատճառով խորհեցի, թե ինչ կլինի, եթե արձաններին ավելացնեմ սպորտային տարրեր և նոր շունչ հաղորդեմ դրանց: Սկզբում ընտրում էի արձանը, հետո սպորտաձևը և իրար միացնելով՝ ստանում խաղացող արձաններ», - ասում է գրաֆիկական դիզայները:

Առաջին քայլեր

Առաջին խաղացող արձանը, որը Հարությունը պատրաստել է, եղել է Վարդան Մամիկոնյանի արձանը:

«Մի անգամ Վարդան Մամիկոնյանի արձանի կողքով անցնելիս պատկերացրի, որ զորավարը բասկետբոլ է խաղում և գնդակը նետում զամբյուղը: Այստեղից ծնվեց գաղափարը: Սկզբում պատրաստեցի հայկական արձաններից բաղկացած 10 լուսանկար, այնուհետև, որոշ ժամանակ անց անդրադարձա արտասահմանյան արձաններին»:

«Երբ խաղում են արձանները» շարքը գրաֆիկ-դիզայների առաջին նախագիծն է, որը լայն տարածում է գտել և բազմաթիվ քննարկումների առիթ դարձել: 

Արձագանք

Սկզբնական շրջանում Հարությունը նկարները ի ցույց է դրել ֆեյսբուքյան ընկերներին, ինչը հետագայում լայն տարածում է գտել համացանցում, համացանցի տարբեր օգտատերեր սկսել են կարծիք հայտնել ու տարածել:

Իհարկե, ոգևորող խոսքերի կողքին եղել են նաև քննադատություններ, սակայն Հարությունը դրանց ևս լավատեսությամբ է վերաբերվում՝ նշելով, որ այդ քննադատության շնորհիվ կարողացել է շտկել սխալները:

«Դրական արձագանքներից բացի՝ եղան նաև քննադատություններ։ Մի մասը աշխատանքները համարեցին ծաղրական հերոսների նկատմամբ, բայց բնավ այդ նպատակով չէ, որ ստեղծել եմ դրանք։ Նպատակը եղել է արձաններին կյանք տալով մարդկանց ժպիտ պարգևել, ինչպես նկարիչները որևէ հոբելյանի առթիվ մտերիմ մարդկանց ընկերական շարժեր են նվիրում։ Քննադատություն էլ է պետք, քանի որ առանց դրա չես կարող կատարելագործվել և շտկել աշխատանքում ունեցած սխալները, սակայն ոգևորող խոսքերն ավելի շատ էին, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի ստեղծվի արձանների 2-րդ շարքը», - հավելեց Հարությունը:

Վերջում գրաֆիկ-դիզայները խոստացավ, որ առաջիկայում նոր նախագծեր և նոր լուսանկարներ ևս կլինեն, որտեղ ներառված կլինեն նաև Հայաստանի տարբեր շրջանների պատմական վայրեր:

Սոնա Օհանջանյան

18:00 16.02.2019

Ամենաշատ ընթերցվածները