ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ախտորոշում է Թումանյանը
15:00 17.02.2019

Ախտորոշում է Թումանյանը

Մեծերը ամեն ինչում են մեծ։ «Հմուտ, հանճարեղ լոռեցին» փայլել է նաև իր հրապարակախոսական հոդվածներով։ Այդ հոդվածներում հնչած կարծիքները, եզրակացություններն ու ախտորոշումները առավել քան արդիական են նաև այսօր։ Ահա դրանցից երկուսը։

Երբ հասարակության մեջ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ներքին հուզումներ, սովորաբար ավելի են շատանում խոսողները։ Խոսքի առատությունը, սակայն, երբեք չի նշանակում մտքի առատություն։ Դատարկախոսությունն է շատանում, ավելի ստույգ՝ կեղծիքը։ Իսկ խոսողները կեղծիքը մատուցելու ինչ հնարքների ասես չեն դիմում։ Եվ գլուխ է բարձրացնում դերասանությունը։ Երևույթը ավելի քան հարյուր տարի առաջ նկատել է Հովհաննես Թումանյանը «Անկեղծ չենք» հոդվածում․ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները»։

Ահա այս խոսողները խաղում են ամեն տեղ ու ամեն ինչի հետ՝ կյանքը վերածելով բեմի։ Եվ հերթով հայտնվում են ամեն ինչի հետ խաղացող դերասանները՝ չհասկացված ու հալածված գաղափարական գործիչը, թվացյալ բարեգործն ու գրողը, նահատակը, բոլորին մեղադրող դատավորը․․․ Սկսվում է դատարկախոսության և կեղծիքի անվերջանալի շքերթը․ «Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են»։ Նրանք չեն կարող մտնել որևէ գործի ծանրության տակ, ավելին, գործն են սարքում չորքոտանի․ «Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը ու միշտ իր էշն է քշում, թեկուզ աշխարհը քանդվի»։

Նրանց գործունեությունը կարող է երկար տևել։ Դա կախված է նրանից, թե որտեղ են ասպարեզ դուրս եկել, և ովքեր են թամաշավորները։ Այդ թամաշավորներին երկար պահելու հնարքն էլ գիտեն․ ինչի մասին էլ խոսելիս լինեն, վերջացնում են «ժողովուրդ» բառով․ «Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»։ Ամենուր այսքան կեղծիք տեսնելուց հետո Թումանյանը տխուր եզրակացություն է անում․ «Եվ մի Ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծարարներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես․․․

Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա»։

«Ովքե՞ր են թամաշավորները» թեման Թումանյանը շարունակել է «Դառնացած ժողովուրդ» հոդվածում։ Կան երևույթներ, որոնց մասին հավանաբար նա չէր ցանկանա գրել։ Բայց չգրել չէր կարող, քանի որ դրանք նման են մարմնի ներսում բույն դրած ծանր հիվանդությունների․ «Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք․ իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք»։

Թումանյանը պատկանում է այն եզակիների թվին, ովքեր երկար են զբաղվել մեր ժողովրդով ու հանգել ծանր եզրակացության․ «Շատ չարություն կա մեր հոգում»։ Նա ցավով նկատում է, որ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր, ընդունելով ախտի գոյությունը, «իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մեկը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են»։ Գյուղացին նախանձում է հարևանին, քանի որ նրա արտը բերք է տալիս, անասունը բազմանում է։ Վաճառականը քունը կորցնում է, քանի որ լսել է մյուս վաճառականի հաջողության մասին, ով իրեն մրցակից էլ չէ։ Վարձ ու պատիվ ստացող հոգևորականը գանգատվում է անարդարությունից․ «Գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է  նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել»։ Նրանցից հետ չեն մնում ուսուցիչները․ «Դասերից ավելի շատ էն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն․․․»։

Երևույթի պատճառը հասկանալու համար Թումանյանն առաջարկում է ամեն ինչ քննել բնության ու պատմության օրենքներով․ «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։

Էն հասարակ վարունգի թուփն ինչ է․հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվի․․․»։

Ահա այդպես դառնանում է կյանքը։ Այդ դառը կյանքը կարող է ունենալ շատ բան՝ մշակույթ, գրականություն, մամուլ, դպրոց, առաջադիմություն ու բարեգործություն․ «Բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտղի նման են»։

Հմուտ ու բանիմաց բժշկի նման Թումանյանը ոչ միայն մատը դնում է վերքի վրա, այլև բուժման եղանակ է առաջարկում։ Նախ և առաջ չպետք է աչք փակել ծանր հիվանդության վրա, այլ խոստովանել դժբախտությունը․ «Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա․ ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Ավելի քան հարյուր տարի առաջ հնչած ախտորոշումները չափազանցված չեն։ Ոչ էլ ժամանակավրեպ են։ Որքան էլ ծանր լինի, վաղուց արդեն ինքնախոստովանության ժամանակն է։ Ուրեմն արժե մեկ անգամ ևս կարդալ դասականին և քայլ անել առաջ՝ դեպի ինքնակատարելագործում, այլապես վերքերը խորանալու են։

Արթուր Իսրայելյան

15:00 17.02.2019

Ամենաշատ ընթերցվածները