ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խ․Լ․ Բորխես․ «Անմահը»
21:00 15.02.2019

Խ․Լ․ Բորխես․ «Անմահը»

«Պարզ ասել չեմ համարձակվում․ երկրագնդի վրա գոյություն չունի մի էջ, մի փակ բառ, որ պարզ լինի, քանի որ ամեն մեկը մի տիեզերք է, իսկ տիեզերքի ամենաակնառու հատկանիշը բարդությունն է», - իր գրքերից մեկի առաջաբանում այսպիսի խոստովանություն է արել համաշխարհային գրականության մեծագույն դեմքերից մեկը՝  Խորխե Լուիս Բորխեսը։ Արգենտինացի գրողի գրվածքներին բնորոշ են խրթինությունն ու խորհրդավորությունը։ Ընթերցողին հեշտ հանդիպում չի խոստանում նաև «Անմահը» պատմվածքը։

Ինչու՞ մարդը անմահ չէ։ Հարցը նույնքան հին է, որքան ինքը՝ մարդկությունը։

1729թ․ զմյուռնիացի հնավաճառը Լոնդոնում մի իշխանուհու առաջարկեց Պոպի «Իլիականի» վեցհատորյակը։ Հենց վերջին հատորում էլ հայտնաբերվեց առաջին դեմքով շարադրված այն ձեռագիրը, որը հեղինակը ներկայացնում է ընթերցողին։

Պատերազմում անհաջողության մատնված հռոմեական զորագնդի զինվորական տրիբուն Մարկոս Ֆլամինիո Ռուֆոն որոնում է Անմահների գաղտնի քաղաքը։ Ամեն ինչ սկսվել էր Թեբեի այգիներից մեկում։ Արևելքից եկած հոգնատանջ մի ձիավոր Ռուֆոյից հարցրել է, թե ինչ է քաղաքի պարիսպների կողքով հոսող գետի անունը։ Տրիբունը պատասխանել է՝ Եգիպտոս։ Ձիավորը տխուր ասել է, որ այլ է իր որոնած գետը։ Հեռավոր Գանգեսի ափերին գտնվող նրա հայրենիքում հավատում են, որ մարդը, քայլելով դեպի Արևմուտք, հասնելու է այն գետին, որի ջրերը անմահացնում են։

Արյունաքամ ձիավորը մահանում է, իսկ տրիբունը ճանապարհ է ընկնում։ Անվերջանալի անապատներ հաղթահարելով՝ ի վերջո հայտնվում է մի ավազոտ ու պղտոր առվակի մոտ, խմում ջրից։ Շրջակայքում՝ քարանձավներում, ապրում են տարօրինակ մարդիկ, որոնց հենց այդպես էլ անվանում է՝ քարանձավային։

Պղտոր առվակի դիմացի ափին՝ մի բլրի վրա, Անմահների քաղաքն էր։ Տրիբունը շրջագայում է գետնի տակ, խավար բավիղներ (լաբիրինթոսներ) հաղթահարում (դեպի իմացություն տանող ճանապարհը անհնար է պատկերացնել առանց այդ բավիղների), գետնի երեսին ուսումնասիրում մի անմիտ կառույց՝ պալատ։ Անմահների քաղաքից ստացած տպավորությունը ակնհայտորեն տխուր է․ «Քանի դեռ այն կա, աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, ոչ էլ գոյության իմաստը հասկանալ»։

Անմահների քաղաքից իջնելիս տրիբունին ուղեկցում է քարանձավային մարդկանցից մեկը, որի թշվառությունը հիշեցնում է Արգոսին՝ «Ոդիսականի» ծերացած ու մահամերձ շանը։ Տրիբունին ոչ մի կերպ չի հաջողվում որևէ հոդաբաշխ բառ սովորեցնել Արգոսին։ Միայն օրերից մի օր, երբ սաստիկ դանդաղ ու առատ անձրև է տեղում, կատարվում է անսպասելին․ Արգոսը սկսում է խոսել, և հենց նրա շնորհիվ (հետո պարզվեց՝ «Ոդիսականում» գետի անունը նույնպես սխալմամբ Եգիպտոս հնչեցրած Հոմերոսի) տրիբունը շատ բան է հասկանում։

Քարանձավային մարդիկ Անմահներն էին, ավազոտ ջրով առվակը՝ հոգնատանջ ձիավորի որոնած գետը։ Իսկ այն քաղաքը, որի համբավը հասել էր մինչև Գանգեսի ափերը, ավերվել էր Անմահների ձեռքով ինը դար առաջ։ Նրա ավերակների վրա Անմահները կառուցեցին անմիտ քաղաքը, հետո մոռացան և որոշեցին ապրել բացարձակ հայեցողության ոլորտում։ Գրեթե չէին ընկալում ֆիզիկական աշխարհը (երբեմն-երբեմն միայն անձրևներն էին նրանց վերադարձնում իրականություն) և դարձան միանգամայն անտարբեր․ շարունակ պառկած մեկի կրծքին նույնիսկ մի թռչուն էր բույն դրել։ Հոմերոսը բացատրում է, որ Անմահ լինելը դատարկ բան է․ «Մարդուց բացի՝ բոլոր արարածներն անմահ են, քանի որ չեն ճանաչում մահը, իսկ իրեն Անմահ զգալը աստվածային է, սարսափելի, մտքին անհասանելի»։

Դարերի փորձառությունը շատ բան է սովորեցրել Անմահների հանրապետությանը․ «Գիտեին, որ անհուն ժամանակի մեջ ամեն մի մարդու հետ պատահում է ամեն ինչ։ Իր անցյալի կամ ապագայի առաքինությունների համար յուրաքանչյուր մարդ արժանի է ամեն տեսակ բարության, սակայն նաև ամեն տեսակ դավաճանության՝ իր անցյալի կամ ապագայի ստորությունների համար»։ Չարիք գործողը մտածում է, որ իր արարքը պետք է բարիք դառնա առաջիկա դարերում կամ արդեն դարձած լինի անցյալում։ Դուրս է գալիս, որ բոլոր արարքները արդար են, միևնույն ժամանակ՝ ոչ մի բան։ Բարոյական կամ մտավոր չափանիշներ չկան․ «Հոմերոսը հորինեց «Ոդիսականը», սակայն անհատնելի ժամանակներում, անհամար պարագաներում անհնարին է, որ գոնե մեկ անգամ «Ոդիսականը» կրկին չհորինվի։ Ամեն մարդ այստեղ ոչ ոք է, իսկ ամեն Անմահ՝ աշխարհում եղած բոլոր մարդիկ»։

Անմահները ի վերջո գալիս են այն եզրակացության, որ եթե գոյություն ունի մի գետ, որի ջրերը անմահացնում են, ապա ինչ-որ տեղ պետք է գոյություն ունենա դա չեզոքացնող մի այլ գետ։ Անմահները ցրվում են աշխարհով մեկ՝ որոշելով գտնել այդ գետը․ «Մահը (կամ նրա հիշողությունը) մարդկանց դարձնում է գեղեցիկ ու ողբերգական։ Հուզում է առաջացնում նրանց կյանքի անցողիկությունը, չէ՞ որ ամեն մի արարք կարող է վերջինը լինել»․․․

Ռուֆոն բաժանվում է Հոմերոսից, շրջում նոր թագավորություններում ու նոր կայսրություններում։ 1066թ․ պատերազմում է Ստամֆորդի կամրջի մոտ։ 1714թ․ բաժանորդագրվում է Պոպի «Իլիականի» վեցհատորյակը․․․ Ամբողջը չես թվարկի։ Մի օր Բոմբեյ ուղևորվող նավը ստիպված խարիսխ է նետում Էրիդյան ափերում։ Հենց այդտեղ էլ տեսնում է զուլալ ջրի առվակը, սովորության համաձայն՝ փորձում։ Ափով բարձրանալիս փշոտ մի ծառից ձեռքը վիրավորվում է, զարմանքով նկատում է արյան կաթիլը և հասկանում, որ նորից մահկանացու է։

Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ իրար են խառնվել ինքն իրեն ներկայացնողի և նրան ընկերակցողի՝ Հոմերոսի կյանքը խորհրդանշող պատկերները։ Տրվում է նաև դրա արդարացումը․ «Ես եղել եմ Հոմերոսը, շուտով Ոդիսևսի նման կլինեմ։ Ոչ ոք շուտով կլինեմ, ինչպես բոլորը․ կմեռնեմ»։ Թերևս այդ պատճառով է հնչել այսպիսի եզրակացություն․ ձեռագիրը պարականոն է։

Բորխեսի հերոսները շատ գրվածքներում սովորաբար բավիղներ են հաղթահարում։ Իսկ այս մեկում հեղինակը բավիղներ, մտքի բավիղներ է դնում ընթերցողի առջև։ Ձեռագրի պարականոն լինել-չլինելու հարցը դրանցից մեկն է։ Չի բացառվում, որ դրանք հաղթահարելուց հետո ընթերցողը կրկին վերադառնա նույն հարցին․ ինչու՞ մարդը անմահ չէ։ Այս անգամ, սակայն, բոլորովին ուրիշ հայացքով․ ինչու՞ պետք է մարդը անմահ լինի, կամ արժե՞, որ անմահ լինի։

Արթուր Իսրայելյան          

 

21:00 15.02.2019

Ամենաշատ ընթերցվածները