ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շախմատի առաջնություն՝ նվիրված Բռնակոթի զոհված ազատամարտիկների հիշատակին
21:00 16.02.2019

Շախմատի առաջնություն՝ նվիրված Բռնակոթի զոհված ազատամարտիկների հիշատակին

Սիսիանի մարզադպրոցի նախաձեռնությամբ Բռնակոթի միջնակարգ դպրոցում անցկացվեց շախմատի առաջնություն, որը նվիրված էր արցախյան գոյամարտում նահատակված բռնակոթցի ազատամարտիկների հիշատակին: Առաջնության մեկնարկից առաջ նախաձեռնության կազմակերպինչները, զոհվածների հարազատները հարգանքի տուրք մատուցեցին գյուղի պանթեոնում ննջող նահատակներին` ծաղիկներ դնելով նրանց շիրմաքարերին: Իսկ դպրոցի աշակերտները փոքրիկ ցերեկույթով մեկ անգամ եւս հավաստեցին, որ ճանաչում են նահատակ համագյուղացիներին, խոնարհվում նրանց անմեռ հիշատակի առաջ եւ անուն առ անուն հիշում բոլորին: Դպրոցի կազմակերպիչ Դոնարա Ասրյանը ողջունեց շախմատի առաջնության կազմակերպումը, առավել եւս` այն զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրելը, ի մասնավորի նշելով, որ, ինչպես տղաներն էին մարտի դաշտում պայքարում հանուն հայրենիքի, հիմա էլ շախմատի դաշտում այս երեխաները կպայքարեն` հաղթելու նահատակ համագյուղացիների հիշատակին նվիրված մրցաշարում:

Սիսիանի մարզադպրոցի մարզիչ Կամո Հակոբյանը նշեց, որ երկու ուսումնամարզական եւ մեկ նախապատրաստական խմբերի միջեւ առաջին անգամն է անցկացվում նման մրցաշար: Այն կազմակերպվել է օլիմպիական սկզբունքով, իսկ հետագայում դրանք կանցկացնեն շվեյցարական կամ` շրջանաձեւ սկզբունքով: «Առաջնությանը մասնակցում է 24 հոգի: Ազնիվ պայքար է, թող հաղթի ուժեղը, երեխաներն ավելի կոգեւորվեն, ու, կարծում եմ, այս մրցաշարից հետո ավելի շատ երեխաներ ցանկություն կհայտնեն ներգրավվել մեր մարզադպրոցում»,-ասաց մարզիչը:

Սիսիանի մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանը նշեց, որ շախմատի առաջնության անցակցման նպատակը ոչ միայն զոհված բռնակոթցիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր, այլեւ` գյուղում շախմատի զարգացմանը նպաստելը, ուժեղներին ի հայտ բերելը եւ նորանոր երեխաների ներգրավելը խաշմատի խմբակներում: «Առաջին անգամն է նման առաջնություն կազմակերպվում, սա 

ներկոլեկտիվային խմբերի առաջնություն է, բայց հետագայում մտադիր ենք առաջնություններ կազմակերպել նաեւ Սիսիանի շախմատի դպրոցի, ինչպես նաեւ հանրակրթական մյուս դպրոցների շախմատի խմբերի միջեւ»,- ասաց  տնօրենը` շնորհակալություն հայտնելով մարզադպրոցի ուսմասվար Սերժիկ Հակոբյանին, Բռնակոթի դպրոցի տնօրինությանը, համայնքի կառավարման ներկայացուցիչներին` առաջնության կազմակերպմանն աջակցելու եւ նրան ամենայն լրջությամբ վերաբերվելու համար:

Առաջնությունն անցավ մրցակցային պայքարում, որի արդյունքում Արգամ Մկրտչյանը գրավեց առաջին, Վազգեն Հովհաննիսյանը` երկրորդ, Արմեն Ալեքսանյանը` երրորդ տեղը: Հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով:

Աղբյուր՝ vorotan.am

21:00 16.02.2019

Ամենաշատ ընթերցվածները