ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Աշխարհում գործազրկությունը նվազել է
17:00 18.02.2019

Աշխարհում գործազրկությունը նվազել է

Աշխարhում 2018 թվականին գործազրկության մակարդակը նվազել է, բայց միլիոնավոր մարդկանց աշխատանքային պայմանները դեռ չեն հասել ցանկալիի։ vestifinance.ru-ն գրում է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, նախորդ տարի աշխարհում 3,3 միլիարդ մարդ ունեցել է աշխատանք։ Բայց նրանց մեծ մասը ստացել են ցածր աշխատավարձ և աշխատել են ծանր պայմաններում։

«Զբաղվածությունը  դեռևս արժանապատիվ կյանքի երաշխիք չէ։ Աշխարհում 700 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ կամ նույնիսկ չքավոր է, չնայած նրան, որ ունի աշխատանք»,- ասել է ԱՀԿ ներկայացուիչ Դամյան Գրիմշոուն։

ԱՀԿ-ն ստեղծված իրավիճակը համարում է «արժանապատիվ աշխատանքի դեֆիցիտ»  և զգուշացնում, որ շատ երկրներում, ամենայն հավանականությամբ, չեն կարող մինչև  2030 թ. հասնել կայուն զարգացման 8-րդ նպատակին։

«8-րդ  համարի նպատակը ոչ միայն համընդհանուր զբաղվածությունն է, նաև զբաղվածության որակը։ Հավասարությունն ու արժանապատիվ աշխատանքը կայուն զարգացման երկու հիմնական գործոններ են»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալը։

ԱՀԿ-ն նշում է, որ աշխատաշուկայում գենդերային հավասարության հարցում գրեթե առաջընթաց չի արձանագրվել։ Կանանց ընդամենը 48 տոկոսն է աշխատում։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 75 տոկոս։ Երիտասարդության 20 տոկոսը չի աշխատում և չի սովորում։

Զեկույցում նշվում է, որ ինչպես նախկինում, այժմ էլ ոչ ֆորմալ (թաքնված) զբաղվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է. 2 միլիոն մարդ (աշխատողների շուրջ 61 տոկոսը) աշխատում է ոչ ֆորմալ հատվածում։

Եվրոպայում վերջին տասնամյակում գործազրկության մակարդակը նվազել է, և կշարունակի նվազել մինչև 2020 թվականը։ Արևելյան Եվրոպայի երկրներում առաջիկա երկու տարիների ընթացքում գործազուրկների թիվը որոշ չափով կկրճատվի, սակայն, միաժամանակ, զգալիորեն կնվազի աշխատունակ բնակչության թիվը: Այսպիսով, միտումը կշարունակվի՝ գործազրկության մակարդակը կնվազի: Կենտրոնական Ասիայի երկրներում հիմնական խնդիրը մնում է տնտեսության ոչ ֆորմալ հատվածում զբաղվածությունը. այս ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս:

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 18.02.2019

Ամենաշատ ընթերցվածները