ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ծխողի իրավունք չկա, կա առողջ ապրելու իրավունք
19:00 18.02.2019

Ծխողի իրավունք չկա, կա առողջ ապրելու իրավունք

Առողջապահության նախարարությունն օրենքի նոր նախագիծ է առաջ քաշել, որի համաձայն՝ փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելը կարգելվի, իսկ օրինախախտները մեծ տուգանք կվճարեն: Ինչպես ներկայացվում է, օրենքի նախագծի հիմնական նպատակը ծխախոտային արտադրատեսակների գործածման բացասական ազդեցության նվազեցումն ու կանխարգելումն է:

Օրենքի նոր նախագծով փակ տարածքներում ծխողները կտուգանվեն 250 հազար դրամով, այդ թվում՝  բուժհաստատություններում, հանրային սննդի օբյեկտներում՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, հյուրանոցներ, պետական հիմնարկներում, մշակութային վայրերում՝ թատրոն, կինոթատրոն, թանգարան:

Կապանի միակ՝ «Marleys» փաբի տնօրեն Տիգրան Աղասյանը նշում է, որ ծխախոտը գիշերային կյանքի մի մասն է, հետևաբար այստեղի առօրյան առանց ծխախոտի պատկերացնել անհնար է. «Արգելելու դեպքում մարդկանց հաճախելիությունը կնվազի մոտ 80%-ով: Օրենքն իր հետ կբերի մի շարք անհարմարություններ, օրինակ՝ հատուկ ծխարաններ սարքել, մտնել-դուրս գալ և այլն, ուստի ես չեմ ցանկանա, որ այն ընդունվի»:

«Elegant» ռեստորանի տնօրեն Գագիկ Գրիգորյանն ասում է․ «Մարդկանց մեջ պետք է որոշակի մշակույթ ձևավորվի, չպետք է խախտվեն և՛ ծխողների, և՛ չծխողների իրավունքները: Սեղանի շուրջ նստած են հայրը, մայրը ու երեխան, ծնողները ծխում են փոքրիկի ներկայությամբ. հենց այստեղ է խնդիրը: Մարդկանց գիտակցության մեջ պետք է արմատավորվի չծխելը, ինչը մեծ աշխատանք է պահանջում, որը, սակայն, չպետք է արվի միայն մեծ տուգանքի միջոցով»:

«FENIX» համալիրի մենեջեր Իրինա Բաղդասարյանը ողջունեց օրենքի այս նախագիծը: Ասում է՝ օրենքի ընդունումից հետո չծխողները, փոքրիկներն այսուհետ չեն համարվի պասիվ ծխողներ»։

«Իհարկե, կողմ ենք առողջ ապրելակերպին, ողջունում ենք նախագիծը, բայց մտավախություններ ունենք, որ հաճախորդների թիվը կնվազի», - ասաց  «Mozart» ռեստորանային համալիրի մենեջեր Իրինա Դանիելյանը:

Հակածխախոտային ռեֆորմը՝ թերացումներով

Հակածխախոտային բարեփոխումն ամենակարևոր ու ամենաբարդն է, այն համակողմանի քննարկումների արդյունքում միայն կարելի է կյանքի կոչել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ  հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է․ «Կա օրենքի փիլիսոփայության առարկա և կա օրենքի տեխնիկական մաս, որտեղ այս պարագայում բացեր կան։ Բազմիցս բարձրաձայնվել է, որ կարևորը վերահսկողությունը չէ, այլ մշակույթի ձևավորումը, ինչը նշանակում է, որ օրենքի վերահսկողության, անհավասարության հետ կապված խնդիր ենք ունենալու»: Նրա կարծիքով՝ կոռուպցիոն ռիսկը կարգավորող մարմնի հստակեցում չկա, բիզնեսին անուղղակի դարձնում են վերահսկողության ենթակա առարկա, մինչդեռ բիզնեսն ինքը պետք է որոշի․ պետության առաքելությունը վերցնի՞ իր վրա, թե՞ ոչ: «Բացի դրանից, օրենքի նախագծի վրա աշխատող օրենսդիր և գործադիր մարմինները հաշվի չեն առել, թե ինչ փոփոխություններ կլինեն օրենքի ընդունումից հետո: Պայմանական 5-10%-ով ծխողների թիվը նվազում է, բայց եթե հիմնական վայրերում, որտեղ սպառվում է ծխախոտի 30%-ը, սպառման 5%-ը նվազի, բա այն 25%-ը, որ այստեղ չի ծխվում, ու՞ր պիտի  տեղափոխվի, բնակարա՞ն…»: Պիպոյանը հավելեց նաև, որ փակ տարածքներում առհասարակ հնարավորություն չտալ ծխելու, նշանակում է՝ քաղաքացուն դրդել կոռուպցիայի:

Անուշ Միրզոյան

19:00 18.02.2019

Ամենաշատ ընթերցվածները