ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տեղակալից խորհրդական
18:00 19.02.2019

Տեղակալից խորհրդական

Պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը նաև  մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունների քաղաքականություն է որդեգրել։ Այն, որ մարզպետարանների գործունեության ինստիտուտը պետք է վերանայվի, մամուլում խոսակցություններ սկսեցին պտտվել ամիսներ առաջ, և ահա պաշտոնապես փետրվարի 11-ին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ մարզպետարաններում օպտիմալացման ծրագիրն իրականացվում է դեռ հոկտեմբերից։ «Ներգրավվել են խորհրդատվական ընկերություններ, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մի քանի մարզպետարաններում կատարվել են ուսումնասիրություններ, և եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի։ Արդեն իսկ սխեման կա։ Մի քանի փոքրիկ դետալների շտկումից հետո, նաև՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո, հաջորդիվ կլինի մարզպետարանների օպտիմալացումը», - նշել է նախարարը։

Պատասխանատուները վստահեցնում են՝ կրճատումը մեկ նպատակ է հետապնդում․ արդյունավետ կառավարում և առավել որակյալ մասնագետների ներգրավում։ Սյունիքի մարզպետարանն ունի մոտ 120 աշխատակից,  6 վարչություն՝ բաժիններով և մեկ քարտուղարություն։ Այս թվի մեջ չեն մտնում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատակիցները (դրանք  նույնպես մարզպետարանի ենթակայության են)։ Ինչևէ, օպտիմալացման առաջին օրինակները արդեն արձանագրվել են։ Սյունիքի մարզպետի տեղակալներներից երկուսը՝ Գոռ Թադևոսյանն ու Հերմինե Համբարձումյանը, փետրվարի 12-ին վարչապետի որոշմամբ ազատվել են աշխատանքից։

Մեկնաբանելով փաստը՝ մարզի ղեկավար Հունան Պողոսյանը այն դարձյալ հիմնավորեց օպտիմալացման ծրագրով, ասելով․ «Տեղի ունեցածում ոչ մի ենթատեքստ փնտրել հարկավոր չէ, կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության մեջ որոշեցինք աշխատել մեկ փոխմարզպետով»։  Հունան Պողոսյանի խոսքով, իհարկե, աշխատանքը շարունակող փոխմարզպետ Նարեկ Բաբայանի ծանրաբեռնվածությունը կմեծանա, համակարգման ոլորտները ավելանում են,   առաջիկայում վերջնական կառուցվածքի ձևավորումից հետո աշխատանքի վերաբաշխում կանեն։ Ինչու որոշվեց կադրային փոփոխությունը սկսել փոխմարզպետներից, ըստ Հունան Պողոսյանի, դա ամենապարզ տարբերակն էր տվյալ պահին։

Ընդամենը մեկ օր անց մարզպետի կարգադրությամբ նախկին տեղակալը նշանակվեց խորհրդական։ «Միասին շարունակել աշխատելու մարզի ղեկավարի առաջարկությունը սիրով ընդունել եմ, որովհետև կարծում եմ՝ դեռ կարող եմ օգտակար լինել։ Չեմ կարող ասել, որ էական տարբերություն կա, տեղակալները համակարգում էին իրենց վստահված ոլորտները, իսկ այժմ մարզպետի հետ կքննարկենք առաջիկա անելիքներս, ու գործի կանցնեմ», - ասաց Գոռ Թադևոսյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք անակնկալ էր աշխատանքից ազատվելու մասին լուրը, Գոռ Թադևոսյանը պատասխանեց․ «Հարցը նախապես քննարկվել էր մարզպետարանում ու  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, այնպես որ սպասելի էր, այդ որոշումը հարգանքով  և ըմբռնումով եմ ընդունել։ Իհարկե, ինքնանպատակ չի եղել իմ աշխատանքը որպես տեղակալ, ես շնորհակալ եմ, որ ինձ վստահվել էր այդ պաշտոնը, փորձել եմ անել առավելագույնը իմ աշխատանքով՝ ձգտելով օգուտ տալ մարզի բնակչությանը»։

Նելլի Միրզախանյան

18:00 19.02.2019

Ամենաշատ ընթերցվածները