ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առանց կոստյումի
18:00 20.02.2019

Առանց կոստյումի

Փետրվարի 16-ին ՀԱԿ-ը կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ հայտարարություն տարածեց, որտեղ առանձնացնում է մեր երկրում առաջնային խնդիրների արմատական լուծումների ուղղությունները։ Դրանցից, թերևս, առաջինը մեծ արձագանք ստացավ, այն է՝ մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ:

Հայտարարությանը անմիջապես հաջորդեցին տարբեր հարթակներում քննարկումներ։ Մասնավորապես ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հետընթաց է գնալ կիսանախագահական կառավարման, պետք է առաջ գնանք, սուպերվարչապետականից էլ առաջ շարժվենք ու գանք խորհրդարանական կառավարման։ Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ կա, սակայն մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականի, չի լինի: Իսկ «ԲՀԿ»-ն դեռ իր դիրքորոշումը չի հայտնել։

Թողնենք մի կողմ քաղաքական ուժերի կարծիքները և նշենք, որ մեծ իմաստով այնքան էլ էական չէ, թե կառավարման ինչ մոդել ունենք։ Միաժամանակ չմոռանանք, որ հենց գործող մոդելի շնորհիվ հաջողություն ունեցավ «թավշյա» հեղափոխությունը։ Բայց մի՞թե թիվ մեկ խնդիրը դա է։ Շատ ավելի կարևոր է քայլեր ձեռնարկել երկրում տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի խթանման, աղքատության մակարդակի նվազեցման, բնակչության գնողունակության բարձրացման, իրավական համակարգի բարելավման, կոռուպցիայի նվազեցման և մի շարք այլ ուղղություններով։

Այնպես որ՝ ձևը էական չէ, բովանդակությունն է էական և գործելաոճի հստակ ռազմավարության մշակումը։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, «Քեզի կոստյու՞մն է, որ պիտի զարդարե»։

«Զանգեզուր պրես»    

18:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները