ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինչու է թանկացել հացը
20:00 20.02.2019

Ինչու է թանկացել հացը

20 դրամով հացը թանկացավ։ Փետրվարը սկսվեց այս նորությամբ։ Կապանցի սպառողը գնի բարձրացումը անհիմն որակեց։ «Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված 20 դրամով հացի թանկանալը, բայց հաստատ լավ բանի չի հանգեցնի։ Օրինակ, բազմաշունչ ընտանիքները, որ օրական 5 հաց են գնում, 100 դրամ ավելի պետք է վճարեն։ Առաջին հայացքից թվում է, թե չնչին գումար է, բայց ոչ բոլորն են ի վիճակի։ Հացն էլ այնպիսի բան է, որ չես կարող չգնել», - մեզ հետ զրույցում վրդովված ասաց Ֆաիդա Բաղինյանը։

450 գրամանոցից մինչև կես կիլոգրամի հասնող մատնաքաշ հացը նախկինում Կապանում վաճառվում էր 200 դրամով։ Բնակիչներն ասում են՝ եթե քաշը չի ավելացել, այլ, ընդհակառակը, որոշ դեպքերում նույնիսկ նշված քաշը չի պահպանվում, ինչու՞ պետք է ավելի վճարեն։ Հացի արտադրությամբ զբաղվողները գնի վերանայումը միջազգային շուկայում ալյուրի թանկացմամբ են պայմանավորում։ Նախկինում 50 կգ կշռող մեկ պարկ ալյուրը ձեռք էին բերում 9500-ից մինչև 10 հազար դրամով, հիմա դարձել է 11 հազար 900, պարկի մեջ մոտ 2400 դրամով գինը աճել է։ Ի տարբերություն Կապանի, Գորիսի և Մեղրու՝ Սիսիանում մատնաքաշ հացը չի թանկացել։ Հացարտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենը նշեց, որ թեև գների բարձրացումից հետո վնասով են աշխատում, չեն կարող թանկացնել հացը, որովհետև վաճառքի ծավալը կպակասի, մրցակցությունը մեծ է, շրջանառությունը՝ փոքր։

Այս հարցի պատասխանը ստանալու համար զանգահարեցինք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Պարզվեց, որ հացի գնի ուսումնասիրություն հանձնաժողովը չի իրականացնում։ Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հանձնաժողովը ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, իսկ հացի շուկայում չկան գերիշխող տնտեսվարողներ։ Այսինքն՝ ըստ օրենքի պահանջի՝ իրացման և արտադրության ծավալներով չկա որևէ մեկը, որ առնվազն 33,3 տոկոս զբաղեցնի շուկայում, հետևապես այդ շուկան հանձնաժողովի վերահսկողության տակ չի գտնվում։ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը ասաց, որ հացի շուկան համարվում է խիստ  ցածր  կենտրոնացվածության շուկա, այստեղ գործում են հազարավոր մանր և միջին ընկերություններ, և գնային բարձրացումների դիտարկումներ հանձնաժողովը չի կատարում։

Միևնույն ժամանակ տեղեկացանք, որ ՏՄՄՊՀ կատարել էր ցորենի և ալյուրի գնագոյացման ուսումնասիրություն,  պարզել, որ  որոշակի փոփոխություններ կան։  Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների աճ։

1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը՝ 194 հազարից 204 հազար դրամ և 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել են 10 դրամով՝ 1 կիլոգրամի հաշվով:

Քանի որ մեր երկիր ցորենը հիմնականում ներկրվում է ՌԴ-ից, հանձնաժողովը զուգահեռաբար ուսումնասիրել է նաև ՌԴ շուկայում ցորենի մեծածախ վաճառքի գները, որտեղ ևս 2018թ․ ընթացքում արձանագրվել է շարունակական աճ: 2018թ․ հունվարին 1 տոննա ցորենի արժեքը կազմել է  միջինում 8 750 ռուբլի, իսկ դեկտեմբերին՝ 13 000 ռուբլի, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գինը բարձրացել է 48.5%-ով:

Ըստ հանձնաժողովի հաղորդագրության՝ «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանումի» ընկերությունների 2018թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ցորենի ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ 2018թ․ դեկտեմբերին՝ մինչև 13 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ընկերությունների համար 1 տոննա ցորենի ձեռքբերման գները միջինում բարձրացել են 4 400 ռուբլով կամ մինչև 46%-ով, ինչի հետևանքով ՀՀ շուկայում նկատվել է արտադրվող ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների փոփոխություն:

Նելլի Միրզախանյան

20:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները