ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյան
21:00 20.02.2019

Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ներկայացրած ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդպես շարունակվել այլևս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու և հայ մնալու:

Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը:

Հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց և մեզ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը և կերտելով փառավոր հաղթանակներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է: Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման»:

Աղբյուրը` Panorama.am

21:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները