ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շամպա՞յն, թե՞ փրփրագմփիկ,  պրարե՞խ, թե՞ գրգռաճեղք․․․
18:00 21.02.2019

Շամպա՞յն, թե՞ փրփրագմփիկ, պրարե՞խ, թե՞ գրգռաճեղք․․․

Լեզվի կոմիտեն պարբերաբար տարածում է հորդորակներ հայերենի տարբեր բառերի, բառաձևերի կիրառության և մի շարք այլ լեզվական իրողությունների վերաբերյալ։ Այդ շարքում է նաև օտար բառերի հայերեն համարժեքների ցանկը՝ դրանց նախապատվություն տալու պայմանով։ Փոխառությունները եղել են և կլինեն, սակայն դրանք պետք է առանձնացնել օտարաբանություններից, որոնք խիստ մերժելի են։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը․ «Աշխարհում զարգացած որևէ լեզու չկա, որը փոխառություն չունենա։ Հայերենի այսօրվա բառապաշարում հազարավոր բառամիավորներ ունենք, որոնք հին, նոր, նորագույն փոխառություններ են։ Դրանց կիրառելիության հարցը լուծված է․ եթե մենք կարողանում ենք ստեղծել հաջողված համարժեքը, ապա փոխառությունը դուրս է մղվում։ Իսկ հարյուրավոր բառեր ժամանակի ընթացքում հորինվել են, սակայն, հայերեն խոսող հասարակությունը ինչ-ինչ պատճառներով չի օգտագործել, և դրանք դուրս են մղվել»։

Քաղաքական, տնտեսական, իրավական և մի շարք այլ համակարգերի գործունեությանը զուգահեռ տվյալ երկրի զարգացման համար կարևոր է նաև լեզվի պահպանությունը։ Իսկ հայ ժողովրդի համար լեզուն դարեր շարունակ եղել է ինքնուրույնության միակ վկայագիրը։ Լեզվի միջազգային օրվա առթիվ փոխառությունների վերաբերյալ ներկայացնենք մի քանի դիտարկումներ։

Լեզվական փոխառությունների մասին

Ինչպես բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանն է գրում իր «Արևմտահայերենի դասագիրք» գրքում․ «Աշխարհի բոլոր լեզուները, անջրպետված չլինելով միմյանցից, սերտորեն համագործակցում են՝ անհրաժեշտ հասկացություններ արտահայտող բառեր իրարից փոխառնելով և դրանով իսկ հարստացնելով սեփական բառապաշարը։ Հայերենը հնուց անտի չի խորշել անհրաժեշտ փոխառություններից․ վկան՝ այն բազմաթիվ բառերը, հին և հնագույն, նոր և նորագույն փոխառությունները, որ հայերենը փոխառել է հարևան ժողովուրդների լեզուներից։ Առհասարակ, երբ փոխառությունների հարցը արծարծվում է տեսականորեն, դժվար է գտնել փոխառությունների անհրաժեշտությունը հերքող որևէ մեկին (մասնագետ կամ ոչ մասնագետ)։ Պարզապես վեճեր առաջանում են կոնկրետ օրինակների շուրջ, և դա լիովին բնական է, քանի որ յուրաքանչյուր անհատ առաջնորդվում է սեփական ընկալումներով։ Եվ քանի դեռ այդ հարցում լեզվական նորման ձևավորված չէ, նման վեճերը անպակաս են լինում։ Խնդիրը հանգում է հետևյալին․ կա՞ արդյոք կոնկրետ տվյալ փոխառության անհրաժեշտությունը, թե՞ հայերենը ի վիճակի է իր բառակազմական ներքին հնարավորություններով արտահայտել այս կամ այն հասկացությունը։ Սակայն խնդիրը միայն մասամբ է լեզվական։ Այն հաճախ դուրս է գալիս այդ շրջանակից, և հարցի լուծումը սկսում է իր մեջ ներառել արտալեզվական՝ հոգեբանական, քաղաքական և նույնիսկ տնտեսական տարբեր գործոններ»։

Մեր գրական մեծերից Հովհաննես Թումանյանը դեռևս անցյալ դարասկզբին իր «Լեզվական փոխառությունները» հոդվածում հարցի վերաբերյալ այսպես է արտահայտվել․ «Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք – ինչ խոսք։ Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ անվանել, հանգ. Գամառ-Քաթիպայի նման, խավիարը ձկնկիթ կամ ֆրակը պոչազգեստ․․․․ Թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը»։

Հոդվածում գրողը նշում է նաև, որ կապվածությունը տարբեր ժողովուրդների հետ, կյանքի բնականոն զարգացման ընթացքը, նորանոր գաղափարները ստիպում են, որ նորանոր բառեր ու ոճեր մուտք գործեն տվյալ լեզու, ինչն էլ ավելի է հարստացնում տվյալ լեզվի բառապաշարը։

Լեզվական փոխառությունները «հայկականացնելու» հանդեպ առավել անհանդուրժող է եղել Վահան Տերյանը, ով իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում,  անդրադառնալով լեզվական հարցերին, նշում է, որ վառարանը փեչը չէ, տրամվայը էլեկտրաքարշը չէ, վելոսիպեդը հեծանիվը չէ, պալտոն վերարկուն չէ, գալոշը-կրկնակոշիկը չէ։ Բայց, ինչպես մեկ դար անց ենք տեսնում, նշված բառերի հայերեն համարժեքների մեծ մասը արդեն իսկ իր կայուն տեղն է զբաղեցրել մեր բառապաշարում․«Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից, նրանց տեղը հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել»։ Պոետի խոսքով՝ սխոլաստիկ ձևով բառերը հայերեն դարձնելով՝ ստեղծվում են մի շարք անկենդան, շինծու, անհասկանալի բառեր ու դարձվածքներ, որոնք մեր լեզուն դարձնում են ավելի դժվար յուրացվող։

Ժամանակակից գրեթե բոլոր լեզվաբաններն էլ «հանդուրժող» են փոխառությունների հանդեպ, բայց՝ պայմանով։ «Փոխառությունների նկատմամբ վերաբերմունքս դրական է, օտարաբանությունների նկատմամբ` բացասական: Եթե ունենք բառի հայերեն համարժեքը, ուրեմն դա պետք է գործածել օտարաբանության փոխարեն: Իհարկե, կան շատ բառեր, որոնց հայերեն համարժեքները կամ դեռ չեն ստեղծվել, կամ շատ անհաջող են: Տերմիններից բացի՝ լայն գործածություն ունեցող բոլոր բառերի համար էլ ստեղծվել են հայերեն շատ հաջող համարժեքներ, հետևաբար պետք է գործածել հայերեն տարբերակը», - ասում է լեզվաբան Ֆրիդա Հակոբյանը։

Արևմտահայերը ավելի խիստ են փոխառությունների նկատմամբ

Ինչպես ժամանակին նկատել է լեզվաբան Հրաչյա Աճառյանը, «օտար բառերի գործածության դեմ խիստ են եղել առհասարակ արևմտահայերը, իսկ թույլատու՝ արևելահայերը»։ Բայց լեզվաբանը բացատրում է նաև դրա պատճառները՝ արևմտահայության՝ հաճախ թշնամաբար տրամադրված ժողովուրդներով շրջապատված լինելը, նոր ձևավորվող լեզվում թուրքական փոխառությունների մեծաքանակ լինելը, ինչի համար թուրքերը ծաղրում էին հայերին (ազգային լեզու չունեն, ազգային սահմանադրություն են ուզում), ինչպես նաև հույների «մեղադրանքը»՝ նորագույն գիտաբառերը իրենցից փոխառելու համար (գեոմետրիա, մաթեմատիկա, գեոգրաֆիա և այլն)։

Այս ամենի հետևանքով մեր լեզուն հարստացել է նորանոր բառերով, որոնք, ժամանակի քննությունը բռնելով, այսօր դարձել են հիմնական բառապաշարի մաս, ինչպես օրինակ՝ երկրաչափություն, թվաբանություն, աշխարհագրություն։ Արևմտահայերենի «մաքրամոլության» շնորհիվ այսօր արևելահայերենում լայնորեն կիրառվում են զբոսաշրջիկ (տուրիստ), հիմնադիր (ֆոնդ), համալիր (կոմպլեքս), լրագրող (ժուռնալիստ), ահաբեկիչ (տեռորիստ), գիտաբառ (տերմին), աղանդեր (չարազ), սահիկահանդես (սլայդ), ադամաթուզ - բանան և այլն։ Իհարկե, այս շարքը կարելի է շարունակել։ Բայց չենք կարող չարձանագրել նաև, որ մի շարք հայկականացված բառեր, համենայն դեպս մեր կարծիքով, մոտ ապագայում դժվար թե մտնեն մեր բառապաշար, ինչպես օրինակ՝ գինեկոլոգ-կնախտաբան, ավտոբուս, տրոլեյբուս – հանրակառք, սոցիոլոգիա – ընկերաբանություն, ակորդ – դաշնուրդ, պիկնիկ- դաշտագնացություն, վայրկյան - մանրարոպե, օպերա-գուսաներգություն,  կիլոգրամ-հազարակրամ, կիլոմետր  - հազարամեթր, միլիլիտր – հազարորդալիտր և այլն։

Այս ամենով հանդերձ, ինչպես Ռ․Սաքապետոյանն է գրում, լեզվի մարքության ջատագովները մեծ սխրանք են գործել՝ հետագա սերունդներին փրկելով փեչագալոշական մղձավանջից։

Փոխառությու՞ն, թե՞ մաքրամոլություն

Մեկ անգամ չէ, որ համացանցում, ԶԼՄ-ներում հանդիպում ենք այնպիսի անհատների, ովքեր պարզապես ծաղրելու կամ զվարճանալու համար տարածում են փոխառյալ բառերի հայերեն անճաշակ և անբարեհունչ թարգմանությունը, ինչպես օրինակ՝ պլինդուզ - հատակապատատակաճեղքափայտ, մակարոն - երկարախմորակլորածակ, շամպայն - փրփրագմփիկ, ջենտլմեն - օրիորդապնդիչ, ջազ-պղնձաժխոր, տրակտոր- ինքնաբրդբրդիչ, դեկոլտե - լանջաբաց և այլն։ Պարզից էլ պարզ է, որ այս բառերը, ինչքան էլ շրջանառության մեջ դրվեն, երբեք քննություն չեն բռնի, նախևառաջ այն պատճառով, որ երկար են, իսկ արտասանելիս լեզուդ նույնիսկ «ջարդվում» է։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց նաև հայերենի բառամթերքի հարստացմանը։ Ճիշտ է, այդ բառերի մեծ մասը դժվարությամբ է լայն կիրառություն ստանում, բայց մշտապես զարգացող լեզվի համար այդ երևույթը բացառել հնարավոր չէ։ Բերենք դրանցից մի քանի օրինակներ՝ կուրսոր – շարժագիծ, նշիչ, բրաուզ – զննարկել, դիտել, ալգորիթմ – հրամանաշար, սպամ – փոստաղբ, զագրուզկա – բեռնում, կոնֆիգուրացիա – ձևակազմ, ֆիլտր – զտիչ, ինդեքս – ցուցիչ, պրոբել - բացատ և այլն։

Նշենք, որ նորագույն տեխնոլոգիաների բառերի թարգմանության համար էլ մեծ մասամբ «պարտական» ենք արևմտահայերենին։

Նշենք, որ նորաստեղծ բառերին, ժամանակի քննությունը բռնելու համար, անհրաժեշտ է նախևառաջ 3 պայման՝ բառի հայերեն համարժեքը պետք է հստակորեն արտահայտի տվյալ հասկացության բովանդակությունը, բառը պետք է համապատասխանի հայերենի բառակազմական կանոններին և պետք է բարեհունչ լինի, և օտար բառի դիմաց հայերեն համարժեքի ներդրման ոչ պակաս կարևոր պայման են նաև արտալեզվական գործոնները՝ օտար բառերից հրաժարվելու հանրության հոգեբանական տրամադրվածությունը և ներդրվող բառի գործածության հաճախականությունը։

Ինչպես Դավիթ Գյուրջինյանն է ասում․«Բնականաբար, մաքրամոլությունը լավ երևույթ չէ, և հնարավոր էլ չէ իրականացնել, որովհետև եթե գալիս ես պաղպաղակ գնելու և ասում ես՝ էսկիմո տու՛ր, դու չես կարող էսկիմո բառն այլ կերպ ասել։ Թող մաքրամոլները փորձ անեն թարգմանել, օրինակ, վիսկի, էսկիմո և այդպիսի հարյուրավոր բառեր։ Եթե փոխառությունն ունի հաջողված համարժեք, ապա նախընտրելին հայերենն է, եթե չունի, ապա ժամանակի հետ կարող է գալ և ստեղծվել, եթե՝ ոչ, ուրեմն կվերցնենք օտար բառը, այդպես արել ենք, անում ենք և կանենք»։

Արմինե Հարությունյան

18:00 21.02.2019

Ամենաշատ ընթերցվածները