ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարտի 2-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի գարնանային հատվածը
19:00 01.03.2019

Մարտի 2-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի գարնանային հատվածը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերադառնում է:

Մարտի 2-ից հայկական ակումբները կվերադառնան ձմեռային ընդմիջումից ու կշարունակեն պայքարը: Վաղը կկայանա երկու հանդիպում:

«Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Արարատի» հետ: «Ալաշկերտն» էլ «Նաիրի» ստադիոնում կընդունի «Փյունիկին»: Երկու հանդիպումն էլ մեկնարկելու է 14:00-ին:

Մարտի 3-ին տեղի կունենա ևս երկու հանդիպում: Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակը» մարզային դերբիի շրջանակում կմրցի «Լոռիի» հետ, իսկ «Արցախը» «Փյունիկ» մարզադաշտում ուժերն է չափելու «Բանանցի» հետ: Այս խաղերը նույնպես կմեկնարկեն 14:00-ին:

Հետաքրքիր է, որ առաջնության երկրորդ հատվածում հանդիպումներ չեն կայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ինչպես նաև նախկին «Միկա» մարզադաշտում: ՀՖՖ-ի հրապարակած հայտացուցակում էլ Երևանի «Արարատը» տնային հանդիպումները պետք է անցկացնի Գյումրու քաղաքային մարզադաշտում, իսկ «Փյունիկն» ու «Արցախը» մրցակիցներին կընդունեն «Փյունիկ» մարզադաշտում: Նշված է նաև, որ Տալալաևի ֆուտբոլիստները տնային խաղեր կանցկացնեն Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում:

Հավելենք, որ 20-րդ տուրում հանգստի հնարավորություն է տրվել «Գանձասար-Կապանին»:

Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը աշնանային հատվածից հետո 33 միավորով գլխավորում է «Ալաշկերտը»: Երկրորդ հորիզոնականում է «Բանանցը»` 29 միավորով: Եռյակը եզրափակում է «Փյունիկը», որն ունի 27 միավոր:

Մարտի 2

«Արարատ-Արմենիա»-«Արարատ» / Ավանի ֆուտբոլի ակադեմիա, ժամը 14:00

«Ալաշկերտ»-«Փյունիկ» / «Նաիրի» մարզադաշտ, ժամը 14:00

Մարտի 3

«Շիրակ»-«Լոռի» / Գյումրու քաղաքային մարզադաշտ, ժամը 14:00

«Արցախ»-«Բանանց» / Փյունիկ մարզադաշտ, ժամը 14:00

Աղբյուր՝ tert.am

19:00 01.03.2019

Ամենաշատ ընթերցվածները