ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինչու էր պղտորվել Վաչագան գետը
16:00 02.03.2019

Ինչու էր պղտորվել Վաչագան գետը

Մարտ-ապրիլ ամիսներին գարնանային վարարումների վտանգը որպես կանոն մեծանում է։ Սարերում կուտակված ձյան պաշարները ջերմաստիճանի բարձրացման հետևանքով սկսում են հալվել։ Գետերի վարարումը օրինաչափ է, բայց, միևնույն է, զգոնությունը չպետք է կորցնել մարզային փրկարարական վարչությունը բնակիչներին հնարավոր գարնանային հեղեղումներից զգուշանալու կոչ է անում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ռոմա Սահակյանը նշում է․ «Սյունիքը իր լեռնային տեղանքով ռիսկային գոտի է համարվում։ Չնայած տարին տեղումնառատ չէր, բայց մարզիտարածքովանցնողՎաչագան, Ողջի, Որոտան, Մեղրի և մյուս գետերն էլ բնականոն հունից շեղվելու ռիսկ պարունակում են։ Հատկապես այն թաղամասերը, որոնք գետերին հարակից շրջաններում են, վտանգի թիրախ են  համարվում։ Եթե գետերի հուները չեն մաքրում  խիճից, ավազից, քարից, տարատեսակ աղբից, խցանումներ են առաջանում։ Նման դեպք մենք ունեցել ենք Կապանում մի քանի տարի առաջ, երբ  Վաչագան գետը վարարումների հետևանքով ողողեց Մելիք-Ստեփանյան փողոցի առաջին ու նկուղային հարկերը»։  

Կապանի համայնքապետարանը սեզոնի մեկնարկին ընդառաջ հնարավոր հեղեղումները  կանխարգելելու նպատակով միջոցառումներ է սկսել իրականացնել Վաչագան գետում։ Մասնավորապես, բերվածքներով լցված ամբարտակը մաքրվել է։ Համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանի խոսքով՝ նպատակը մեկ էր՝ ջրահեռացման, ափապաշտպան միջոցառումներով նվազեցնել հնարավոր ռիսկերը։ Իսկ գետերի հուներում կառուցված ամբարտակները, եթե խցանված են լինում, խանգարում են ջրի անարգել հոսքին։ Մաքրման աշխատանքների պատճառով գետի ջուրը պղտորվել էր՝ բնակչության շրջանում խոսակցությունների ու անհանգստության տեղիք տալով։

Համացանցում եղան օգտատերեր, որոնք ահազանգում էին, թե բնապահպանական խնդիր է ծագել։ Համայնքի ղեկավարի տեղակալը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, պարզաբանեց, որ գետում տեխնիկա աշխատելու, հողային զանգվածի տեղաշարժի հետևանքով պղտորում է առաջանում։

Գետի կենդանական աշխարհին հասցված հնարավոր վնասի մասին տեղեկատվությունը, ըստ «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի, չի կարող հիմնավորված լինել։ «Կարելի է ասել՝ նույնն է,  թե հորդառատ անձրև գա։ Բնականաբար, տեղումների առատությունից գետի ջուրը միշտ էլ պղտորվում է։ Սելավների ժամանակ այդ հեղեղատարները լցնում են գետը, ջրի հետ բերում հողի զանգված, ջուրը մի քիչ պղտորվում է, ինչը ոչ մի վնաս չի հասցնում ձկնային աշխարհին», - ասում է բնապահպանը։

 

Նելլի Միրզախանյան

16:00 02.03.2019

Ամենաշատ ընթերցվածները