ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թող խաղաղությունը գա ու չգնա…
21:00 01.03.2019

Թող խաղաղությունը գա ու չգնա…

Նորայր Լենդրոշի Հակոբյան

Դեռևս խորհրդային բանակում ժամկետային զինծառայության տարիներին որդու ձեռքով նկարազարդած լուսանկարների ալբոմը արդեն քսան տարուց ավելի դարձել է որդեկորույս մոր թերևս միակ սփոփանքը։ 25 տարեկանում, ինչպես շատ-շատերը, նա էլ դարձավ հայրենիքի պաշտպանության սուրբ գործի մասնակիցը, սակայն չվերադարձավ՝ միանալով անմահ հերոսների հավերժական երթին։

Նորայր Լենդրոշի Հակոբյանը ծնվել է 1966թ․ օգոստոսի 11-ին Երևանում։ Ընտանեկան տարաձայնությունների պատճառով մայրը՝ տիկին Ռամելան, 3-ամյա որդու և 1,5 տարեկան դստեր՝ Արևիկի հետ տեղափոխվել է Կապան։ Նորայրը 1973-74 ուստարում ընդունվել է Շահումյան բանավանի դպրոց, որի փակվելուց հետո հետագա կրթությունը ստացել է Կապանի թիվ 6 դպրոցում։ 1979թ․ ընդունվել է Կապանի մանկական գեղարվեստի դպրոց, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1984թ․ զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայության անցել Ամուրի Կոմսոմոլսկում։ Ինչպես մայրն է պատմում, ի սկզբանե պետք է Աֆղանստանում ծառայեր, բայց գնացքից երեք ընկերներով փախել էին։

Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի Կապանի Լենհանքերում որպես մեքենավար, բայց, ինչպես տիկին Ռամելան է ասում. «Հայրս շուտ էր մահացել հանքերում աշխատելու հետևանքով, դրա համար չէի ուզում, որ որդիս այնտեղ աշխատեր: Մանավանդ աշխատավարձն էլ իջեցրել էին, չարժեր այդ գումարի համար ամեն օր հանք մտնել-դուրս գալ»:

Մինչև Արցախյան շարժումը սկսվելը մեկ տարի էլ աշխատեց կոոպերատիվ հիմնարկում, իսկ 1990թ. Շահումյան բանավանի տղաների հետ միասին զորամաս տեղափոխվեց և սկսեց ծառայել՝ սկզբնական շրջանում ուղեկցելով ավտոշարասյուները: «Հետո մի օր եկավ, թե բա՝ մեր տղաներից մեկը զոհվեց։ Ինչքան համոզեցի, որ էլ չգնա, ասաց՝ բա որ ես չգնամ, այն մյուսը չգնա, էլ ո՞վ գնա: Խոստացավ ապրիլից հետո թողնել ծառայությունը, բայց ավա՜ղ․․․», - պատմում է մայրը՝ արցունքները հազիվ զսպելով:

Սպասվածը այդպես էլ չեկավ…

1992թ. ապրիլի 24-ին մրի մեջ կորած եկավ տուն, արագ լվացվեց, մի կտոր հաց կերավ: Մոր հորդորներին, որ գիշերը տանը մնա, չլսեց: Մեկնեց՝ չանհանգստանալու հորդորով դիմելով տանեցիներին: Տիկին Ռամելայի խոսքով՝ Շահումյան բանավանում հողակտոր պետք է վերցնեին մշակելու համար: Որդին հանձնարարեց հաջորդ օրը գնալ այնտեղ և ընտրել հարմար տարածք, մինչև ինքը կգա: Այսօրվա պես է հիշում՝ ԴՕՍԱԱՖ-ի շենքի պատի տակ նստել էին տղաները, պատրաստվում էին մեկնել: «Եթե այդ օրը իմանայի, որ թշնամու արկն ավելի շուտ տեղ կհասներ, քան ես՝ Շահումյան, նրան այնտեղից կտանեի, - ժամանակի անիվը գլորելով՝ ափսոսանքով ու ցավով հիշում է մայրը, բայց, ինչպես ասում են, Աստծո գործերը անքննելի են: - Երբ հասա բանավան, հանկարծ օդում ծխի քուլա սունկի նման բարձրացավ, ասացի՝ տեսնես՝ ում տունը քանդվեց, ինչ իմանայի, որ իմ տունն էլ դրանց մեջ էր…»։ Ապրիլի 25-ին թշնամին հրետակոծեց հետևակի մարտական մեքենան (ԲՄՊ), որի հետևանքով զոհվեց 8 հայորդի:

Դժվարությամբ պահեցի, հեշտությամբ կորցրի

Տիկին Ռամելան բուժքույր էր աշխատում Կապանի տուբդիսպանսերում, տուրբազայում, ձեռքի աշխատանք կատարում: Առանց ամուսնու մեծացրեց երկու զավակներին, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ արեց, որ նրանք ոչնչի կարիք չունենան: Տարիների կծիկը հետ տանելով՝ նա հիշեց որդու հետ կապված որոշ դրվագներ, հուզվեց, բայց փորձեց ցույց տալ, որ որդու կորստյան ցավը հպարտությամբ է տանում: «Այդ տարիներին ինձ ապրելու ուժ տվեց Արևիկիս դուստրը՝ Անին», - խոստովանում է նա:

Բազում երազանքներ ուներ Նորայրը: Նկարչությամբ, քանդակագործությամբ հետաքրքրված երիտասարդը ցանկանում էր ուսումը շարունակել, նախասիրությունը դարձնել մասնագիտություն: «Սիրած աղջիկ չուներ, բայց ես որպես հարսնացու աչքիս տակ մի աղջիկ ունեի: Երբ խոսում էի ամուսնությունից, ասում էր՝ մամա՛, պատերազմը ավարտվի, հետո կմտածենք այդ մասին: Գուցե եթե զավակ ունենար, սփոփանք կլիներ ինձ համար, կամ գուցե լավ էր, որ դեռ չէր ամուսնացել, ես էլ չգիտեմ արդեն…», - մտամոլոր ասում է մայրը:

Քույր ու եղբայր շատ մտերիմ էին, բայց տարբեր բնավորություն ունեին: Քույրը ավելի ակտիվ էր, իսկ Նորայրը համեստ էր, «նույնիսկ 100 անգամ նույն բանը ասեիր, չէր հակաճառի»:

Այժմ Ադլերում ապրող քրոջ՝ Արևիկի հետ տեսազանգով կապ հաստատեցինք: «Եղբայրս չափազանց համեստ էր, պատասխանատու, միշտ գիտեի, որ թիկունքիս պաշտպան ունեմ: Պատերազմի տարիներին մեր հորդորներին, որ չմասնակցի ռազմական գործողություններին, ուշադրություն չէր դարձում: Ասում էինք՝ մինուճար տղա ես, մի՛ գնա, ասում էր՝ բա ո՞վ գնա: Անհանգիստ սպասումներով օրեր ապրեցինք, աչքներս ճամփին, թե երբ եղբայրս կգա տուն, կամ կգա՞ արդյոք», - արցունքները խեղդելով՝ ասում է քույրը, հետո հիշում դպրոցական տարիները, Շահումյան բանավանից ոտքով դպրոց գալը, միասին վառարան վառելը, ճաշ պատրաստելը և բազում երանելի ակնթարթներ:

«Դստերս շատ էր սիրում, շտապելով գալիս էր տուն, սիրում նրան ու նորից գնում: Մշտապես պատմել եմ աղջկաս՝ քեռու մասին, որ գոնե այդպես նրա մեջ տպավորվի քեռու կերպարը. չէ՞ որ հայրենիքին կյանքը նվիրած քեռի ունի», - ասում է Արևիկը:

Ապրիլյանից հետո ուշադրությունը պակասեց

2016թ. ապրիլյան առճակատման դեպքերից հետո 1990-ականների պատերազմի զոհերի հանդեպ ուշադրությունը կարծես պակասեց, թերևս այսպես են կարծում նրանց հարազատները: Բայց գուցե պատճառը տեղեկատվական տեխնոլոգիաներն են… Ինչևէ, հայրենիքի համար զոհվածները բոլոր ժամանակներում էլ հավասար պետք է լինեն:

Տիկին Ռամելան նշում է, որ այս տարիներին պետությունից ստացած զոհվածի թոշակը չնչին է նույնիսկ գոյատևելու համար: Կցանկանար, որ այդ թոշակի չափի վերանայում կատարվեր: Նրա խոսքով՝ տարիներ առաջ նրանց հանդեպ ավելի ուշադիր էին, տոն օրերին հիշում էին, մեծարում… Այսօր հենց այդպիսի ուշադրության կարիք ունեն, ոչինչ ավելին իրենց հարկավոր չէ: «Ապրիլյանից հետո մոռացան մեզ, բայց չէ՞ որ մեր տղաները ավելի երկար ու ավելի վատ պայմաններում էին պատերազմում, երբ չկար անհրաժեշտ զինամթերք, սնունդ, հագուստ և այլն», - մի քիչ նեղացած ասում է տիկին Ռամելան:

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում Նորայրի անունով անվանակոչված դասարան կա, դպրոցի միջոցառումներին պարտադիր հրավիրում են տիկին Ռամելային, հիշում որդու ծննդյան, զոհվելու օրերը:

Նա այսօր մենակ է բնակվում իր տանը, կարոտով հիշում Շահումյան բանավանում անցկացրած օրերը, ծոռանը խնամելու հաճելի հոգսը կիսում թոռան ընտանիքի հետ: Արևիկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ շուտով կվերադառնա հայրենիք. չէ՞ որ արդեն խնամքի, իր սիրո ու ջերմության կարիքն ունեն մայրը, դուստրն ու թոռը:

Իսկ վերջում տիկին Ռամելան թաց աչքերով աշխարհին իր մաղթանքն է հղում. «Թող խաղաղություն լինի, ոչ մի մոր աչք չթացանա, բոլոր տղաները ծառայությունից վերադառնան, հասնեն իրենց մուրազին…»։

Շիրազի հայտնի՝ «Թող գարունները գան ու չգնան» տողերի նմանությամբ բառախաղ ստեղծելով՝ մեզ մնում է միայն ասել՝ «Թող խաղաղությունը գա ու չգնա…»։

Արմինե Հարությունյան

21:00 01.03.2019