ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2008թ-ից սկրինինգային ծրագրով շուրջ 200 նորածնի մոտ հայտնաբերվել է լսողության խնդիրներ
18:00 04.03.2019

2008թ-ից սկրինինգային ծրագրով շուրջ 200 նորածնի մոտ հայտնաբերվել է լսողության խնդիրներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 3-ը հայտարարել է Ականջի և լսողության պահպանման համաշխարհային օր։ ԱՀԿ-ի  տվյալներով՝  երկրագնդի բնակիչների 5 %-ից ավելին` 466 միլիոն մարդ, ունի լսողության տարբեր աստիճանի խանգարումներ, որոնցից 7,3 %-ը (34 միլիոն) երեխաներ են: Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ 1000 նորածնից 1-2-ն ունի լսողության խանգարում:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2008 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, որի նպատակն է վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը հայտանբերել երեխայի մոտ լսողական խամգարումները։

Նրա խոսքով՝  սկրինինգն արդեն իսկ ներդրվել է  Երևանի 15 և մարզերի 34 բուժհաստատությունում: Ըստ նրա՝ սկրինինգի շնորհիվ 2008 թ-ից մինչև օրս հետազոտվել է 158 հազար նորածին, որի արդյունքում հայտնաբերվել է լսողության տարբեր խնդիրներով շուրջ 200 երեխա։

«Բոլոր երեխաները ստացել են բուժում կամ լսողության սարք, ինչպես նաև նրանց նախապատրաստել են կոխլեար իմպլանտացիայի»,- ասաց վարչության պետը։

Նշենք, որ կոխլեար իմպլանտացիայի համար պետությունը միջոցներ չի հատկացնում, 2004 թվականից Հայաստանում ներդրված կոխլեար իմպլանտացիայի ծրագիրն իրականացվում է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի (AIMF) աջակցությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այն հնարավորություն է տալիս բնածին խլությամբ տառապող երեխաներին լսելու և ընկալելու աշխարհի բոլոր ձայները, ինտեգրվելու հասարակության մեջ` որպես նորմալ զարգացող երեխա: Ծրագրի շրջանակներում վիրահատվել է 100-ից ավելի երեխա և մեծահասակ: 

Կարինե Սարիբեկյանն ասաց նաև, որ Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ բոլոր ծննդատներն ապահովվել են նորածինների լսողության հետազոտման բավարար քանակի ախտորոշիչ սարքերով: Այս տարվանից, ըստ նրա, Հայաստանում ծնվող բոլոր երեխաները կընդգրկվեն սկրինինգային ծրագրի մեջ և կունենան շուրջ 100% ծածկույթ:

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 04.03.2019

Ամենաշատ ընթերցվածները