ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հալեպում օծվել է Հայաստանի դրոշը
17:00 05.03.2019

Հալեպում օծվել է Հայաստանի դրոշը

Հալեպում տեղի է ունեցել  մարդասիրական առաքելությամբ Սիրիա ժամանած ՀՀ մասնագետների խմբի կենտրոնակայանում տեղադրված Հայաստանի դրոշի օծման արարողությունը, որին մասնակցել է  Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: Արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ 

ՀՀ մարդասիրական առաքելության անունից արարողության բացման խոսքով հանդես է եկել հումանիտար մասնագետների խմբի անդամ Արկադի Տոնոյանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի բացառիկ արժեքներից է խաղաղասիրությունը և այսօր Հայաստանի մարդասիրական առաքելության ներկայությունը Սիրիայում դրա վառ ապացույցն է:

Իր հերթին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ողջունել է ՀՀ մարդասիրական արաքելության մասնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ վստահություն հայտնելով, որ հումանիտար մասնագետները պատվով և փառքով կկատարեն իրենց վրա դրված վեհ պարտականությունը, այն է՝ աջակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի վերագտնելու խաղաղությունը, մի ժողովրդի, որն ավելի քան հարյուր տարի առաջ իր դռներն ու սրտերը բացեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ եղած տարագիր հայերի առջև: ՀՀ դեսպանը հումանիտար մասնագետների խմբին մաղթել է խաղաղ առաքելություն և ամենայն հաջողություն:             

Այնուհետև Բերյո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը կատարել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման ծիսակարգը:

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 05.03.2019

Ամենաշատ ընթերցվածները