ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խուլերի մայրենին՝ ժեստերի լեզուն
18:00 05.03.2019

Խուլերի մայրենին՝ ժեստերի լեզուն

Մարտի 3-ին նշվեց Ականջի և լսողության պահպանման համաշխարհային օրը։ ԱՀԿ-ի  տվյալներով՝  երկրագնդի բնակիչների 5 %-ից ավելին` 466 միլիոն մարդ, ունի լսողության տարբեր աստիճանի խանգարումներ, որոնցից 7,3 %-ը (34 միլիոն) երեխաներ են: Վիճակագրության համաձայն՝ 1000 նորածնից 1-2-ն ունի լսողության խանգարում:

Պատմական ակնարկ

Ժեստերի լեզուն հարուստ պատմություն ունի: Այն պայ­մա­նա­կան նշան­նե­րի, դի­մա­խա­ղի, ձեռ­քերի շարժ­ման և մատ­նա­խո­սութ­յան հա­մա­կարգ է: Ա­ռան­ձին բա­ռե­րից զատ՝ ժես­տե­րը կա­րող են նաև ամբողջա­կան միտք կամ բա­ռա­կա­պակ­ցութ­յուն ար­տա­հայ­տել: Ժես­տե­րի լեզ­վի մա­սին մեզ հա­սած առա­ջին տե­ղե­կութ­յուն­նե­րը վե­րագր­վում են 17-րդ ­դա­րին: Հա­յե­րեն ժես­տե­րի  լե­զուն  ստեղծ­վել է 1960թ։ Հեղինակը սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանն է: Նա ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը: Հիմնադրման օրից ի վեր հայերեն ժեստերի լեզվի բառարանն անընդհատ թարմացվում է, քանի որ կենդանի լեզու է ու զարգանում, փոփոխություններ է կրում։ Ծրագրի շրջանակում 150 օրինակից վերահրատարակվել է «Խոսող ձեռքեր» ուսումնաօժանդակ ձեռնարկը, ինչպես նաև գիտելիքները հարստացնելու, ժեստերի լեզվով հաղորդակցվելու համար Գոհար Մելիքյանի մատուցմամբ նկարահանվել են տեսադասեր, որոնք հասանելի են կազմակերպության վեբկայքում (kapandeaf.am):

Նոր ծրագիր՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ

2018թ․ մայիսից «Զարգացման նախաձեռնություններ» հկ-ն ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ սկսեց «Սյունիքի մարզի խուլ համայնքի հետ հաղորդակցման բարելավում» ծրագիրը։ Նպատակը մեկն էր․ ուսուցանել ժեստերի լեզուն՝ խուլ ու համր, լսողական խնդիրներ ունեցող երեխաներին տալով լիարժեք հաղորդակցվելու հնարավորություն։

Ծրագիրը իր տեսակի մեջ առաջինն էր Սյունիքում։ Մինչ սկսելը կազմակերպությունը ուսումնասիրել էր իրավիճակը Կապանում ու Քաջարանում, պարզել, որ 2 համայնքում լսողության խնդիրներ ունեցող տարբեր տարիքի մոտ 50 քաղաքացի կա, որ չի տիրապետում ժեստերի լեզվին, իսկ այն խուլերի մայրենին  է համարվում։

Հկ-ի նախագահ Վիկտորյա Աղաբեկյանը, ներկայացնելով ծրագրի ձեռքբերումները, մեկ առ մեկ թվարկում է՝ 10 հատուկ մանկավարժներ վերապատրաստվել և տիրապետում են հայերեն ժեստերի լեզվին, ստացած գիտելիքները կօգտագործեն իրենց աշխատանքի ընթացքում դպրոցներում, որտեղ սովորում են լսողության խնդիրներ ունեցող երեխաներ։ Մանկավարժներից բացի՝ ծրագրի շրջանակում վերապատրաստվել են նաև ԱԻՆ-ի և շտապօգնության աշխատակիցներ։ Քանի որ մարզում չկար ժեստերի լեզվի մասնագետ, սկզբնական փուլում դասընթացը նախապես ընտրված 10 մասնակիցները սկսել են առցանց։ Ժեստերի լեզվի մասնագետ Գոհար Մելիքյանն է պատրաստակամություն հայտնել դասավանդելու։ Նման ձևաչափով ուսուցումը մասնագետի համար առաջին փորձն էր։

Եռամսյա դասընթացից հետո 10-ից ընտրվեց երկու լավագույն մասնագետ, ովքեր շարունակեցին ուսուցանել մյուս խմբերին։ Ինգա Թևանյանը պատմում է, որ խուլերի աշխարհը բացահայտելու հետաքրքրություն տարիներ առաջ է ունեցել։ Հասցրել է յուրացնել ժեստերի լեզվի այբուբենը, մասամբ հմտանալ, ասում է՝ հաջողելու համար պետք է հասկանալ խուլերի հոգեբանությունը։ «Ինձ համար այնքան հոգեհարազատ դարձավ ժեստերի լեզուն, որ ցանկանում եմ առավել խորը ուսումնասիրել, մտածում եմ մասնագիտանալ ու առավել շատ գիտելիքներ ստանալ այս անհավանական հետաքրքիր հաղորդակցման ձևի մասին։

Չլսող երեխաները, ովքեր մինչ դասընթացը միմյանց հետ հաղորդակցվում էին շրթունքների՝ բանավոր խոսքի միջոցով, այժմ արդեն տիրապետում են ժեստերի լեզվին։ Աներևակայելի է թվում, բայց արդեն իրականություն է դարձել, որ երեխաները ժեստերի լեզվով երգում են։ «Սյունիքի մարզի խուլ համայնքի հետ հաղորդակցման բարելավում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը հանդիսատեսը շունչը պահած հետևեց, թե ինչպես երեխաները կատարեցին «Լուսին» հայտնի երգը։  Ի մի բերելով ամիսների աշխատանքը՝ կազմակերպությունը ուրվագծում է առաջիկա անելիքները։ Մտադիր են նաև մարզի մյուս համայնքներում՝ Սիսիանում, Գորիսում, ևս հասանելի դարձնել ժեստերի լեզուն։

Կապանի մշակույթի կենտրոնում անցկացված միջոցառմանը մասնակցում էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ։ Կազմակերպության ղեկավար Վիկտորյա Աղաբեկյանը վկայականներ հանձնեց բոլոր աջակիցներին, ովքեր այս ընթացքում օժանդակել են տարբեր հարցերով և օգնել, որ ծրագիրը իր նպատակին հասնի։

Տեղեկացնենք, որ «Զարգացման նախաձեռնություններ» հկ-ն 2017թ․ Գերմանիայի դեսպանատան օժանդակությամբ հիմնել է նաև Կապանի խուլերի համայնքային կենտրոնը։

Նելլի Միրզախանյան

18:00 05.03.2019

Ամենաշատ ընթերցվածները