ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հա՞ որ, պե՞տք է մեզ մշակույթ
20:00 05.03.2019

Հա՞ որ, պե՞տք է մեզ մշակույթ

Օրերս համացանցում հայտնվեց մշակույթի նախարարության մի վերլուծություն, որը թեժ քննարկումների առիթ տվեց: Այնտեղ խոսվում է կառույցի ենթակայության տակ գտնվող մի շարք ՊՈԱԿ-ների հնարավոր լուծարման մասին, այդ թվում՝ Սոս Սարգսյանի անվան Համազգայինը, Երևանի պետական կամերայինը, Երգի պետական թատրոնները, Կոմիտասի անվան ազգային քառյակն ու 15 այլ ՊՈԱԿ-ներ: Ի՞նչ վերլուծության մասին է խոսքը, և ի՞նչ դիրքորոշում ունեն մշակութային ոլորտի ներկայացուցիչները: Տեղեկացնենք, որ մարտի 4-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը փակ հանդիպում է ունեցել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, որի արդյունքների մասին կներկայացնենք առաջիկայում։ 

Վայն եկել տանում է…

Հրապարակված վերլուծության համաձայն՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գործառույթները կնույնացվեն ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնի գործառույթներին։ Այս փաստը մտահոգեց թատրոնի անձնակազմին: Դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ այս նախարարությունում ինչ-որ բան այն չէ, քանի որ, ինչպես ասում են, թուղթը գաղտնի են հրապարակել, բացի դրանից՝ շեշտել, որ սևագրություն է, ապա լուրեր պտտվեցին, որ մարտի 5-ին հնարավոր է ներկայացվի կառավարություն: Այստեղ մութ կողմեր կան, ինտրիգներ… Իսկ ինչ վերաբերում է օպտիմալացմանը, բեմադրիչն ասում է՝ երևույթն արդարացված է, երբ կառույցներն անգործության են մատնված, որոնց համար հսկայական գումարներ են ներդրվում, սակայն ոչինչ չի արվում, բայց միաժամանակ լուծարել թատրոններ, որոնք հստակ խնդիր են կատարում, պահանջարկ ունեն, առնվազն անհեթեթություն է:

Միայն երկու ամսում երկու առաջնախաղ են ունեցել, և բացի դրանից՝ թատրոնի նոր շենքի շինարարություն է ընթանում։ «Գեղարվեստական ղեկավարի խնդրից պրծանք, հիմա էլ լուծարման հարցն է: Առաջին շարքում մենք ենք հենց, և դա արդեն զարմանալի չէ, այլ՝ ծիծաղելի: Պատճառաբանում են, թե կուսակցական թատրոն ենք, այն էլ՝ դաշնակցական, Նազենի Ղարիբյանն էլ ասում է՝ ուստի թող հենց նրանք էլ մեզ պահեն: Մի՞թե սա պետական գործչի խոսելաձև է, նա իրավունք չունի լինել կառավարությունում, և եթե մեր մյուս ոլորտներում ևս նման կերպ են մտածում՝ վայն եկել մեզ տարել է», - ասաց Դավիթ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ լուծարման պատճառաբանություններից մեկը Նազենի Ղարիբյանի բնորոշմամբ՝ համազգայինի ժանրային առանձնահատկություն չունենալն է. «Այդ կինը երբևէ ներկայացում դիտե՞լ է, կասկածում եմ, եթե պատկերացում ունենար, նման կերպ չէր արտահայտվի: Մենք հրավիրել ենք, բայց չի եկել»: Դերասանի հետ խոսելուց հետո տեղեկացանք, որ Նազենի Ղարիբյանը, փետրվարի 28-ին ընդունելով համազգայինցիների հրավերը, ներկա է գտնվել «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացմանը: Նշենք, որ Համազգային թատրոնը հիմնադրել է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը 1991թ.: 2003-ին ստացել է պետական կարգավիճակ, 2015-ին վերանվանվել է հիմնադրի անունով՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Երկու ընկեր իրար կից, հավերժական լուռ դըրկից, մտորում են ու խորհում, թե ինչ անեն այս դեպքում...

Ըստ աշխատանքային սևագիր տեղեկանքի՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիային» հնարավոր է, որ միանան ժողգործիքների նվագախումբը և երեք այլ նվագախմբեր: Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքով՝ սա որոշների համար ցավոտ, բայց լավ որոշում է: «Կարծում եմ՝ լավ տարբերակ է օպտիմալացումը, քանի որ երաժշտական խմբերը փորձ անելու տեղ չունեն, իսկ այս պարագայում նրանց համար նպաստավոր՝ դրախտային պայմաններ կստեղծվեն: Օրինակ՝ ժողգործիքների անսամբլը՝ Նորայր Դավթյանի գլխավորությամբ, արդեն մոտ երկու ամիս է՝ փորձ չի անում, ձմեռ էր, ցուրտ, միանալով մեզ՝ ոչ միայն հիանալի պայմաններում փորձ կանեն, այլև 87 աշխատող կկազմակերպի ու կծառայի ինչպես իրենց, այնպես էլ մյուս նվագախմբերին: Մի՞թե դա վատ է, իհարկե՝ ոչ»:

Պատկերը, սակայն, ընկերոջ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի պարագայում այլ է: Վերջինիս խոսքով՝ փորձատեղ ունենալու առումով կշահեն, բայց սա այն դեպքն է, որ պահանջում է նուրբ մոտեցում։ «Մեկ ժամ առաջ մանկավարժական համալսարանում տեսա մանկության ընկերոջս՝ պարոն Մանասյանին, հարցրի՝ եթե մենք գնանք իրենց մոտ, արդյո՞ք հնարավորություն կտրվի բեմահարթակում փորձեր անելու, քանի որ փոքր տարածքներում հնարավոր չէ, առնվազն 70 քառ․ մետր տարածք է հարկավոր աշխատելու համար, ընկերս պատասխանեց՝ այո, բայց կասկածում եմ, քանի որ այնտեղ էլ մեծ տարածք չկա, գնացել ուսումնասիրել ենք»: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հավելում է՝ մտավախություն կա, որ հնարավոր է կադրերի կրճատում լինի այս պարագայում:

Թղթաշարժություն. նախարարությունում էքստրիմի սիրահարներ կան

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով՝ համացանցում հայտնվածն ընդամենը աշխատանքային սևագիր, ոչ գաղտնի տեղեկանք է, վերլուծություն, որն իրենք պարբերաբար անում են. «Թղթաշարժություն է եղել նախարարությունում, ինչի հետևանքով այդ հետազոտությունը հայտնվել է վիրտուալ տիրույթում: Նախարարության ենթակայության ներքո կան 70-ից ավելի ՊՈԱԿ-ներ, և դրանց գործունեությունը և արդյունավետությունը հասկանալու, խնդիրները՝ մասշտաբային, ոլորտային, մասնավոր, առանձնացնելու համար կատարել ենք այդ հետազոտությունը, և դրա մեջ արտառոց ոչինչ չկա»: Մամուլում լուրեր պտտվեցին, թե այն ամսի հինգին կներկայացվի կառավարությանը, այս առթիվ Նազենի Ղարիբյանն ասաց՝ ի՞նչ ծրագիր, ի՞նչ կառավարություն... Սա թուղթ է, դեռ ծրագիր չի դարձել, որ ներկայացվի կառավարությանը: Ինչ-որ մեկը ֆեյսբուքում գրել է, և բոլորը դրա հետևից են ընկել: Նպատակ չունի, որ սա վաղը գնա, ընդունվի, և ՊՈԱԿ-ները լուծարվեն: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին հարցրինք նաև Համազգային թատրոնին կուսակցական անվանելու վերաբերյալ, իսկ վերջինս պատասխանեց. «Քավ լիցի, այս ասել եմ, մի լրագրողի հարցի եմ պատասխանել, Համազգայինն ի սկզբանե հիմնադրվել է որպես մասնավոր թատրոն, այն հիմադրել է Սոս Սարգսյանը, և գաղտնիք չէ, որ նա եղել է դաշնակցական: Ես այն բացասական իմաստով չեմ ասել, այլ ներկայացրել եմ որպես իրականություն»:

Վերջաբանի փոխարեն

Այն, որ նախարարությունը փորձում է հասկանալ իր ենթակայության ներքո գտնվող այս կամ այն կառույցի արդյունավետության մակարդակը, միանգամայն հասկանալի է, քանի որ հատկապես վերջին յոթ-ութ տարիներին մշակութային ոլորտում, մասնավորապես` թատրոններում, իշխող է կոմերցիան, ինչն էլ անորակություն է ցանում, բացի դրանից, ներդրված գումարները հաճախ չեն ծառայում իրենց նպատակին, սակայն խնդիրը նախքան լուծելը պարտադիր է ձևակերպել այն. պե՞տք է մեզ մշակույթ, և ինչպիսի՞ն այն պետք է լինի, ապա անցնել օպտիմալացման: Գերխնդիրը դեռ անորոշ՝ հապշտապ գործողություններ են կատարվում, որի արդյունքում կարող է շունը տիրոջը կորցնել:

Անուշ Միրզոյան

20:00 05.03.2019

Ամենաշատ ընթերցվածները