ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան
21:00 05.03.2019

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

Մարտի 5-ին սպարապետ, Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

«… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։
Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»,-գրել է Վազգեն Սարգսյանն ինքն իր մասին։

Մեկ այլ առիթով ներկայացնելով իրեն՝ սպարապետն ասել է. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ  նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:

Նա ստեղծագործում էր, տպագրվում։ Մի առիթով նկատել է. «Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է»:

Ասում են՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի միակ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը:

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով… Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից…»,-ասել է նա։
Քաղաքական գործիչը համարում էր, որ ամեն  ինչի կարելի է հասնել միայն հավատքի ու համախբվածության շնորհիվ։

Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից։

... Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել»:

Այսօր նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներն ու քաղաքացիները նրա հիշատակը կհարգեն Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հրանտ Մաթևոսյանը Վազգեն Սարգսյանին համեմատել է հայոց պատմության ամենաողբերգական վախճանն ունեցած կերպարներից մեկի` Արշակ երկրորդի հետ:

Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց  պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ինխորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին:

Աղբյուր` Panorama.am

21:00 05.03.2019