ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը
16:00 06.03.2019

Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019թ. ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ դրա վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ ԵԱՏՄ-ի ամբողջ գաղափարը միասնական տնտեսական միջավայր ստեղծելն է: Որպեսզի այդ միասնական տնտեսական միջավայրը կայանա, պետք է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր դեր ունեն ապրանքի ինքնարժեքի մեջ, լինեն հավասար ու իրար մոտ: Որովհետև, եթե, օրինակ` մեկ ապրանքի ինքնարժեքը էներգակիրների արժեքների պատճառով Հայաստանում լինի ավելի բարձր, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, ապա այն, ըստ էության, կհարվածի ԵԱՏՄ գաղափարին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս հարցը քննարկվում է ոչ միայն ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ միջկառավարական ու բարձրագույն տնտեսական խորհուրդների նիստերում ու այլ ձևաչափերում:

2019թ. հունվարի 1-ից Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը կազմում է 1000 խմ-ի համար 165 ԱՄՆ դոլար, նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն:

2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սակագնի փոփոխությունը սպառողների վրա ազդեցություն չի ունենա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»
16:00 06.03.2019

Ամենաշատ ընթերցվածները