ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժամանակակից ռեստորանը «օբյեկտ» չէ
14:00 07.03.2019

Ժամանակակից ռեստորանը «օբյեկտ» չէ

Սիրո՞ւմ եք համեղ ուտել, վայելել ձեր ռեստորանային այցը, վերջապես հաճույք ստանալ ուտելիքից, ուրեմն այս հոդվածը ձեզ համար է: Այսօր խոսելու ենք ժամանակակից ռեստորանային մշակույթից, այո՛, հենց մշակույթից և վաղվա օրվա հեռանկարներից, որոնք, ցավոք, Հայաստանում դեռ չեն նշմարվում: Եվ այսպես, Ֆրանսիա՝ Կապանից 10 անգամ քիչ բնակչություն ունեցող հարավարևմտյան Սեղվիյե քաղաք, որտեղ գործում է Le Picabraise ռեստորանը: Մինչ այս հրաշալի ռեստորանի գաղափարախոսությանը անցնելը ասեմ, որ աշխարհում երկու շքեղ խոհանոց կա՝ ֆրանսիականը և չինականը: Այն, ինչ ես տեսա այս ֆրանսիական ռետորանում, իրականում առաջին անգամ հորինել են չինացիները, բայց, ինչպես ասում են, չխառնենք կենացները և ըստ հերթականության ներկայացնենք արդեն այսօր գործող առանց wifi ռեստորանային մտածողության թվայնացված գլուխգործոցը:

Հաճախորդների խնդիրներ

Ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից հաճախորդը ցանկացած ռեստորան այցելելիս:

1․ Ուշ մատուցվող ուտելիք

2․ Սպասարկման որակ

3․ Սննդի որակ

4․ Թանկ սպասարկում քիչ ուտելիքի դիմաց:

Պարզ հայերենով ասած.

  • Մենք մուննաթ ենք գալիս մատուցողի/ուհու վրա, որ ուշ բերեց մեր պատվիրածը (Հայաստանում չկա ժամով ուտելու կամ ժամով սեղան պատվիրելու մշակույթը):
  • Գանգատվում ենք, երբ մեզ հետ բավարար սիրալիր չեն կամ մեծահարուստների բանկետի մակարդակի չեն սպասարկում, անուն ենք կպցնում պատրաստված ուտեստին՝ ասելով՝ վառած է կամ հում է:
  • Վերջապես բողոքում ենք, թե ինչու պետք է թեյավճար թողնենք այսպիսի, մեզ ոչ հարիր սպասարկման համար:

Խոստովանեմ՝ այս խնդիրները համաշխարհային են: Բաաաաաայց, դրանք շատ հեշտ են լուծվում Սեղվիյե բնակավայրում, քանի որ ռեստորանի տերերը կարողանում են տեսնել մի քիչ ավելի հեռու, քան իրենց քիթն է: Հավատացեք, նույնիսկ ամենաքմահաճ և մուննաթով հաճախորդին հնարավոր է կարգի հրավիրել, եթե գործից հասկանում եք:

Ինչպե՞ս չեզոքացնել քմահաճ հաճախորդի խնդիրները

Le Picabraise ռեստորանի տերերը ընդամենը չեզոքացրել են հաճախորդի հետ խնդիր առաջացնող երկու աշխատակիցներին՝ մատուցողին և կերակուր պատրաստողին: Այո՛, այո՛, պատկերացրեք մի ռեստորան, որտեղ չկան կերակուր պատրաստողներ և մատուցողներ: Շեֆ խոհարարը կտրտում է փոքրիկ բաժիններով մսատեսակներ՝ ջայլամի, խոզի, հավի, տավարի և այլն, կտրտում է պանիր ու հաց, խառնում է 20-ից ավելի աղցաններ և վերջ: Դուք ինքներդ եք որոշում՝ ինչ տեսակի միս եք խորովելու և, բնականաբար, անում եք դա հաճույքով՝ չմտածելով, որ դա ձեզնից կխլի, ասենք, 25 րոպե: Ի՞նչ կլիներ, եթե դա պատվիրեիք մատուցողին: 5 րոպե անց բղավելու էիք. «Ախպեր, մեր խորովածը շա՞տ է ուշանալու»: Իսկ այստեղ չկան այն մարդիկ, ում վրա հին ավանդական հայկական մուննաթի դրսևորումները կարելի է իրականացնել: Միսն էլ ես դու ընտրում, շամփուրն էլ, մսի խորովելու չափն էլ: Հետո չես կարող ասել՝ հում էր կամ վառած: Ձեր միակ շփումը լինելու է վերջում դրամարկղի մոտ, երբ դուք վճարելու եք 20 եվրո մեկ անձի համար: Մոռացա, ավելի քան 25 տեսակի դեսերտն ու 4 ձևի պաղպաղակն էլ է մտնում այդ գումարի մեջ:

Մաթեմատիկան ոչ ոք դեռ չի չեղարկել

Հիմա կասեք՝ ո՞նց: Ո՞նց կարելի է երեք շամփուր կենգուրուի միս խորովել, ուտել 5 աղցան, 6 թխվածք ու պաղպաղակ ու վճարել ընդամենը 20 եվրո թանկ ու կրակ Ֆրանսիայում: Հըմ, ձեզ թվում էր, որ խորամանկ հայը կարող էր հասնել ֆրանսիական այս հրաշալի ու էժան ռեստորանը ու չիմանա՞լ այդ ամենը: Խնդրեմ, ամեն ինչ հիմնված է պարզ մաթեմատիկայի վրա, մի մարդ կարող է ուտել մեկ փոր հաց, այսինքն, եթե նույնիսկ երեք օր չեք ճաշել, միևնույն է, մեկ ստամոքսից ավելի չեք կարող ուտել: Այդ ամենի ինքնարժեքը ընդամենը 10 եվրո է, այսինքն՝ մեկին մեկ օգուտ՝ չհաշված, որ սուրճն ու գինին առանձին հավելավճարով է, իսկ իրեն հարգող ֆրանսիացին միշտ պատվիրում է այդ երկու խմիչքը: Ռեստորանը կարիք չունի մատուցողի ու կերակուր պատրաստողի աշխատավարձը ներառել ձեր վերջնական ստացականի մեջ:

Իհարկե, վերջին դերը չի խաղում ֆրանսիացիների ուտելու մշակույթը: Ֆրանսիացին երբեք երեք ամանով ուտելիք չի բերի իր սեղանին, որ հետո էլ մտածի, թե ոնց է ուտելու այդ ամենը: Ֆրանսիացին ուտում է մի քանի կտոր խորոված, հետո, եթե չկշտացավ, մոտենում է մի երկու աղցան վերցնում և միայն դրանից հետո իրեն թույլ տալիս մեկ կամ երկու շատ փոքր աղանդեր: Ֆրանսիայում մարդիկ հստակ ժամերի են ուտում, հաշվում են կալորիաները, սովորաբար չեն չարաշահում ուտելիքը, քանի որ ստիպված են լինելու ավելի շատ վազել կամ հեծանիվ քշել: Ահա այս ամենը հաշվի առնելով՝ Le Picabraise ռեստորանը պարզ ու հստակ մաթեմատիկական հաշվարկի հաշվին ստեղծել է նվազագույն ծախսերով, հաճախորդին առավելագույնը հարմար ուտելու տարբերակ, որը էժան է, որակով, ոչ կոնֆլիկտամուննաթային: Մեծ հաշվով հաճախորդին անվճար աշխատեցնում են խոհարարի և մատուցողի փոխարեն, ու ինքը դեռ դրա համար շնորհակալ է լինում:

Խայտառակված հայի մտքեր

Ես, իհարկե, «բարձր» եմ պահել հայի պատիվը և մանր-մունր սնվելու արվեստը մերժել եմ առաջին իսկ օրվանից: Մի քանի շիշ տարբեր մսերից խորոված էի դնում, այդ ընթացքում մի քանի ամանով աղցան ու քացրավենիք էի հավաքում, մինչ միսը կխորովի: Իհարկե, այդ ամենը ուտում էի, քանի որ շաաաատ համով էր: Վերջին օրը մտքովս անցավ ֆրանսիացիների ուտելու ձևաչափի և մեր՝ հայերիս վատ ապրելակերպի միջև անցնող կարմիր թելը: Միգուցե մենք վատ ենք ապրում հենց այն պատճառով, որ փուլ առ փուլ չենք մոտենում թե՛ ուտելիքին, թե՛ գործերին: Ստամոքսը հիմար օրգան է: Մասնագետները խորհուրդ են տալիս դանդաղ ուտել, քանի որ կուշտ լինելու ազդանշանը ուղեղին ուշ է հասնում, և հենց այդ պատճառով է պետք դադարներով սնունդ ընդունել, որպեսզի չուտել ավելին, քան իսկապես օրգանիզմին պետք է: Դադար տալու արվեստը կյանքի արվեստ է, այն անհրաժեշտ է ուտելիս, խմելիս, աշխատելիս, քաղաքականության մեջ, ամենուր: Ֆրանսիացիները լավ են ապրում հենց այս դադար տալու արվեստին տիրապետելու շնորհիվ, իսկ մենք, մենք գիտե՞ք ոնց ենք: Փող ունեմ, էլի եմ ուզում, իշխանություն ունեմ, թող մյուսները զգան դա, տուն ունեմ, մի հատ էլ հետ գցեմ: Այդպես էլ չսովորեցինք մի պահ դադար տալ ու վերջապես սովորել վայելել մեր ունեցածը:

Արման Սուլեյմանյան

14:00 07.03.2019

Ամենաշատ ընթերցվածները